«Իրականում շատ կարեւոր էր այս գործընթացը սկսել միասնական տոմսային համակարգի անցնելուց մի փոքր ավելի շուտ, որպեսզի բացահայտվեին հնարավոր խոչընդոտները, որոնք կարող են առաջանալ, եւ փաստի առաջ չկանգնենք հունվարի 1-ին: Ընդհանուր առմամբ, այսօրվա արձանագրված խնդիրները մեզ համար ուղղակի ուղղություններ են՝ աշխատանքի շտկումներ իրականացնելու համար»,- մի քանի լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մենք գրանցել ենք, որ շատ դեպքերում տեղի են ունեցել չվճարումներ, բազմաթիվ նման դեպքեր կան, երբ արձանագրում ենք, որ մարդիկ չեն վճարել, եւ այստեղ էլ որոշակի միջոցներ ու մեթոդներ կիրառելու ենք: Բոլոր այս ծրագրերը, մասնավորապես՝ միասնական տոմսային համակարգի ներդրումը իրականացվում է, որպեսզի Երեւան քաղաքում ունենանք որակյալ քաղաքային տրանսպորտ եւ երբեւէ հետ չգնանք այն տրամաբանությանը, ինչ ունեցել ենք 90-ականներին, 2000-ականներին, 2010-ականներին, մինչեւ նույնիսկ 2020-ականների սկիզբը…
Միանշանակ դժվարություններն այս ճանապարհին լինելու են, մենք հաղթահարելու ենք, եւ ես հուսով եմ, որ հունվարի 1-ին ունենալու ենք արդեն ամբողջական լիարժեք աշխատող միասնական տոմսային համակարգ»,-հավելեց Ավինյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ շուտով հնարավորություն կլինի տրանսպորտի համար վճարել բանկային քարտերով: «Նաեւ շուտով կթողարկվեն տրանսպորտային քարտեր, որոնք հաջորդիվ դառնալու են անվանական, որովհետեւ ունենալու ենք տարբեր խմբեր, որոնք օգտվելու են զեղչային համակարգից»,-ընդգծեց Տիգրան Ավինյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ