Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր կոնսերվատորիան այսօր մեծ անելիք ունի ոչ միայն Սպենդիարյանի, այլ մեծանուն հայերի գրական ժառանգության պահպանման գործում»

Նոյեմբեր 01,2024 16:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, նշվում է հայ սիմֆոնիկ դասական երաժշտության հիմնադիր, մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 153-ամյակը:

Յուրացնելով ժողովրդական երաժշտության օրինաչափությունները, դաստիարակվելով եվրոպական եւ, մասնավորապես, ռուսական դասական երաժշտության ավանդույթներով՝ Ա.Սպենդիարյանն ընդարձակեց ազգային երաժշտության ժանրային շրջանակները, դրեց հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմքը, հարստացրեց կամերային երաժշտությունը եւ ստեղծեց առաջին դասական «Ալմաստ» օպերան:

Կոմպոզիտորը Հայաստան եկավ 1924 թվականին՝ հայրենիքում նախաձեռնելով երաժշտական ու մշակութային կյանքի զարգացման լայնածավալ աշխատանքներ։ Նրա ջանքերով ստեղծվեց Երեւանի պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբն ու բացվեց նվագախմբային դասարանը։

Հայկական մշակույթի զարգացման մեջ ունեցած մեծ ավանդի համար Ա. Սպենդիարյանին 1926 թվականին շնորհվեց Ժողովրդական արտիստի կոչում։ Նա առաջին երաժիշտն էր, որն արժանացավ այդ բարձր պարգեւին։

Ի հիշատակ Ա. Սպենդիարյանի՝ Օպերային թատրոնի, կոմպոզիտորի տուն-թանգարանի եւ իր անունը կրող երաժշտական դպրոցի աշխատակիցներն այսօր կեսօրին հարգանքի տուրք են մատուցել եւ ծաղիկներ խոնարհել կոմպոզիտորի շիրիմին:

Վերը շարադրվածը կարդում ենք Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պաշտոնական էջում։

Մեզ հետ զրույցում երաժշտագետ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը Սպենդիարյանի մասին իր խոսքը սկսեց Կոմիտասից, ինչը ներկայացնում ենք առանց խմբագրման․ «Տեսեք, Կոմիտասի տերը Երեւանում Կոմիտասի թանգարան-ինստիտուտն է։ Երբ ասում ենք Արամ Խաչատրյան կամ Ալեքսանդր Սպենդիարյան, իրենք էլ «տեր» ունեն՝ ի դեմս իրենց տուն-թանգարանների։ Բայց երբ խոսում ենք Ռոմանոս Մելիքյանից, իր փաստացի «տերը» չկա․ քոլեջը կամ այդ կարգավիճակն ունեցող որեւէ հաստատություն չի կարող «տեր» լինել։ Բայց սա, ինչպես ասում են, ուրիշ օպերա է: Ի դեպ, Մելիքյանն ու Սպենդիարյանը ապրել են միեւնույն սենյակում, առավոտյան միասին թեյ են խմել, միասին ստեղծագործել, հեղինակել «Կարմիր բանակայինների երգեր» ժողովածուն։ Բայց սա էլ կարծես ուրիշ օպերա դուրս եկավ:

Վերադառնալով Սպենդիարյանին, եթե ուզում եք այն ընդունեք հորդոր՝ մեր կոնսերվատորիան այսօր մեծ անելիք ունի ոչ միայն Սպենդիարյանի, այլև մեծանուն հայերի գրական ժառանգության պահպանման գործում․ առաջին հերթին անհրաժեշտ է կրթել օրինակ՝ սպենդիարյանագետների, թեև այն արվեստագետներն, ովքեր զբաղվում են հայ երաժշտությամբ, արդեն ինքնին սպենդիարյանագետ են»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930