Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետները ենթադրում են, որ Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են շրջանակային պայմանագրի ուղղությամբ

Նոյեմբեր 01,2024 16:23

ԱՊՐԻ Արմենիայի և գերմանական Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ապագան» համատեղ հետազոտության արդյունքների ներկայացման ժամանակ հիմնական բանախոս, ԱՊՐԻ Արմենիայի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանն անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան հակամարտությանը։ 

Տասնամյակներ շարունակ Ադրբեջանի նպատակը եղել է Լեռնային Ղարաբաղի գրավումը։ Այդ նպատակի իրագործումից հետո, ո՞րն է Ադրբեջանի ազգային նպատակն այժմ։ Հետազոտությունն իրականացրած փորձագետներն այս հարցին են փորձել պատասխանել։

Կարծում են, որ Ադրբեջանն՝ իրեն համարելով Կենտրոնական Ասիայի շարունակությունը, նպատակ է հռչակել թյուրքական աշխարհի հզորացումը որպես մեկ միավոր։ Սա նրանք փաստում են կենտրոնասիական չորս թյուրքական պետությունների հետ Ադրբեջանի ակտիվացած շփումներով և բարձրաստիճան հաճախակի փոխայցելություններով։ Հենց այս համատեքստում է Բաքուն առաջ մղում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» օրակարգը։

Բաքվում կոնկրետ քայլերով առաջ են տանում նաև «Արևմտյան Ադրբեջան» թեզը։ Վերջերս այս համայնքին սպասարկող հեռուստաընկերություն ստեղծվեց, նշեց Պողոսյանը։

Ինչ վերաբերում է Երևանի և Բաքվի միջև բանակցություններին, Բենիամին Պողոսյանն ասաց, որ թվում էր, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության ավարտից հետո խոչընդոտ չի լինի խաղաղության պայմանագրի ստորագրման համար, սակայն փաստաթուղթ այդպես էլ չստորագրվեց։

Հույս կար, որ կողմերը խաղաղության ուղղությամբ որևէ փաստաթուղթ կստորագրեն մինչև Բաքվում կայանալիք COP 29-ը, սակայն այդ բեկումն այլևս չի ակնկալվում։

Փորձագետները ենթադրում են, որ Հայաստանն ու Ադրբեջանն այժմ աշխատում են ընդհանուր սկզբունքներ հաստատող շրջանակային պայմանագրի ուղղությամբ, այլ ոչ կոնկրետ դրույթներ պարունակող համաձայնության։ Որպես փաստարկ բերվում է տարածաշրջանային կապուղիների հարցը խաղաղության պայմանագրում չներառելու երկկողմ որոշումը։

Հայ փորձագետների դիտարկմամբ՝ ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու ադրբեջանական իշխանությունների պահանջն ընդամենը պատրվակ է Բաքվի համար, որպեսզի ձգձգի պայմանագրի ստորագրումը՝ հնարավոր դարձնելով ռազմական հետագա էսկալացիան կամ ուժով «Զանգեզուրի միջանցքի» տիրացումը։

Հետազոտությանը մասնակցած ադրբեջանցի փորձագետներն էլ պարտադիր են համարում Հայաստանի Մայր օրենքի փոփոխությունը, որպեսզի Հայաստանի ապագա իշխանությունները չփորձեն վերականգնել 2020-2023 թթ․ կորցրածը։ Հարևան երկրում մտահոգ են, որ Սահմանադրությունը չփոփոխելու դեպքում Սահմանադրական դատարանը կամ Ազգային Ժողովը կարող են չվավերացնել խաղաղության պայմանագիրը՝ դրա հակասահմանադրական լինելու պատրվակով։

Այս համատեքստում «Օրբելի» վերլուծական կենտրոնի ավագ հետազոտող Ջոնի Մելիքյանն ընդգծեց արտաքին զարգացումների՝ տարբեր հակամարտությունների և ընտրությունների ազդեցությունը հարավկովկասյան տարածաշրջանի վրա։

Հետազոտությունն ամփոփում է՝ տեսանելի ապագայում Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն ապրել «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում՝ ռազմական էսկալացիայի հնարավորության մշտական առկայությամբ։ Ջոնի Մելիքյանի խոսքով՝ առնվազն 5-6 ամիս իրավիճակը այդպիսին կմնա։

Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական անկախ վերլուծական կենտրոն ԱՊՐԻ Արմենիայի և գերմանական Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի համատեղ միջոցառումը, որի ընթացքում ներկայացվել են երկու վերլուծական կենտրոնների իրականացրած «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ապագան» թեմայով հետազոտության արդյունքները։ Հետազոտությունն իրականացվել է հայ, վրացի և ադրբեջանցի մի շարք փորձագետների ներգրավվմամբ։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930