Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիր ենք դրել զարգացնել խոհարարական կրթությունը. Արաքսիա Սվաջյան

Նոյեմբեր 01,2024 16:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿն Տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ Մեգերյան կարպետում կազմակերպել է համաժողով՝ նվիրված Ազգային խոհանոցի զարգացման ռազմավարությանը: Համաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը:

Համաժողովի ընթացքում պետական, մասնավոր կառույցների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, ոլորտային դերակատարներին և փորձագետներին ներկայացվել են Ազգային խոհանոցի զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունները: Այնուհետև տեղի են ունեցել պանելային քննարկումներ, կայացել են Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի «Ազգային խոհանոց» գրքերի շնորհանդեսները:

Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ խոհարարությունն ամենահասանելի և հանրային ոլորտներից է՝ միտված ազգային ավանդույթների պահպանմանն ու հանրահռչակմանը: Անդրադառնալով ազգային խոհանոցին կրթության տեսանկյունից՝ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է նման նախաձեռնությունների կարևորությունը, որոնք կրթության որակի վրա  էական ազդեցություն են ունենում:

«Մեր ուսումնական հաստատություններում բազմաթիվ երիտասարդներ սովորում են խոհարարություն, որն ամենապահանջված մասնագիտություններից է քոլեջներում և ուսումնարաններում: Մենք լուրջ խնդիր ենք դրել մեր առջև զարգացնել խոհարարական կրթությունը նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, և դրա վառ ապացույցն այս տարի առաջին անգամ ՄԿՈՒ հաստատություններում մասնագիտական վերապատրաստումների և ատեստավորման հնարավորության ներդրումն է, որը հնարավորություն է տալու կրկնակի և ավելի աշխատավարձի բարձրացում ունենալ դասավանդողների համար: Ատեստավորման համար այս տարվա մեր ընտրած 4 ուղղություններից մեկը հենց խոհարարությունն է: Շատ ուրախ եմ և շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին նաև այս գործընթացում մասնակցության համար, որովհետև առանց գործնական ոլորտում աշխատող մասնագետների՝ մասնագիտական կրթության որակն անհնար է փոխել:

Բոլորին հայտնի է, որ վերջերս ընդունվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքը, որի շրջանակում բազմաթիվ անելիքներ ունենք, մասնավորապես՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման զարգացման մեխանիզմների ներդրման ուղղությամբ: Այդ համատեքստում խոհարարությունն ամենակարևոր մասնագիտություններից է, որը հենց տեղում գործնական հմտություններ ձևավորելու  հնարավորություններ է ընձեռում մեր ուսանողներին և տալու է հնարավորություն ավելի պատրաստված մտնել աշխատաշուկա»,- նշել է Արաքսիա Սվաջյանը և կրկին կարևորել այն մեծածավալ աշխատանքը, որն իրականացվել է Ազգային խոհանոցի զարգացման ռազմավարության և 4 մարզերի «Ազգային խոհանոց» գրքերի ստեղծման ուղղությամբ:

Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ նախարարությունում տեղի է ունեցել քննարկում, որտեղ արծարծվել է ազգային ուտեստների, դրանց պատրաստման ծրագրերի ներառվածության հարցը խոհարարական կրթության ծրագրերում և նախանշվել հարցի հնարավոր լուծման ուղիները:

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև ազգային խոհանոցին՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության մաս և տեղեկացրել, որ այս ուղղությամբ ևս նախարարությունն իր ծրագրերի միջոցով բավական աշխատանքներ է իրականացրել, որոնք կրում են շարունակական բնույթ:

Նշենք, որ Ազգային խոհանոցի զարգացման 5-ամյա ռազմավարությունն առաջին փաստաթուղթն է ՀՀ-ում, որում հստակ նշված են ազգային խոհանոցի պահպանման, զարգացման և հանրահռչակման կարևորությունն ու դրանց հասնելու քայլերը: Ռազմավարության նպատակն է նպաստել հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, ներգնա զբոսաշրջության կայուն զարգացմանը, հանրային առողջության ապահովմանը, հայկական ազգային կերակրատեսակների հանրայնացմանը, ՀՀ բնաշխարհին հատուկ էնդեմիկ բուսատեսակների և պտղատեսակների պահպանությանը, հանրահռչակմանը և այլնին:

Փաստաթղթում ներկայացված են ոլորտի խնդիրները, մարտահրավերները և դրանց լուծման ուղիները: Հնգամյա ծրագրով  ակնկալվում է ոլորտի զարգացումը ռազմավարական ուղղություններով:

Համաժողովի շրջանակում ներկայացվել են «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի հեղինակած «Սյունիքի խոհանոց», «Վայոց ձորի խոհանոց», «Տավուշի խոհանոց», «Լոռվա խոհանոց» հայերեն-անգլերեն գրքերը, որոնք հնարավորություն են տալիս նորովի բացահայտել հայկական խոհանոցը, ընդգծել դրա բազմազանությունը, տարածաշրջանային յուրահատկությունները և ազգային ժառանգության պահպանման կարևորությունը։

Բաղադրատոմսերի հավաքչությունը կատարվել է Սեդրակ Մամուլյանի գլխավորությամբ։ Գրքերի տպագրությունն իրականացվել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ), իսկ Սյունիքի գիրքը՝ RECONOMY-ի «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրերի շրջանակում։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930