Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավային Կովկասը էսկալացիայի և մրցակցության վա՞յր, թե՞ քաղաքական և տնտեսական կամուրջ․ հետազոտություն

Նոյեմբեր 01,2024 15:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական անկախ վերլուծական կենտրոն ԱՊՐԻ Արմենիայի և գերմանական Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի համատեղ միջոցառումը, որի ընթացքում ներկայացվեցին երկու վերլուծական կենտրոնների իրականացրած «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ապագան» թեմայով հետազոտության արդյունքները։ Հետազոտությունն իրականացվել է հայ, վրացի և ադրբեջանցի մի շարք փորձագետների ներգրավվմամբ։ Արդյունքները ներկայացրեց ԱՊՐԻ Արմենիայի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը։

Ըստ 2024 թվականի հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածում կատարված հետազոտության՝ փորձագետները երկու սցենար են տեսնում Հարավային Կովկասի ապագայի համար։

Առաջին սցենարով՝ Հարավային Կովկասը կշարունակի մեծ և միջին տերությունների միջև էսկալացիայի և մրցակցության վայր մնալ՝ անհնար դարձնելով կայունության, բարեկեցության և զարգացման հեռանկարները։ Փորձագետների կանխատեսմամբ՝ իրավիճակն այսպիսին կլինի առնվազն մինչև 2030 թվականը։

Երկրորդ սցենարով էլ՝ հարավկովկասյան երեք հանրապետությունները Հարավային Կովկաս աշխարհագրական տարածաշրջանը կվերափոխեն աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական տարածաշրջանի։ Եթե այս սցենարը կյանքի կոչվի, հետազոտողները կանխատեսում են, որ Հարավային Կովկասը կդառնա ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական կամուրջ՝ դառնալով աշխարհի տարբեր հատվածները միավորող կետ և հարթակ։

Հետազոտության մեջ նշվում է, որ պետք է խուսափենք առաջին սցենարից, բայց երկրորդ սցենարն էլ առաջիկա 10 տարիների համար անիրատեսական է, ուստիև փորձագետները երկու սցենարների «միջին» տարբերակն են իրականանալի որակում՝ կոչելով այն «հիմնագծային սցենար»։

Ըստ այս սցենարի՝ Հարավային Կովկասը ներդաշնակ տարածաշրջան չէ, սակայն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։ Այս քայլերն իրենց մեջ կարող են ներառել պետական ծառայողների, օրինակ՝ գերատեսչությունների ղեկավարների միջև համագործակցությունը երեք երկրներին հուզող հարցերը՝ կլիմայի փոփոխությունը, ջրային ռեսուրսների կառավարումը, շրջակա միջավայրի դեգրադացիան, հասցեագրելու համար։

Տարածաշրջանային հարաբերություններում վստահության ամրապնդման համար փորձագետները նաև կարևորում են երեք երկրների ակադեմիական և փորձագիտական շրջանակների համագործակցությունը, ինչպես նաև հնարավոր համարում համալսարանական փոխգործակցությունը և Հայաստանից, Վրաստանից կամ Ադրբեջանից մյուս երկու երկրների բուհերում առցանց սովորելու հնարավորությունների ստեղծումը։

Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտն (ԱՊՐԻ Արմենիա) անկախ վերլուծական կենտրոն և աքսելերատոր է, որը միտված է Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունությանը, կայուն բարգավաճմանը և քաղաքացիական ներգրավվածությանը։ Այն հիմնադրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ)՝ ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող գլոբալ բարեգործական կազմակերպության կողմից։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930