Արդեն մի քանի օր է՝ թիրախային բռնաճնշումներ են իրականացվում ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող երիտասարդների նկատմամբ: Այդ բռնաճնշումները նույն եղանակով են իրականացվում, շինծու մեղադրանքներ՝ ապօրինի զենք պահելու մասով:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հոկտեմբերի 31-ին ապօրինի զենք կրելու ու պահելու կասկածանքով ձերբակալված «Սրբազան շարժման» 9 մասնակիցներից մեկը՝ Հովհաննես Ավետիսյանը:
Ձերբակալման 72 ժամվա ընթացքում, ինչպես փաստեց Ավետիսյանը, ՄԻՊ գրասենյակից ոչ մեկի չեն տեսել:
«Մենք եկել ենք այստեղ ՄԻՊ-ին հիշեցնելու, որ ՄԻՊ գրասենյակը անկախ գրասենյակ է, անկախ՝ իշխանության բոլոր մարմիններից: Չի ենթարկվում կառավարությանն ու հատկապես Նիկոլ Փաշինյանին: Ուզում էինք հիշեցնել, որ ինքը ծառայում է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ ՀՀ-ին եւ օժտված է իրավունքով պաշտպանելու բռնաճնշումների ենթարկվող կամ իրավունքները ոտնահարված բոլոր քաղաքացիներին: Մեր համոզմունքն է՝ Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավասությունները մարդու իրավունքների պաշտպանը չի իրականացնում: Մենք նրա գործառույթներում տեսնում ենք ծառայություն կառավարությանը: Տպավորություն է, որ նա հաշվետու է վարչապետին ու գործում է նրա թելադրանքի ներքո»,- ՄԻՊ գրասենյակի դիմաց ասաց Հովհաննես Ավետիսյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, իրենք չեն տեսել ՄԻՊ-ի աշխատանքը, եթե գրասենյակը լավ աշխատեր, առնվազն գրասենյակից աշխատակիցներ կներկայանային ձերբակալվածների պահման վայր՝ հանդիպելու ապօրինի ձերբակալված անձանց. «Կգային պահման վայրին կծանոթանային, իսկ պահման վայրը ոչ պատշաճ վիճակի էր: Քաղաքացիների դժգոհությունը կլսեին, կիմանային՝ ինչու են ձերբակալել: Այդ ամենը տեղի չի ունեցել: Ես կարծում եմ՝ ՄԻՊ-ը կամ լավ չի պատկերացնում իր պարտականությունները, կամ չի ուզում պատկերացնել, որ Սահմանադրությամբ իրեն օժտված է լիազորությունների շրջանակ ու ինքը հաշվետու չէ ոչ մեկի»
Ավետիսյանը պատմեց, որ հանրային վայրում մեքենայի մեջ զրուցելիս են եղել ընկերներով, երբ իրենց ձերբակալել են, հետո ներկայացրել են մեղադրանք ապօրինի զենքի կրում ու պահպանում հոդվածով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ