Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս էին ՔՊ-ում ինքնաքննադատում․ Հրաչյա Հակոբյանը բովանդակային մանրամասների մեջ չմտավ

Նոյեմբեր 01,2024 14:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Բովանդակային դաշտ չեմ մտնելու, մանրամասներ չեմ հաղորդելու, որովհետեւ էթիկապես ճիշտ չեմ համարում։ Ներթիմային հարցեր են քննարկվում, չեմ կարող ասել, չեմ ուզում ասել, այդ հարցերը պարբերաբար քննարկում ենք»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով երեկ ՔՊ վարչության նիստին, որտեղ, ըստ մամուլի հրապարակումների՝ նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին պաշտոնանկ անելու հարցն է քննարկվել։ Հարցը նախաձեռնել են ՔՊ-ական մի քանի պատգամավորներ, որոնց թվում նաեւ Հրաչյա Հակոբյանի անունն է շրջանառվում։ Նիկոլ Փաշինյանն էլ երեկ երեկոյան տեսանյութ էր հրապարակել՝ «ՔՊ-ում ինքնաքննադատության օր էր» վերնագրով։

Հրաչ Հակոբյանն ասաց, որ երեկվա քննադատությունների արդյունքներով պաշտոնանկությունների մասին որոշումներ չեն կայացվել․ «Ժանրը եղել է ինքնաքննադատություն եւ մենք խոսել ենք ներթիմային հարցերի մասին։ Ինձնից սկսած՝ բոլորի հանդեպ քննադատություններ հնչեցվել են»։

Հարցին՝ Անդրանիկ Քոչարյանից դժգոհություն կա՞, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց, որ իրենից սկսած՝ շատերի հետ կապված դժգոհություն կա, բայց ինքը մամուլից է իմացել, թե դժգոհ է Անդրանիկ Քոչարյանի գործունեությունից եւ գործընթաց է նախաձեռնել նրա պաշտոնանկության հարցով։

Ի դեպ, Հրաչյա Հակոբյանը հերքեց մամուլի այն հրապարակումները, թե արդարադատության նախարարի պաշտոնում ինքն առաջադրել է Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։ Վերջինիս թեկնածությունն առհասարակ առաջադրվե՞լ է, թե՞ ոչ, նա ասաց՝ լավ չի հիշում կամ չի առաջադրվել, կամ՝ վերջին պահին է առաջադրվել, ու նա միանգամից ինքնաբացարկ է հայտնել։ Խուսափելու համար հարցերից՝ Անդրանիկ Քոչարյանի աշխատանքից դժգո՞հ է, նա հայտարարեց, որ Սիսակ Գաբրիելյանի աշխատանքից է ինքը դժգոհ․ «Իմ ընկերն է, իրավունք ունե՞մ դժգոհելու»։

Մեկ այլ հարցի ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը սաստե՞լ է իրենց՝ ներկուսակցական ներքին խարդավանքների համար, Հրաչյա Հակոբյանը կրկնեց՝ բովանդակային ոչինչ չի ասելու։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին եւ՞ս քննադատություններ եղել են, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․ «Փաշինյանն իր խոսքում քննադատել է ինքն իրեն»։

Լրագրողների տարբեր հարցերին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն իրեն քննադատո՞ւմ էր, որ երկիրն այս ծանր վիճակին է հասցրել՝ թե անվտանգային, թե սոցիալական առումներով, Հրաչյա Հակոբյանը հայտարարեց, որ ինքնաքննադատություն է եղել բոլոր, այդ թվում նաեւ կոռուպցիոն հարցերին վերաբերվող, բայց բովանդակային ոչինչ չի ասելու։ Թե ի՞նչ դրսեւորում էր ունենում կոռուպցիոն հարցերով ինքնաքննադատությունը, ՔՊ-ական պատգամավորն ասաց․ «Վեր էին կենում, գնում ամբիոնի մոտ ելույթ ունենում, գալիս՝ նստում»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930