Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրել», «Պատմության ողբերգական անցքեր» արտահայտությունները միանգամայն տեղավորվում են թուրք-ադրբեջանական խոսույթի տրամաբանության մեջ. ՀայաՔվե

Նոյեմբեր 01,2024 13:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչախումբն անարգում է Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակը

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունը չլինելու մասին Արարատ Միրզոյանի հայտարարությունը պետական մակարդակով անարգանք է Ցեղասպանության միլիոնավոր նահատակների հիշատակին։ Այն ուղղակիորեն ոտնահարում է Հայաստանի Հանրապետության հիմնադրի՝ հայ ժողովրդի հավաքական կամքն ու պատգամը Հայաստանի բոլոր իշխանություններին՝ միջազգայնորեն ճանաչելու և դատապարտելու 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, ինչը տեղ է գտել Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթղթում՝ Անկախության հռչակագրում։

«Պատմության ողբերգական անցքեր», «Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրել» արտահայտությունները միանգամայն տեղավորվում են թուրքական կամ ադրբեջանական պաշտոնական խոսույթի տրամաբանության մեջ, որոնցով անթույլատրելիորեն նսեմացվում է Հայոց ցեղասպանության նշանակությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, և հարցականի տակ է դրվում աշխարհի չորս տասնյակ երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների ցանկից հանելն էապես նվազեցնում է Հայաստանի Հանրապետության անվտանգության և միջազգային դերակատարման մակարդակը։ Մենք խոր ցավ ու ափսոսանք ենք հայտնում, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ որպես պետական ինստիտուտ, որը պարտավոր է առաջնորդվել ազգային-պետական շահերով, անարձագանք է թողնում քաղաքական խմբի կամ առաջնորդի սխալ պատկերացումների հիման վրա ձևակերպվող նման քաղաքական դիրքորոշումը։

Մենք հասկանում ենք, որ Հայաստանը ներկայումս միջազգային բարդ իրադրության մեջ է, ինչը, սակայն, չի նշանակում, որ կարելի է հրաժարվել ազգային կենսական շահերից։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման նպատակը դրա կրկնությունը թույլ չտալն է, իսկ ճանաչումից ու դատապարտումից պետականորեն հրաժարումը նոր ոճիրների առաջ դուռ կարող է բացել։

2023 թ․ մենք իրագործեցինք «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը՝ քրեականացնելու Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն ու Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելը։ Հայաստանի Հանրապետության գործող վարչախումբը նշված երկու հանցագործությունն էլ իրականացնում է։ Մենք հետևողական ենք լինելու ինչպես այս հանցագործություններն իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու, այնպես էլ հայ ժողովրդի հավաքական իղձերը, մասնավորապես Արցախի ինքնորոշումն ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը կենսագործելու գործերում։ Այդ նպատակով առաջին հերթին պետք է հասնենք գործող հակապետական ու հակազգային վարչախմբի հեռացմանը։

«ՀայաՔվե» նախաձեռնության խորհուրդ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930