Լրահոս
Օրվա լրահոսը

«Այց դիլերներին». Բաքու մեկնելը թե՛ «ժամանակի վատնում» է, թե՛ ոճրագործի արդարացում. «Ազգ»

Նոյեմբեր 01,2024 10:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմաստ չունի ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին մասնակցել», Ադրբեջան չմեկնելու որոշման մասին հայտարարել է Պապուա Նոր Գվինեայի արտգործնախարար Ջասթին Տկաչենկոն՝ «Ժամանակի վատնում» որակելով COP 29-ը, երեկ հոկտեմբերի 31-ին ծանուցում է «Դոյչլանդֆունկը»: Նախորդ երեք տարիներին ձեռքբերում չի եղել, հիմնավորել է 462 840 քառակուսի կիլոմետր տարածք, 70 լեզվով եւ բարբառով խոսող 6 մլն բնակչություն ունեցող տնտեսապես աղքատ, կլիմայական փոփոխությունների վտանգների նկատմամբ խոցելի երկրի արտգործնախարարը:

Մարդիկ 29-րդ տարին անընդմեջ հույս են կապում, որ կլիմայական գագաթնաժողովը կօգնի փրկել աշխարհը՝ նախեւառաջ հեռանալով նավթի ու գազի արտահանումից: Ինչպե՞ս մերձենալ այդ նպատակի ֆինանսավորմանը, երբ որոշումը կայացվելու է նավթուգազ արդյունահանող Ադրբեջանում, որ 10 օրից երկու շաբաթով՝ նոյեմբերի 11-24-ը ՄԱԿ-ի Կլիմայական գագաթնաժողովը հյուրընկալող երկիրն է: Հնարավո՞ր է լավ արդյունք գրանցել, երբ այդ երկիրը հարստանում է նավթի, գազի արտահանման միջոցով, այն հումքի, որի այրումը նպաստում է ջերմաստիճանի բարձրացմանը, գրում է գերմանական «Ցայթը» հոկտեմբերի 29-ին՝ դիպուկ վերնագրելով հոդվածը՝ «Այց դիլերներին»:

«Ինչպես մեկ տարի առաջ՝ COP 28-ին, այնպես էլ 2024-ին ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովի այս տարվա նախագահ Մուխթար Բաբաեւը նավթարդյունաբերության պաշտոնյա է: Կհաջողի՞ Բաբաեւը հավասարակշռել շրջակա միջավայրի պաշտպանությունն ու Բաքվի իշխողների նպատակները: Կհաղթահարի՞ նա այդ շպագատը», հոկտեմբերի 28-ին հարցնում է «Միջազգային քաղաքականություն» հանդեսի մեկնաբան Շթյոբերը՝ առավելաբար անդրադառնալով Բաբաեւի անցած ուղուն, եւ ծանուցում, որ սույն պաշտոնյային Ալիեւը վստահել է 5 անգամ գլխավորել Ադրբեջանի պատվիրակությունը ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթնաժողովներին: Երբ միջազգային էներգետիկ ընկերությունների հետ «դարի գործարքի» շնորհիվ նավթի արտահանումը դարձավ Կասպից ծովում գտնվող երկրի եկամտի հիմնական աղբյուրը, SOCAR-ում պաշտոնավարող Բաբաեւի պաշտոնը բարձրացավ:

«Ադրբեջանը կոչ է անում գլոբալ զինադադար հաստատել համաժողովի ընթացքում, ինչը չափազանց հավակնոտ է՝ հաշվի առնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը եւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը: Բացի այդ, շաբաթներ շարունակ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցություններում առաջընթաց չկա, թեեւ Հայաստանի կառավարությունը հորդորում է ստորագրել առնվազն այն սկզբունքները, որոնք արդեն համաձայնեցված են, մինչդեռ Ալիեւն անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին», գրում է Շթյոբերը «Միջազգային քաղաքականություն» հանդեսում եւ հաղորդում, որ ադրբեջանցի գիտնական, խաղաղության ակտիվիստ Բահրուզ Սամադովին վերջերս կալանավորել են դավաճանության մեղադրանքով: Պատճառը, ի թիվս այլոց, հայաստանցի խաղաղասերների հետ շփումներն են նաեւ:

Մինչ նոյեմբերի 11-ը քանի՞ երկիր Օվկիանիայի Պապուա Նոր Գվինեայի նման կհրաժարվի մասնակցել Բաքվի գագաթնաժողովին կամ՝ ավելի ստույգ՝ ոճրագործի արդարացմանը, դեռ կտեսնենք:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930