Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզի ապտակը ՀՀ ռազմավարական դաշնակցին

Նոյեմբեր 01,2024 12:00

Եթե Ադրբեջանի նախագահի կողմից հրապարակային դժգոհություններ են հնչում Վաշինգտոնից, Փարիզից, Բրյուսելից, պարզ է, չէ՞, թե հետնաբեմային քննարկումներում ինչ տոնայնությամբ եւ ինչ բառամթերքով խոսակցություններ կարող են ծավալվել:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյիին «Հետքը» օրերս հարց է ուղղել, թե տեւական ժամանակ է, ինչ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպում են միայն ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ, կարո՞ղ ենք եզրակացնել, որ բրյուսելյան բանակցային ձեւաչափը ձախողվել է։

«Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ քննարկում է տեղի ունեցել Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, որը կազմակերպվել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի նախաձեռնությամբ: Դա չի նշանակում, որ ԵՄ միջնորդությունը դադարել է: ԵՄ-ն դեռեւս իր ծառայություններն է առաջարկում երկու կողմերին: Իմ տեղեկությամբ՝ Հայաստանը չի մերժել ԵՄ առաջարկը: Եվ, իհարկե, եթե հայացք նետենք բանակցություններին եւ դրանց արդյունքներին, ամենակարեւոր եւ արդյունավետ քայլերն իրականացվել են ԵՄ միջնորդության շնորհիվ, հատկապես, երբ կողմերը հանդիպեցին Պրահայում 2022թ. հոկտեմբերին՝ ԵՄ-ի եւ նախագահ Մակրոնի հետ միասին, որտեղ կողմերը վերահաստատեցին իրենց հավատարմությունը Ալմա-Աթայի հռչակագրին, որն առանցքային է արդար եւ կայուն խաղաղության հաստատման համար», պատասխանել է դեսպանը:

Նրա համոզմամբ` խաղաղության համաձայնագիրը ստորագրելու անհրաժեշտությունը հրատապ է. «Հայաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել ստորագրել այն, ինչը արդեն համաձայնեցված է՝ որպես համաձայնագրի հիմք, հետագայում քննարկումներ կարող են տեղի ունենալ չլուծված հարցերի շուրջ: Ադրբեջանն ունի հատուկ պատասխանատվություն, հատկապես, որ իբրեւ COP 29-ի (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը-խմբ.) կազմակերպիչ իր վրա է սեւեռում միջազգային ուշադրությունը, ինչը նրանց համար հատուկ միջազգային պարտավորություններ է առաջացնում։ Այս փուլում նրանց հիմնական պատասխանատվությունն է՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել»։ Օլիվիե Դեկոտինյին ընդգծել է. «Մեր դիրքորոշումը հստակ է. խաղաղության համաձայնագրի պայմաններն առկա են, եւ այն պետք է կնքվի հնարավորինս շուտ: Դա նշանակում է՝ COP 29-ից առաջ»։

Օլիվիե Դեկոտինյին ուշագրավ դիտարկում է արել անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանը մշտապես հայտարարում է, թե Հայաստանը կրակ է բացել իր դիրքերի ուղղությամբ, չնայած ԵՄ դիտորդական առաքելությունը նշում է, որ սահմանային լարվածության մասին հաղորդագրություններն իրականությանը չեն համապատասխանում, ԵՄ-ն նախատեսո՞ւմ է ընդլայնել այս առաքելությունը։ «Ես շատ զարմացած եմ Ադրբեջանի, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի կողմից Եվրոպական առաքելության նկատմամբ քննադատությունից: Բավականին ուշագրավ է, որ մենք նույն բառերն ենք լսում ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Ադրբեջանից, կարելի է ենթադրել, թե դա ռուսերենից է թարգմանված ադրբեջաներեն, կամ ադրբեջաներենից՝ ռուսերեն: Բայց եթե դիտարկենք փաստերը, Եվրոպական առաքելությունը նպաստել է շփման գծում ռազմական միջադեպերի քանակի նվազմանը: Ես խոսում եմ իրական միջադեպերի մասին, ոչ թե կեղծ լուրերի: Շփման գծի մոտ գտնվող հայկական գյուղերի բնակիչները, որոնք ենթարկվում են կրակոցների վտանգին եւ անգամ հակամարտության վերսկսման վտանգին, ողջունում են առաքելության ներկայությունը: Ես միացել եմ ԵՄ առաքելության պարեկներին եւ հանդիպել տեղացիներին: Նրանց համար Եվրոպական առաքելությունը ապահովության նշան է եւ վկայում է, որ աշխարհը նրանց չի մոռացել: Ահա թե ինչու Ֆրանսիան, իր ԵՄ գործընկերների հետ միասին, պնդեց առաքելության ընդլայնման վրա, ինչն արդեն տեղի է ունենում։ Առաքելության անձնակազմը գրեթե կրկնապատկվում է, եւ դրա հնարավորությունները մեծացվում են: Դա եղել է տարածաշրջանում կայունության ապահովման ամենակարեւոր ներդրումներից մեկը», նշել է ֆրանսիացի դիվանագետը:

Հարցին, թե քանի՞ հոգի է ընդգրկվելու առաքելության մեջ ընդհանուր առմամբ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը մեկ այլ հետաքրքրական պատասխան է տվել. «Ծրագրվում է մոտավորապես կրկնապատկել առաքելության ներկայությունը, ինչը նշանակում է մի քանի հարյուր մարդ: Նրանք չափազանց արդյունավետ են: Եթե հայացք գցենք վերջին տարիներին, google-ով «զինված» մի քանի տասնյակ եվրոպացի դիտորդներ՝ նրանք քաղաքացիական անձինք են, զինված չեն, այս տարածաշրջանի կայունության համար ավելին են արել, քան Լեռնային Ղարաբաղում ռուսական զորախումբը»: Դա նշանակո՞ւմ է, որ ԵՄ-ն չի հեռացնելու իր առաքելությունը սահմանից Բաքվի եւ Մոսկվայի պահանջով, Օլիվիե Դեկոտինյին պատասխանել է. «Առաքելության մանդատը որոշվում է Բրյուսելում»:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի գնահատականները հստակ պատասխան են Մոսկվայի ու Բաքվի միասնական ու շարունակական դիրքորոշումներին ու մեկնաբանություններին: Մեկ անգամ չէ, որ առիթ ենք ունեցել արձանագրելու, որ ՌԴ ԱԳՆ-ից Հայաստանի ուղղությամբ հնչած քննադատական հայտարարությունների բովանդակությունից ու տոնայնությունից տպավորություն է ստեղծվում, թե դրանք ՌԴ ԱԳՆ-ի Ադրբեջանի հարցերով բաժնում են մշակվել:

Հիմա Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը նույն գնահատականով է հանդես եկել: Իրականում սա Փարիզի ապտակն է ոչ միայն պաշտոնական Բաքվին, որի համար սուտն ու կեղծիքը տասնամյակներ շարունակ պետական քաղաքականություն են եղել, այլ` Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին ու նրա իշխանություններին:

Նրանք բավական չէ, տապալեցին Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության աշխատանքը, իրենց անգործությամբ էլ նպաստեցին Արցախի հայաթափմանը: Այսքանից հետո, դեռ Հայաստանին պարբերաբար ուղղվում են տարատեսակ պահանջներ, քննադատություններ:

Իսկ այն, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն արձանագրել է ԵՄ առաքելության գործունեության արդյունավետությունը, լրացուցիչ առիթ է, որպեսզի Հայաստանի իշխանություններն ականջալուր լինեն այս ազդակներին, եւ ոչ մի դեպքում չհամաձայնեն Ադրբեջանի պահանջներին ու քմահաճություններին այդ առաքելության աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ: Միայն այն փաստը, որ պաշտոնական Բաքուն սեւեռված է այս առաքելության գործունեության դադարեցմանը ՀՀ ինքնիշխան տարածքում, դա արդեն բավարար հիմք է, որպեսզի պարզ լինի, թե Բաքուն ինչ պլաններ կարող է ունենալ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Հայաստանի իշխանությունը, հետեւաբար, ի դեմս ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, ունի աջակցություն, որից անհրաժեշտ է լիովին օգտվել` ի շահ Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականության պաշտպանության: Ու քանի դեռ Ռուսաստանը դիրքավորվել է Ադրբեջանի շահերի պաշտպանության դաշտում, Հայաստանը չպետք է թույլ տա, որպեսզի Բաքվի ու Մոսկվայի պահանջները` հրաժարվելու Վաշինգտոնի, Փարիզի, Բրյուսելի միջնորդությունից, կյանքի կոչվեն:

Հայաստանին ամեն կողմից փորձում են գցել ծուղակը, հետեւաբար պետք է զգոն լինել:

«Ղարաբաղի 30-ամյա օկուպացիայի ավարտով» Հարավային Կովկասում մշտական խաղաղության եզակի հնարավորություն է ստեղծվել։ Հիմա այստեղ խաղաղության քամիներ են փչում։ Ցանկանում ենք, որ լավ լուր ստացվի, քանի դեռ հնարավորություն չի տրվել նրանց, ովքեր փորձում են խոչընդոտել գործընթացը։ Մենք կշարունակենք համակարգված աշխատել մեր ադրբեջանցի եղբայրների հետ»,- օրերս նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Անկարան ուշադիր հետեւում է խաղաղության հասնելու Բաքվի եւ Երեւանի ջանքերին, կառավարության նիստում հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Ո՞ւմ նկատի ունի Էրդողանը, երբ նշում է, թե ինչ-որ մեկը փորձում է սաբոտաժի ենթարկել գործընթացը:

Որքան էլ ՀՀ իշխանությունները հույսեր փայփայեն, թե Հայաստան-Ադրբեջան խնդիրներն անջատ են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացից, դա այդպես չէ Անկարայի համար: Եթե այդպես լիներ` 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Անկարան որեւէ քայլ իրագործած կլիներ, որպեսզի Հայաստանի իշխանություններին ազդակ ուղարկեր այն մասին, որ պատրաստ է հարաբերությունների կարգավորման:

Հայաստանի խաղաղության օրակարգն, իրականում, չի խոչընդոտում, որպեսզի Հայաստանի իշխանությունները միջազգային հիմնական դերակատարների շնորհիվ Հայաստանի համար նպաստավոր որոշումների կայացման հասնեն: Այս առումով, մթնոլորտը Հայաստանի համար առայժմ բարենպաստ է:

Ադրբեջանի Միլլի մեջլիսը երկու շաբաթ առաջ գործադիր իշխանությունից պահանջում էր հրաժարվել Վաշինգտոնի հետ կապերից, խզել Բաքվին տասնամյակներով հսկայական եկամուտներ ապահոված համագործակցությունը։ Ադրբեջանի Միլի մեջլիսի 43 պատգամավորները նամակ էին հղել Բայրամովին՝ կոչ անելով խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը եւ դադարեցնել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ ծրագրերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, ամերիկացի օրենսդիրները Պետքարտուղարությանը կոչ էին արել պատժամիջոցներ սահմանել բռնապետական ռեժիմ ունեցող Ադրբեջանի դեմ, եւ այս անգամ պաշտոնական Բաքվի արձագանքն աննախադեպ էր։ Ալիեւն անգամ պնդեց, թե 60 կոնգրեսականների նամակի հեղինակն անձամբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է. «Երբ նայեցի այդ փաստաթղթին, կռահեցի, որ դրա հեղինակն ու հասցեատերը միեւնույն մարդն է՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարը»:

Անգամ ԱՄՆ նախագահի խորհրդականներից Ջոն Պոդեստան փորձեց Բաքվում փարատել Ալիեւի կասկածները՝ հավաստիացնելով, թե պատժամիջոցներ պահանջող նամակն ամերիկացի օրենսդիրներն ինքնուրույն են գրել՝ առանց գործադիր իշխանության ցուցումի։ Բայց սա Ադրբեջանի իշխանություններին կարծես չհամոզեց:

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչի համոզմամբ՝ կորցնողը կլինի Բաքուն, հետեւաբար՝ Ադրբեջանում տեղի ունեցող իրավախախտումներին պետք է արձագանք լինի: «Բաքուն միշտ սովորություն է ունեցել կատարվածի համար մեղադրել արտաքին թշնամուն՝ փորձում է շեղել ուշադրությունը մարդու իրավունքներից եւ հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններից՝ ստեղծելով արտաքին թշնամու կերպար։ Ադրբեջանի համար կարեւոր էր պայքարել մաքսանենգության եւ ահաբեկչության դեմ։ Այս հարցում օգնություն չունենալու դեպքում կտուժեն։ Ադրբեջանը ցանկանում է զարգացնել հարաբերություններն էներգետիկայի ոլորտում, կանաչ էներգետիկայի նախագծերը Եվրոպայի հետ, հետեւաբար՝ շատ դժվար կլինի մերժել ԱՄՆ-ի օգնությունը», – ընդգծել էր վերջերս Կոզլարիչը:

30-ամյա համագործակցության ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանում ամերիկյան ներդրումների ծավալը կազմել է 14 միլիարդ դոլար, այդ երկրում գրանցված է 300 ամերիկյան ընկերություն։ Միայն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ը, որի գործունեությունը եւս ադրբեջանցի պատգամավորները կոչ են անում արգելել, Ադրբեջանում շուրջ 430 միլիոն դոլարի ներդրում է կատարել։

Վաշինգտոնի հետ համաձայնագրերը խզելու նամակի համահեղինակ, պատգամավոր Ջեյհուն Մամեդովն «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում օրեր առաջ նախազգուշացրել է, եթե Վաշինգտոնում մտադիր չեն հաշվի նստել Բաքվի դիրքորոշումների հետ, ուրեմն համագործակցության մասին փաստաթղթերն ավելորդ են: Մամեդովն ասել էր, թե Բաքվում հատկապես սրտնեղած են այն փաստից, որ ԱՄՆ-ից Ադրբեջանին քննադատում են մի փուլում, երբ երկիրը պատրաստվում է հեղինակավոր խոշոր միջազգային միջոցառում հյուրընկալել՝ COP29-ը։ «Եթե ԱՄՆ-ը չի ցանկանում լսել մեր իրավացի ձայնը, եթե ցանկանում է շարունակել նման աջակցությունը Հայաստանին, տարբեր պատժամիջոցներ կիրառել, տարբեր լսումներ անցկացնել Կոնգրեսում Ադրբեջանի դեմ, ապա ի՞նչ համագործակցության մասին կարող է խոսք լինել այստեղ։ Ադրբեջանն, իհարկե, պետք է իրավացիորեն արտահայտեր իր առարկությունը այդ ամենի վերաբերյալ», – ասել էր ադրբեջանցի պատգամավորը:

Հատկանշական էր, որ Բաքվից այս աննախադեպ դժգոհությունը հնչեց Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի՝ Ադրբեջան այցից հետո: Նարիշկինի այցից հետո նախագահ Ալիեւը, ժամանելով Ռուսաստան, ռուս լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում անդրադառնալով պատժամիջոցների հարցին՝ ԱՄՆ իշխանություններին անշնորհակալ անվանեց եւ պնդեց, թե դա դեռ ամենակոշտ բառը չէ, որը կարելի է կիրառել։ «Արեւմուտքի պատժամիջոցային քաղաքականությունն իրավունք չունի գոյություն ունենալ, հատկապես, երբ այդ պատժամիջոցներն անօրինական են եւ կիրառվում են բոլորովին անհիմն եւ ընտրողաբար: Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած պատժամիջոցների: Պատժամիջոցները մեր նկատմամբ կիրառվեցին 1992 թվականին այն անհեթեթ մեղադրանքով, որ մենք շրջափակում ենք Հայաստանը այն ժամանակ, երբ մեր տարածքները գտնվում էին հայկական օկուպացիայի տակ», – ասել էր Իլհամ Ալիեւը Պավել Զարուբինի հետ զրույցում։ Նրա խոսքով, այդ պատժամիջոցները չեղարկվեցին 2001 թվականին, երբ ԱՄՆ-ին անհրաժեշտ էր բեռները տեղափոխել Աֆղանստան՝ Ադրբեջանի տարածքով։ «Եվ Միացյալ Նահանգների նախագահն, անկախ կուսակցական պատկանելությունից, չեղյալ հայտարարեց այդ պատժամիջոցները մինչեւ այն պահը, երբ ԱՄՆ-ը փախավ Աֆղանստանից։ Սրանից հետո մեր նկատմամբ կրկին պատժամիջոցներ կիրառվեցին: Երբ ես նրանց մեղադրեցի անշնորհակալության մեջ, կարծում եմ, որ սա ամենակոշտ բառը չէ, որը կարելի է օգտագործել այս համատեքստում»,- նշել էր Ալիեւը։

Եթե Ադրբեջանի նախագահի կողմից նմանօրինակ հրապարակային դժգոհություններ են հնչում Վաշինգտոնից, Փարիզից, Բրյուսելից, պարզ է, չէ՞, թե դիվանագիտական խողովակներով հետնաբեմային քննարկումներում ինչ տոնայնությամբ եւ ինչ բառամթերքով խոսակցություններ կարող են ծավալվել…

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 31.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930