Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնիշխանություն, հակառուսականություն. հոմանիշնե՞ր

Նոյեմբեր 01,2024 13:00

«Ինքնիշխանություն» եզրույթը Հայաստանի իշխանությունների եւ «արեւմտամետ» քաղաքական ուժերի խոսույթում ամենահաճախ հանդիպողներից է:

Թե՛ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությանը, թե՛ Հայաստանի՝ Եվրոպական Միության անդամակցության ջատագով հանդիսացող քաղաքական գործիչներին աջակցող հասարակ քաղաքացիները խոսում են Հայաստանի ինքնիշխանության հզորացման մասին՝ դա հիմնականում կապելով Ռուսաստանից Հայաստանի կախվածության նվազեցմամբ կամ վերացմամբ: Ի թիվս այլ հարցերի՝ կախվածության նվազեցումը կամ վերացումն իր մեջ ներառում է, օրինակ՝ ՀԱՊԿ-ը լքելը կամ ռուսական ռազմաբազայի դուրսբերումը մեր երկրից:

Պարադոքսալ ինքնիշխանություն

Սակայն հետաքրքիր է, որ այս նույն «արեւմտամետ» դիրքորոշմամբ եւ «օրուգիշեր ՀՀ ինքնիշխանության համար պայքարող» ուժերին աջակցող քաղաքացիները հաճախ այնպիսի մտքեր են արտահայտում, որոնք «ինքնիշխանություն» հասկացության մեջ չեն տեղավորվում: Ներկայացնեմ սեփական շփումներում ինձ հանդիպած «արեւմտամետ» քաղաքացիների հնչեցրած նման մի քանի միտք.

1/ «Պատկերացնո՞ւմ ես, ի՜նչ լավ կապրեինք, եթե Ֆրանսիայի կամ Ամերիկայի կազմի մեջ լինեինք»:

Նույն անձը, սակայն, քննադատում է ռուսներին, ասում, որ Մոսկվան չի թողել եւ չի թողնում մեզ անկախ, ինքնիշխան պետություն լինել, զարգանալ: Իսկ Ֆրանսիայի կամ Միացյալ Նահանգների, կամ որեւէ այլ պետության կազմում մենք կարո՞ղ ենք զարգանալ որպես անկախ, ինքնիշխան պետություն: Դա պարադոքս է: Եթե դու այլ երկրի կազմում ես, ապա ինքնիշխան եւ անկախ չես:

2/ «Ուր էր, թե Ֆրանսիան կամ Ամերիկան զորք մտցնեին Հայաստան»:

Մտքի հեղինակը՝ անդրադառնալով Հայաստանից ռուսական ռազմաբազան հեռացնելու թեմային, շեշտում էր, որ քանի դեռ օտար (ռուսական) զորք կա Հայաստանում, Հայաստանն ինքնիշխան չի կարող լինել: Այսինքն, ի՞նչ է ստացվում, ռուսական զորքն օտար է, իսկ ֆրանսիական կամ ամերիկյան զորքերն օտար չե՞ն: Բնականաբար, եթե մեր երկրի պետական շահը թելադրում է այլ երկրի զորքերի, ասենք՝ Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի, տեղակայումը, ապա կարելի է դա իրականացնել երկկողմ ընթացակարգերով հաստատված համաձայնությամբ, բայց օտար զորքը մնում է օտար զորք:

3/ Արմեն Գրիգորյանը ճիշտ է: Պետք եղավ, ցորենից կանցնենք բրնձին, մենակ թե ռուսներից պրծնենք:

Համատեքստի համար նշենք, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Երեւանում հոկտեմբերի 12-ին կայացած «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է. «Ռազմավարական ապրանքները կարող են փոխվել, պետք է ավելի ճկուն լինենք, որպեսզի ուրիշներին թույլ չտանք թիրախավորել մեր ռազմավարական ապրանքները եւ շատ հարմարվողական լինենք այդ իրականությանը։ Մեկ պարզ օրինակ բերեմ միայն. մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի. ցորենը կարող է ռազմավարական ապրանք լինել, բայց ինչ-որ պահի մենք կարող ենք անցնել բրնձի եւ փոխել մեր հարմարվողականությունը եւ ունենալ բրինձը որպես ռազմավարական ապրանք»:

Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2023 թվականին ցորենի հայաստանյան ինքնաբավության մակարդակը կազմել է 27,9%:

Իսկ ի՞նչ է բրնձի ինքնաբավության մակարդակը մեր երկրում: 0%, քանի որ Հայաստանի Հանրապետությունում բրնձի արտադրություն չկա։ Այն ամբողջությամբ ստացվում է արտերկրից:

Ո՞ր պարագայում է ավելի շատ հարցականի տակ դրվում ՀՀ-ի ինքնիշխանությունը: Ռազմավարական նշանակություն ունեցող ցորենի՞, որի ավելի քան քառորդ մաս մենք ինքներս ենք արտադրում, թե՞ բրնձի, որի ռազմավարական դառնալու դեպքում, փաստորեն, ամբողջովին արտասահմանից ենք ներմուծելու:

Առանց արժեք արեւմտամետություն

Ամփոփելով, ակներեւ է, որ ինքնիշխանության մասին բարձրագոչ ճառեր ասող գործիչների եւ քաղաքացիների համար ինքնիշխանությունը միայն հակառուսականություն է, այլ ոչ հնարավորին չափ նվազ կախվածություններով երկիրը։

Ընդ որում, այդ արեւմտամետ քաղաքական գործիչների կողմնակիցները եւ քարոզչության հետեւորդներն այնպես չէ, թե հավատում են եւ նվիրված են արեւմտյան, ազատական գաղափարախոսությանն ու արժեքներին՝ մարդու իրավունքներին, մարդու ազատ կամարտահայտությանը, ժողովրդավարությանը, եւ այլն: Այսօր հայաստանյան «ինքնիշխանականներն» ու «արեւմտամետներն» աչքի են ընկնում միայն իրենց հակառուսականությամբ, որն էլ քարոզչության պտուղ է։

Ինքնիշխան արբանյակ

Արեւմտյան աշխարհաքաղաքական դիրքորշում ունեցող քաղաքական ուժերի՝ ՀՀ ինքնիշխանությանն ու եվրոպական ապագային միտված քարոզչությունն իրականում փոխարինում է Խորհրդային Միությունից նստվածք մնացած ռուսական «արբանյակ» լինելու հոգեբանությունը արեւմտյան «արբանյակ» լինելու հոգեբանությամբ:

Այս հոդվածում անդրադարձանք արեւմտամետությանը, քանի որ այսօր այն ավելի արդիական է, քան ռուսամետությունը։ Սակայն, նույնը կարելի է ասել ռուսամետության մասին։ Ինչպես ռուսամետներն, այնպես էլ արեւմտամետները (այդ բառի ժամանակակից, աղավաղված իմաստով) առաջնորդվում են «արբանյակային» մտածելակերպով: Ասել կուզի՝ գիտակցելով կամ չգիտակցելով՝ ռուսամետները Հայաստանը դիտարկում են Ռուսաստանի արբանյակ, արեւմտամետներն էլ՝ Արեւմուտքի։ Իսկ արբանյակն ինքնիշխան չէ, որ երկրի արբանյակն էլ նա լինի։

Խեղաթյուրված ինքնիշխանություն

Որեւէ գերտերության հետ թշնամանալու դեպքում, Հայաստանի կախվածությունը հակառակ բեւեռի գերտերություններից արդյո՞ք չի ավելանա՝ նվազեցնելով մեր ինքնիշխանության աստիճանը։

Եթե այսօր «ինքնիշխանություն»-ը եւ «հակառուսականություն»-ը հոմանիշներ են, ապա միանշանակ Հայաստանում «ինքնիշխանություն» եզրույթն ամբողջովին խեղաթյուրված իմաստ է կրում։

 Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Լուսանկարում՝ ՀՀ անդամակցությունը ՄԱԿ-ին. 1992թ. մարտի 2

«Առավոտ» օրաթերթ
31.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930