Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսակցության ժամանակ իրավիճակն այնքան է լարվել, որ Ալեն Սիմոնյանի անվտանգության աշխատակիցները բռնել են լրագրողի ձեռքերը. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 01,2024 09:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ՝ կեսօրից հետո, ԱԺ-ի «Հայաստան» խմբակցության սենյակների հատվածում` դեպի ճաշարան տանող միջանցքում, աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել MediaHub.am կայքի լրագրող Վահե Մակարյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ: Վահե Մակարյանը Ալեն Սիմոնյանին մոտեցել է հարցազրույցի խնդրանքով, սակայն խոսակցությունը ցանկալի հունով չի գնացել, իրավիճակը լարվել է, զրույցը վերածվել է վիճաբանության, հնչել են փոխադարձ հայհոյանքներ, որոնք լսվել են ողջ խորհրդարանում: Իրավիճակն այնքան է թեժացել, որ թիկնազորով շրջող ԱԺ նախագահի անվտանգության աշխատակիցները, «ավանդույթի համաձայն», բռնել են լրագրող Վահե Մակարյանի ձեռքերը, հավանաբար, որպեսզի Սիմոնյանը հարվածի կամ թքի նրա վրա: Բայց, բարեբախտաբար, այս անգամ Ալեն Սիմոնյանը չի թքել, եւ նույնիսկ չի հարվածել, այլ միայն բղավել է, հայհոյել:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Վահե Մակարյանի հետ` պարզելու, թե ինչ է կատարվել: Նա հաստատեց, որ իր եւ Ալեն Սիմոնյանի միջեւ երեկ միջադեպ է տեղի ունեցել, պատմեց, որ, իսկապես, տեղեկությունները ճիշտ են, եւ որ իրենց խոսակցության ժամանակ իրավիճակն այնքան է լարվել, որ Սիմոնյանի անվտանգության աշխատակիցները բռնել են լրագրողի ձեռքերը. «Միջադեպ, այո, եղել է, որը, կարծում եմ, հարթվել է: Չգիտեմ՝ որտեղից է տարածվել տեղեկությունը. հավանաբար Սիմոնյանի բղավոցներն են լսվել: Չգիտեմ՝ հարվածելո՞ւ նպատակով ձեռքերս բռնեցին, թե՞ սովորության համաձայն՝ այլ գործողություն էր Ալեն Սիմոնյանն ուզում անել, բայց մի պահ եղավ՝ նա փորձեց հարձակվել ինձ վրա, նրա թիկնապահներն էլ բռնեցին ձեռքերս, բայց Սիմոնյանը խոհեմություն ցուցաբերեց, ու հետեւանքների մասին մտածելով՝ այլ քայլերի չդիմեց. այդքանով ավարտվեց», – պատմեց Վահե Մակարյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց նաեւ ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանի հետ՝ պահանջելով ԱԺ նախագահի անունից տալ պարզաբանումներ: Սակայն խոսնակն ասաց` գրավո՛ր ուղարկեք հարցը:

Ուղարկեցինք. «Հարգելի՛ պարոն Սիմոնյան, մեր տեղեկություններով՝ այսօր խորհրդարանի միջանցքներում միջադեպ է տեղի ունեցել MediaHub.am-ի լրագրող Վահե Մակարյանի եւ Ձեր միջեւ։

Միջադեպի ժամանակ Դուք բարձրաձայն հայհոյանքներ եք հնչեցրել լրագրողի հասցեին, որոնք լսվել են խորհրդարանի ողջ միջանցքում։

Իրավիճակն այնքան է թեժացել, որ Ձեր անվտանգության աշխատակիցները բռնել են լրագրողի ձեռքերը, որպեսզի հարվածներ հասցնեք նրան, սակայն այս անգամ չեք թքել եւ չեք հարվածել՝ ավարտելով ամեն ինչ հայհոյանքներով եւ ԱԺ միջանցքում փողոցային բառապաշար գործածելով՝ լսելի բոլորի, այդ թվում՝ նաեւ միջանցքներում գտնվող կանանց համար:

Խնդրում ենք ներկայացնել պարզաբանումներ.

. ի՞նչ միջադեպ է եղել

. ինչո՞ւ եք հայհոյել լրագրողին

. ինչո՞ւ է Ձեր թիկնազորը բռնել լրագրողի ձեռքերը՝ հարկադրաբար

. չե՞ք զղջում արդյոք կատարվածի համար՝ որպես երկրի օրենսդիր մարմնի ղեկավար

Մինչեւ ուշ գիշեր, սակայն, չստացանք այս հարցերի պատասխանները»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930