Լրահոս
Օրվա լրահոսը

«Համոզված եմ, որ սրանք բռնապետին բնորոշ վախեր են: Բռնապետերը միշտ են վախենում ցանկացած տիպի գործողություններից». Ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված ինը քաղաքացիների բողոքի ակցիայի մասնակից

Հոկտեմբեր 31,2024 23:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Անունս Արտյոմ է: Այսօր ես այստեղ եմ, որովհետեւ իմ ընկերները ապօրինաբար ձերբակալվել են: Ուզում եմ ասել, որ եթե իշխանություններին թվում է՝ նման ստոր քայլերով կարող են որեւէ մեկին վախեցնել, ապա չարաչար սխալվում են: Ընդհակառակը, սա մեզ ցույց է տալիս, որ այս տղաները ճիշտ բանով են զբաղված եւ ճիշտ ճանապարհին են, քանի որ այլապես անհնար է, որ որեւէ մեկին ապօրինաբար, առանց որեւէ իրավական հիմքի ձերբակալեն, եթե ոչ այն պատճառով, որ նրանք խոչընդոտ են իշխանությունների ապօրինի, հակահայ գործունեությանը: Նրանք իմ ընկերներն են: Ու բոլորը գիտեն, որ ներկայացված մեղադրանքը ոչ մի կապ չունի իրականության հետ, խուզարկությունը ոչ մի արդյունք չի տվել, բայց նրանք շարունակում են ապօրինաբար անազատության մեջ մնալ: Եթե մենք հաշտ մնանք սրա հետ,  հետագայում անպատժելիությունը եւ ամենաթողությունը կարող է հասցնել նրան, որ յուրաքանչյուր արդար մարդ ընդամենը ճշմարիտ լինելու համար կարող է հայտնվել այս տղաների տեղը»,-լրատվամիջոցներին ասաց Էրեբունու ՁՊՎ-ի դիմաց ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված ինը քաղաքացիների բողոքի ակցիայի մասնակից երիտասարդներից մեկը:

Նրա համոզմամբ. «Բոլորս պետք է այսպիսի ապօրինությունների դեմ մեր դիրքորոշումներն արտահայտենք, չթողնենք, որ անպատժելի վիճակում մնան: Եթե իրենք հայտարարում, ներկայացնում են, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, մենք պետք է ապացուցենք, որ սա ժողովրդավարության ամենամեծ ու ամենահսկայական ոտնահարումն է, որովհետեւ ժողովրդավարական երկրում չի կարելի, որ ոստիկանությունը լինի իշխանությունների գործիքը քաղաքական պատվերներ կատարելու համար»:

«Սրբազան շարժման» համակիրներից Անի Բասենցյանը նշեց. «Այսօր հավաքվել ենք Սրբազան պայքարի մի շարք աջակիցներով, քանի որ նաեւ մեր պայքարի ընկերներն են այստեղ: Մոտավորաապես երկու օր առաջ սկզբից չորս երիտասարդների էին ձերբակալել՝ երկու աղջիկ եւ երկու տղա: Ապօրինի էին ձերբակալել՝ կասկածելով, որ մոտները ապօրինի զենք կա: Խոսքը 18 տարեկան դպրոցական աղջիկների եւ մեր պայքարի տղաների մասին է: Մի բան, որ ընդհանրապես չի կարող լինել նրանց մոտ: Մենք հասկանում ենք, որ մեր երկրում բռնապետություն է եւ խոսքի ազատություն ընդհանրապես չկա: Երեկ գիշեր եւս երեք հոգու ձերբակալել են:

Այսօր հավաքվել ենք այստեղ: Փորձում ենք մեր աջակցությունը ցույց տալ մեր ընկերներին: Օրենքն այնպիսին է, որ երեք ժամ հետո պետք է նրանց բաց թողնեին: 18 տարեկան աղջիկներին բաց էին թողել լուսադեմին ժամը 06:00-ին, իսկ տղաների վրա 72 ժամ կալանք են դրել, որի իրավունքը ընդհանրապես չունեն»:

Անիի համոզմամբ ՝սա ուղղված է առավել քան Սրբազան պայքարի դեմ: «Այսօր Սրբազան պայքարի առաջնորդը բոլոր համակիրներով հանդերձ իր գաղափարները, դիրքորոշումներն է ներկայացնում ընդդեմ այս իշխանության, պայքարում արժեքների վերականգնման համար, որն ամբողջովին բացակայում է այս իշխանությունների մոտ: Մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք օրեցօր փորձում ջնջել, մաքրել դրանք»,-ասաց նա:

Մեկ այլ երիտասարդ, որը նույնպես Էրեբունու ՁՊՎ-ի առջեւ էր, իր ընկերներին ձերբակալելու որեւէ օրինական պատճառ չի տեսնում: «Դպրոցահասակ աղջիկների անօրինական զենքի կասկածանքով ձերբակալել, կամ Հարություն Ավետիսյանին, որը Հարվարդի համալսարանն է ավարտել եւ պետական կառույցներում մեծ փորձ ունի, չեմ կարծում, թե լուրջ է այդ ամեն ինչը: Կարծում եմ, սա բարոյական հետապնդում է եւ չեմ կարծում, որ այս ամենից հետո մենք պետք է լռենք ու մեր ձայնը լսելի չդարձնենք»:

Ակցիայի մասնակից երիտասարդ աղջկա համար զարմանալի չէր, որ մինչեւ երեկո, իրենց բողոքի ակցիայի պահը, ՄԻՊ-ը որեւէ հայտարարություն չի արել, քաղաքացիական հասարակությունից էլ, կարծես, որեւէ արձագանք չկա: «Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում այս վարչախումբը իրականացնում է կամայական գործողություններ առանց որեւէ իրավական հիմքի: Ինձ համար շատ հետաքրքիր է, որ անընդհատ ասում են, թե Սրբազան պայքարը մարել է, բայց անընդհատ Սրբազան պայքարի անդամների հետեւից են ընկել: Ինչի՞ց են վախենում, եթե մենք այդքան թույլ ենք, եթե մեր շարքերը նոսրացած են: Համոզված եմ, որ սրանք բռնապետին բնորոշ վախեր են: Բռնապետերը միշտ են վախենում ցանկացած տիպի գործողություններից: Հետեւաբար, տեսնելով, որ սա ֆենոմենալ պայքար է, որն այսքան ամիսներից հետո ոչ թե մարում է, այլ հակառակը, ավելի է բյուրեղանում եւ ուժեղանում, սա նրանց համար վտանգ է»:

«Ժամանակն ամենաթանկ բանն է, եւ այսօր այս իշխանությունները մեր ընկերներից անօրինական խլում են իրենց կյանքից, երիտասարդությունից 72 թանկ ժամ: Եվ դա անհասկանալի է նորմալ մտածող մարդկանց համար: Դեմ արտահայտվելով մարդու իրավունքների այս խախտումներին՝ առաջարկում եմ վաղը ժամը 15:00-ին միասին գնալ ՄԻՊ գրասենյակի մոտ՝ նախ մեր բողոքն արտահայտելու, ապա հանդիպել-խոսելու մարդու իրավունքների պաշտպանի հետ»,-ասաց բողոքի ցույցի մասնակից մեկ այլ երիտասարդ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031