Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտում ցույց տալով 339 կգ արդյունք:
Պոկում վարժությունում Մովսիսյանը երկու հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով նախ 150, ապա 155 կգ կշռող ծանրաձողը: Այս վարժությունում նա փոքր արծաթե մեդալ է նվաճել: Հրում վարժությունում Մովսիսյանը երկու հաջող մոտեցմամբ ցույց է տվել 184 կգ արդյունք:
Ավելի վաղ, Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը երկամարտի 341 կգ արդյունքով (150+191 կգ) դարձել էր Մ20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: Պոկում վարժությունում Մկրտչյանը երեք հաջող մոտեցմամբ ցույց էր տվել 150 կգ արդյունք և նվաճել վարժության փոքր բրոնզե մեդալը: Հրում վարժությունում հայ ծանրորդը դարձյալ հաջող էր կատարել բոլոր մոտեցումներն ու 191 կգ արդյունքով արժանացել փոքր ոսկե մեդալին:
Պատանեկան հավաքականի կազմում հաղթողի կոչմանն արժանացել էր նաև 76 կգ քաշային Աննա Ամրոյանը՝ երկամարտի 228 կգ արդյունքով դառնալով Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: Պոկում վարժությունում Ամրոյանը, գլխավերևում պահելով 100 կգ կշռող ծանրաձողը, արժանացել էր փոքր բրոնզե մեդալին, իսկ հրում վարժությունում 128 կգ արդյունքով դարձել էր փոքր ոսկե մեդալակիր
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը երկամարտի 333 կգ արդյունքով (150+183 կգ) բրոնզե մեդալ էր նվաճել Մ23 տարեկանների առաջնությունում:
Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էին նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Ժորա Գրիգորյանը (55 կգ): Պատանիների 61 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը, երկամարտում ցույց տալով 264 կգ արդյունք, դարձել էր արծաթե մեդալակիր (119 + 145 կգ):
Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էին 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը և 73 կգ քաշային Գոռ Սահակյանը։