Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ են հարցրել Բալասանյանների գործով քննչական կոմիտե հրավիրված Գյումրու ավագանու նախկին անդամներին

Հոկտեմբեր 31,2024 22:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բալասանյանների ընտանիքին պատկանող «Սև Բերդ» ամրոցի շրջակա հողատարածքներն ապօրինի օտարելու ու սեփականաշնորհելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մի քանի օր է՝ Շիրակի մարզի քննչական վարչություն հարցաքննության են հրավիրում Գյումրու ավագանու նախկին անդամներին։ Նրանք 33-ն են։

Պարզվում է, որ ավագանու 33 անդամները երկու անգամ միաձայն կողմ են քվեարկել «Սև Բերդ» ամրոցի հարակից հողատարածքներին վերաբերող երկու օրակարգային հարցերին։

Երկու հարցերն էլ ավագանու նիստի օրակարգ են մտել 2018 թվականին։

Հարցաքննված ավագանու նախկին անդամներից մեկը մեզ փոխանցեց, որ ավագանու նիստի դրված հարցերից մեկը վերաբերել է Պաշտպանության նախարարության կողմից նախկինում Գյումրի համայնքին պատկանող «Սև Բերդ» ամրոցի հողատարածքները նորից համայնքին վերադարձնելու առաջարկին։

Պաշտպանության նախարարությանը նման առաջարկով դիմել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, նախարարությունն էլ չի առարկել, Գյումրու ավագանին էլ միաձայն կողմ է քվեարկել Գյումրու ունեցվածքի վերադարձին։

Մի քանի ամիս անց՝ դարձյալ 2018 թվականին կայացած ավագանու մեկ այլ նիստով էլ ավագանու քննարկման է դրվել այդ նույն՝ ՊՆ-ից համայնքին վերադարձրած հողատարածքը աճուրդ-վաճառքի հանելը։

Ավագանու 33 անդամ այս անգամ էլ միաձայն կողմ է քվեարկել։

Ավագանու քննարկմանն այդ օրը միաժամանակ ներկայացվել է Գյումրի համայնքին պատկանող 5-6 հողակտոր աճուրդ-վաճառքի հանելու մասին առաջարկ, որոնցից մեկը եղել է « Սև Բերդ» ամրոցի հարակից հողատարածքը։ Ավագանու 33 անդամներն էլ, որևէ արտառոց բան չտեսնելով, դարձյալ միաձայն կողմ են քվեարկել՝ հիմք ընդունելով ներկայացվող փաթեթը։

Ի դեպ, Բալասանյանների քրեական վարույթում շեշտվող «Սև Բերդ» ամրոցի հողակտորի առաջին մասնաբաժինը, որը Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը սեփականաշնորհել է 2016 թվականին, գնվել է հենց Պաշտպանության նախարարությունից։ Նախարարությունը իր սեփականությունը ուղղակի վաճառքի է հանել, Սուրեն Ջանոյանն էլ (Գյումրու՝ տնային կալանքի ենթարկված նախկին փոխքաղաքապետը) գնել է, հետագայում առուվաճառք է տեղի ունեցել նրա ու Խաչատուր Բալասանյանի միջև։

Այս հարցում Գյումրու ավագանին կարծիք չի հայտնել, քանի որ իրեն առնչվող թեմա չի եղել։

Ստացվում է, որ հատուկ պահպանվող, որպես պատմական և մշակութային արժեք՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասը վաճառել է հենց Պաշտպանության նախարարությունը, իսկ Սուրեն Ջանոյանը տնային կալանքի է ենթարկվել սոսկ այն պատճառով, որ գնել է վաճառքի հանված սեփականությունը։

Քննչական կոմիտեում հարցաքննության հրավիրված ավագանու նախկին անդամներից մի քանիսը (նրանց անունները չենք հրապարակում իրենց խնդրանքով) մեզ պատմեցին, որ իրենց հարցեր ուղղվել են «Սև Բերդ» ամրոցի հարակից հողակտորի երկրորդ մասնաբաժնի մասին, որն աճուրդ-վաճառքի է հանվել 2018 թվականին։

Գյումրի ժամանած ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչն ավագանու անդամներից հետաքրքրվել է, թե ինչպես է եղել, որ 33 անդամն էլ կողմ են քվեարկել պատմական ամրոցի հողատարածքն աճուրդ-վաճառքի հանելուն, արդյո՞ք Բալասանյանների կողմից ավագանու անդամների հանդեպ ճնշումներ, խնդրանք, ազդեցություն չի եղել։ Նրանց նաև հետաքրքրել է՝ այդ ինչպե՞ս է, որ ավագանու 33 անդամն էլ ներկա են եղել նիստերին։

Հարցաքննվածներից ոմանք պատասխանել են, որ իրենց չէին էլ կարող ճնշել, կողմ են քվեարկել, քանի որ հողակտորներն աճուրդ-վաճառքի հանելը արտառոց երևույթ չէ, իրենց ներկայացված փաստաթղթերի փաթեթը եղել է պատշաճ վիճակում, և բավարար հիմք է ծառայել կողմ քվեարկելու։ Բացի այդ, նախքան ավագանու նիստի օրակարգ մտնելը, նման հարցերը նախապես քննարկվում են տարբեր խմբակցությունների անդամներից բաղկացած քաղաքաշինության հանձնաժողովի կողմից՝ նրանց հրավիրած նիստի ժամանակ։

Ի դեպ, Գյումրու ավագանու նախկին անդամ Լևոն Բարսեղյանը, որը ևս կողմ է քվեարկել, նշում է, որ այդ քրեական գործը լուրջ չի համարում։

«Ես այդ քրեական գործը լուրջ չեմ համարում՝ հաշվի առնելով իմ ունեցած տեղեկությունները և իմ պատմությունը, երբ այդ տարիներին եղել եմ Գյումրու ավագանու անդամ։ Այնպես չլինի, թե ես հալած յուղի տեղ եմ ընդունում քննչական կոմիտեի այդ պատմությունները հողերի ապօրինի օտարման հետ կապված։ Դա քաղաքական ճնշման իրավական բաղադրիչ է առայժմ, քանի դեռ ուրիշ տեղեկություններ չկան հրապարակված։

Ես հենվում եմ հանրային հեռուստատեսությամբ հրապարակված այն ռեպորտաժի վրա, որում քննչական կոմիտեի քննիչը բացատրում է գործի էությունը, գծագրեր է ցույց տալիս, քարտեզներ է ցույց տալիս, ասում է, թե մեղադրյալներն ովքեր են և ինչու, ահա այդ տեղեկությունների և իմ ունեցած տեղեկությունների համադրմամբ ես հասկանում եմ, որ այս գործն այդ ծավալով, այդ մեղադրյալներով, այդ մեղադրանքով և եղած փաստերով փլվելու է։ Ուրիշ բան, եթե էգուց մյուս օր նորանոր բաներ հանեն, հրապարակեն, ասեմ՝ ես ներողություն եմ խնդրում, որ պատշաճ չեք իրազեկել։ Այն, ինչ իրազեկվել է այդ հաղորդման մեջ, բավարար չէ այս մարդկանց այդ մեղադրանքները ներկայացնելու համար»,-երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասում էր Լևոն Բարսեղյանը։

Հիշեցնենք, որ այս գործով անցնում են 5 անձ, այդ թվում ԱՄՆ-ում գտնվող Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031