Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի եւ Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստին այսօր հարցաքննվեց կարմիր բերետավոր, գործով տուժող Հրաչիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ մեղադրանքն առաջադրվել է 2023 թվականի սեպտեմբերի 22-ին Երեւանում ընդդիմության ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Նախքան տուժողի հարցաքննությունը, գործով մեղադրյալ Ասատուրովը հայտարարությամբ հանդես եկավ՝ կոչ արեց բոլորին տալ միայն անկեղծ ցուցմունք՝ ասելով, որ կեղծ մեղադրական ցուցմունք կարող է տալ միայն անբարոյականից ծնվածը: Հանրային մեղադրողը չհասցրեց արձագանքել, դատարանը շատ խիստ նախազգուշացրեց՝ եթե մյուս անգամ կրկնվի նման արտահայտությունների փորձ, դատարանը սանկցիա է կիրառելու:
Հանրային մեղադրողն էլ հավելեց՝ նույն արձագանքը իրենց կողմից է լինելու. որեւէ մեկն իրեն իրավունք չվերապահի այդպիսի բառամթերքով նիստերին հանդես գա:
Կարդացեք նաև
Տուժող ոստիկանը պատմեց, որ 2023 թվականի սեպտեմբերի 22-ին բողոքի երթը Ամիրյան փողոցով բարձրանում էր դեպի Սարյան փողոց, հետո հանկարծակի երթը շրջվեց դեպի իրենց մոտեցավ: Սկսվեց բերման ենթարկելու գործընթացը:
Տուժողը դատարանին հայտնեց, որ ոստիկանները փորձում էին երթեւեկելի հատվածն ազատել, որովհետեւ երթի մասնակիցները երթեւեկելի հատվածում էին:
Նա պատմեց, որ սկզբում փորձեցին բերման ենթարկել Սերգեյ Ասատուրովին, չկարողացան, որովհետեւ ինչպես ինքն էր ոստիկաններին բրդում, քաշում, մնացած ժողովուրդն էլ իրեն էր քաշում հետեւից: Հարցաքննվող ոստիկանի խոսքով, իրենց այդպես էլ չհաջողվեց Ասատուրովին բերման ենթարկել:
Պաշտպանության կողմից քմծիծաղներ նկատվեցին, հանրային մեղադրողը խնդրեց դատարանին զգուշացնել, որ նմանատիպ երեւույթներ այլեւս չկրկնվեն:
Տուժող ոստիկանը շարունակեց, որ Ասատուրովին բերման ենթարկելու անհաջող փորձերից հետո փորձեցին բերման ենթարկել Լեւոն Քոչարյանին. «Մի պահ ընկավ գետնին, փորձում էինք հանել, ընթացքում ոտքից երկու անգամ հարվածեց, տարանք մեր գազել, չկարողացանք իրեն նստեցնել, փորձեցինք մյուս մեքենան նստեցնել ու բերման ենթարկել»:
Ոստիկանը հայտնեց, որ Քոչարյանին 6-7 հոգով էին բերման ենթարկում, որովհետեւ դիմադրում էր ու ֆիզիկական ներգործություն անում:
Լեւոն Քոչարյանը տուժողին հարց ուղղեց, թե արդյոք բերման ենթարկելուց առաջ օրինական պահանջ ներկայացվել է, ի պատասխան տուժողն ասաց. «Մենք հենց եկել, կանգնել ենք, ինչքան գիտեմ օրինական պահանջը եղել է, պետք է որ բոլորը լսած լինեին»:
Դիտարկմանը, թե բոլորը լսել են, բայց դուք չեք լսել, տուժողն արձագանքեց. «Լսել եմ, որ բարձրախոսով հնչել է, կոնկրետ ժամանակով չեմ կարող ասել՝ երբ: Չգիտեմ՝ ինչու տեսանյութում չկա, կարող է ժողովրդի ձայնը բարձր է եղել, պահանջը տեսանյութի մեջ չի լսվում»:
Քոչարյանը հետաքրքրվեց՝ ինչպես են իրեն փորձել բերման ենթարկել, արդյոք խեղդող հնարք չի կիրառել, ոստիկանը վստահեցրեց՝ չի կիրառել. «Ես ձեր հետեւից բռնում էի, դուք սղում էիք, էդ մի վայրկյանի մեջ դժվար կարողանայի ձեզ խեղդել»:
Ոստիկանը նաեւ հայտնեց, որ արդեն մեքենայի մեջ, ուսին հարված է ստացել, ինչից հետո շրջվել է հետ ու Քոչարյանին տեսել է պառկած վիճակում ոտքերը վերեւ բարձրացրած: Ինչից հետո նրա ոտքերը բռնել է՝ հաջորդ հարվածներից խուսափելու համար:
Տուժողի խոսքով, Քոչարյանը զայրացած էր, կտրուկ շարժումներ էր անում ու հայհոյում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ