Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի նախկին փոխմարզպետի մեղադրանքներն ու Կարեն Սարուխանյանի արձագանքը

Հոկտեմբեր 31,2024 20:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային Ժողովի պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավար Կարեն Սարուխանյանի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու լինելու մասին բարձրաձայնումից հետո Շիրակի նախկին փոխմարզպետ Արա Մելիքջինյանը, որն այժմ բնակվում է ԱՄՆ-ում, ծավալուն գրառում էր կատարել ֆեյսբուքում՝ վերնագրելով․ «Ո՞վ է ՔՊ Գյումրու քաղաքապետի հնարավոր թեկնածու Կարեն Սարուխանյանը»։

Շիրակի նախկին փոխմարզպետը Կարեն Սարուխանյանին մեղադրել էր պաշտոն զբաղեցնելուց հետո հարստանալու, գումարով դպրոցի ու հիվանդանոցների տնօրեններ նշանակելու մեջ։

Նա գրել էր, որ նախքան մարզպետ դառնալը Կարեն Սարուխանյանը լիքը պարտքեր ու վարկեր ուներ, և որ աջ ղեկով «Օպել» ֆիրմայի մեքենայով էր սկսել պաշտոնավարել, իսկ «մարզպետ դառնալու ընթացքում հասցրեց գնել «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենա, փակել պարտքերը, տունը վերանորոգել ու տարածք գնել իր տան հարևանությամբ»։

Անդրադառնալով դպրոցների ու հիվանդանոցների տնօրենների նշանակմանը՝ նախկին փոխմարզպետը բառացիորեն հետևյալն էր  գրել․

«Կարենն իր օգնական Էմմա Պալյանի հետ լծվել էին մարզի, բայց սկզբում Գյումրի քաղաքի դպրոցների խորհուրդների կազմի փոփոխման գործին։ Մեծամասամբ բոլոր խորհուրդների նախագահ էր նշանակվում Էմմա Պալյանը, որից հետո խորհուրդների կառավարման լծակն արդեն վերցնելով իրենց ձեռքը՝ սկսում էին ահաբեկելով կամ գումարով նշանակումներ կատարել։

Ինչպես էր կատարվում ահաբեկումը, կատարվում էր  նախկինում Աուդիտի բաժնի ղեկավար, ներկայիս մարզպետ Մուշեղ Մուրադյանի օգնությամբ։ Ինչպես հայտնի է, Մուշեղը ու Կարենը բարեկամներ են։ Կարենն աուդիտ անցկացնելու որոշում էր ստորագրում, իսկ Մուշեղը գնում էր այդ որոշման հիմքում խնդիրներ գտնելու, որից հետո սկսվում էին տնօրենների ահաբեկումները ու հետո արդեն գործարքները։

Մյուս եղանակը միանգամից կանչել, խոսել ու առաջարկելն էր, որ աշխատեն միասին, բայց Կարենի կանոններով։ Կարենի սիրած խոսքն էր դարձել, «դե գիտեք հիմա բան է փոխվել երկրում»։

Դպրոցների խորհրդների կազմաքանդմանը և գումարով ծանոթներին ու համակիրներին նշանակելու գործին հաջորդեց նաև մեկ այլ փողոտ գործ, հիվանդանոցների տնօրեններին նշանակումները»։

Որպես օրինակ՝ Արա Մելիջանյանը մեջբերել էր «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի մրցույթը՝ հրապարակելով որոշ փաստաթղթեր, անդրադարձ էր կատարել նաև Ախուրյանի հիվանդանոցին։

Նրա ձևակերպմամբ՝ 2018թ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ էլ  քաղաքացիներին  սոցիալական աջակցություն, դրամական օգնություն տրամադրող մարզպետարանի սոցիալական աջակցության բաժնի գումարները իբր թե ուղղվել էին քաղաքացիների օգնություն տրամադրելուն ու տարերայնորեն ավելացել էին քաղաքացիներին օգնություն տրամադրելու որոշումները։

«Պետական միջոցները՝ որպես ընտրակաշառք արդեն սկսեցին օգտագործել։ Սրան արդեն հաջորդեց գյուղապետերին ահաբեկելու փաստերը»,-նշել էր Արա Մելիքջանյանը՝ պատմելով, որ դա կատարվել է այն ժամանակվա Շիրակի դատախազի ու մարզպետի երկու օգնականների օգնությամբ։ Ըստ նրա, Կարեն Սարուխանյանը գյուղապետերին սպառնացել է՝ եթե ձայն չտան իրեն, ապա մի թերացում կգտնեն գյուղապետարանում ու քրեական վարույթ կնախաձեռնեն։

«Ես արձակուրդի մեջ էի, երբ ինձ զանգեց մեր մարզի խոշոր գյուղական համայնքներից մեկի ղեկավարը (Անուն ազգանունները չեմ նշում, հաշվի առնելով վերջիններիս հանդեպ հնարավոր քաղաքական հետապնդումների հնարավորությունը) ասելով, որ ուզում են 5 համայնքների ղեկավարներով հանդիպել ինձ հետ։ Մարզպետարանի իմ աշխատասենյակում ես իրենց ընդունեցի։

Հիմնական բողոքը կայանում էր նրանում, որ համայնքների ղեկավարները՝ որպես հեղափոխության հիմնական շահառուներ, նաև ամենաուրախը իրենք էին, քանի որ ձերբազատվել են ընտրություններում ահաբեկումներից ու խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով ձայն մուրալուց, բայց ավաղ, ոչինչ չի փոխվել և մեջբերեմ․ «Կարենն ո՞վ է, որը սկի կրթություն չի ստացել, իմ երեխայից փոքր է, որ մի հատ էլ ինձ զանգել վախեցնում է, թե եթե ձայն չտաս ինձ, դատախազությունում հաստատ քո դեմ ինչ- որ բան կլինի։ Մենք ինչ է սրա դեմ ենք պայքարել։ Մենք էլ ուրախացել էինք որ պրծանք այս ամենից, բայց ուր է»։

Այս ամենի մասին ես անմիջապես զանգեցի ու տեղեկացրի Սուրեն Պապիկյանին, ով զարմացավ, իբր տեղյակ չէր ու խոստացավ կարգավորել այդ ամենը ու որ դա դեմ է հեղափոխության արժեքներին»,- գրել էր Արա Մելիքջանյանը։

Նա նաև նշել էր, որ դրանից հետո սկսվել էին տարբեր տեսակի սպառնալիքներ, ընդհուպ սպանելու մասին ֆեյք էլեկտրոնային նամակներ իր դեմ, որոնք մինչև օրս էլ շարունակվում են։

Այսօր լրագրողները Կարեն Սարուխանյանից հետաքրքրվել են, թե ի՞նչ կասի իր հասցեին Արա Մելքիջանյանի հնչեցրած քննադատություններին։

«Ես չեմ  մեկնաբանում Մելիքջանյանի ասած անհեթեթությունները»,- ասել է Կարեն Սարուխանյանը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ի՞նչ կասի այն մեղադրանքին, որ Կարեն Սարուխանյանը դպրոցների, հիվանդանոցների տնօրեններին, գյուղապետերին ահաբեկել է,  որ իր օգտին քվեարկեն, պատասխանել է․ «Ես մեկ անգամ արդեն ասացի, նրա ասած անհեթեթությունները չեմ մեկնաբանում»։

Հարցին՝ եթե դրանք հիմնավոր չեն, ուրեմն արատավորում են ձեր համբավը, ինչո՞ւ եք այսքան հանգիստ, կգնա՞նք որոշակի գործողությունների, Կարեն Սարուխանյանը պատասխանել է․ «Հնարավոր է, այդ մարդը հիմա այստեղ չէ, գնացել է Ամերիկա, լեզուն երկարել է  մի քիչ, այնտեղից խոսում է»։

Ճի՞շտ է, որ ձեր հետ կապված իրավապահների մոտ ուսումնասիրություն կա գյուղապետերին, դպրոցների, հիվանդանոցների տնօրեններին «ռեկետ անելու»  կասկածանքով, պատգամավորն ասել է․ «Որևէ ուսումնասիրման մասին ես տեղեկացված չեմ»։

Նա բացառել է, որ նման բան կարող է լինել։

Նա նույն լուրերի շարքից է համարել նաև «Սև Բերդ» ամրոցը Բալասանյաններից խլելու և ՔՊ-ի բիզնես օբյեկտը դարձնելը։

Հարցին՝ ձեր տան կողքի հողամասը գնե՞լ եք, պատգամավորը պատասխանել է․ «Ոչ, ես իմ տան կողքի հողամասը չեմ գնել, դա մշտապես մերն է եղել, որևէ մեկից ես ինչ-որ բան չեմ խլում»։

«Ձեզ կոռուպցիայի ու ընտրակեղծարարության մեջ են մեղադրում, չե՞ք խոսում, շատ կասկածելի է»,- ասել է լրագրողներից մեկը, որին ի պատասխան՝ Կարեն Սարուխանյանը նշել է, թե շատերի մասին շատ բաներ են խոսում, այդ ամենը հիմնավորել է պետք։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031