Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական կեղծիքն Ամբերդի վերաբերյալ

Հոկտեմբեր 31,2024 18:44

Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ հավակնությունների քաղաքականության շրջանակում Իլհամ Ալիևն ադրբեջանցի գիտնականներին հանձնարարել էր ուսումնասիրել և աշխարհին ներկայացնել «Արևմտյան Ադրբեջանը»։ Մասնավորապես, նա հայտարարել էր, որ «Արևմտյան Ադրբեջանը պատմական ադրբեջանական երկրամաս է, իսկ քաղաքների ու գյուղերի անվանումներն ադրբեջանական ծագում ունեն»

«Օգտակարը» հաճելիի հետ համատեղելով՝ ադրբեջանցի գիտնականները մեծ եռանդով անցել են Ալիևի հանձնարարությունը կատարելու և հատկացվող ֆինանսական միջոցները յուրացնելու գործին։ Ընդ որում` կարևոր չեն հիմնավորումները, պատմական աղբյուրներն ու օբյեկտիվությունը։

Սխեման աշխատում է հետևյալ կերպ․ «հետազոտության» համար անհրաժեշտ է ընտրել ՀՀ տարածքում գտնվող պատմամշակութային որևէ օբյեկտ, անվանել այն աղվանական կամ թյուրքական, ասել, որ հայերը յուրացրել են դա, և նյութը պատրաստ է, գումարն էլ՝ յուրացված։

Նման օրինակներից է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ա․ Բաքիխանովի անվան Պատմության ու ազգաբանության ինստիտուտի աշխատակից Ֆաիկ Իսմայիլովի հոդվածը ՀՀ Արագածոտնի մարզում գտնվող Ամբերդ ամրոցի մասին, որը հրապարակել է Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը։

Ավելորդ է նշել, որ հոդվածը կառուցված է կեղծ և անտրամաբանական պնդումների վրա։ Այն սկսվում է նախաբանով, որում նկարագրվում է, որ ժամանակին թյուրքական ժողովուրդները պաշտում էին երկնային աստվածություններին և հետևաբար ձգտում էին իրենց ճամբարները կառուցել բարձրադիր վայրերում։ Եվ քանի որ Ամբերդն էլ բարձրադիր վայրում է կառուցված, ուրեմն այն աղվանական ճարտարապետության նմուշ է (ժամանակակից ադրբեջանական պատմագրությունը փորձում է ադրբեջանական անցյալի մեջ միաձուլել թյուրքական և աղվանական բաղադրիչները)։

Ինչ վերաբերում է Ամբերդի տարածքում 11-րդ դարում հայ իշխան Վահրամ Պահլավունու կառուցած Վահրամաշեն Կաթողիկե եկեղեցուն, ապա, ըստ ադրբեջանցի գիտաշխատողի, այն նման է Գանձասարի եկեղեցուն։ Ըստ Իսմայիլովի տրամաբանության՝ քանի որ հայկական Գանձասարը նույնպես «աղվանական» է և նման է Վահրամաշեն եկեղեցուն, վերջինս էլ նույնպես «աղվանական» է։ Եկեղեցու պատերի հայերեն գրությունների առկայությունն էլ իր «բացատրությունն» ունի․ «հայերը դրանք ավելացրել են 20-րդ դարի սկզբին՝ ամրոցը յուրացնելու նպատակով»,- ասում է ադրբեջանցի հեղինակը։

Եվ երրորդ «փաստարկը»՝ 11-րդ դարում` Պահլավունիների օրոք, կառուցված բաղնիքը 20-րդ դարում ստեղծված «Ադրբեջանի բաղնիքային ճարտարապետության յուրահատուկ տիպիկ օրինակներից մեկն է»։

Իրականում Ամբերդ ամրոցն՝ իր հարակից շինություններով, ո՛չ ադրբեջանական է, ո՛չ թյուրքական (չնայած որոշ ժամանակ գտնվել է սելջուկյան տիրապետության տակ), ո՛չ էլ աղվանական։

Ամբերդի հիմնադրման ստույգ ժամանակաշրջանը հայտնի չէ: Որոշ գիտնականներ այն վերագրում են կիկլոպյան, ոմանք էլ` ուրարատական և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններին: Պեղումների և պատմահնագիտական ուսումնասիրությունների հիման վրա Ամբերդ ամրոցը թվագրվում է 10-13-րդ դարերով:

Ըստ պատմական աղբյուրների՝ Ամբերդի շինարարությունն սկսվել է 7-րդ դարում Կամսարական իշխանների կողմից: 10-րդ դարում այն պատկանել է Պահլավունի իշխաններին և եղել Բագրատունյաց թագավորության ռազմապաշտպանական կարևոր հենակետերից մեկը։ Ամրոցին էր վերապահված Անի քաղաքի պաշտպանական համակարգի պատասխանատու դերերից մեկը:

Հետագայում Ամբերդն անցել է Զաքարյաններին, այնուհետև Վաչուտյանների օրոք դարձել է այդ իշխանական տան վարչական կենտրոնը:

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցն ընդգրկում է ճարտարապետական հետևյալ կառույցները՝ միջնաբերդը կամ իշխանական դղյակը և դղյակի մուտքը, պարիսպները, Արքաշենի և Ամբերդաձորի դարպասները, Կաթողիկե Վահրամաշեն եկեղեցին (1026 թ.), մատուռը, ձիթհանը, խմելու ջրի ցանցն ու ջրամբարները, բաղնիքը (10-11-րդ դդ.), գաղտնուղիներն ու ամրոցի ներսում այլ շինություններ:

 

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031