Լրահոս
Օրվա լրահոսը

Դենիս Մացուեւը՝ ֆուտբոլը նոտագրելու, պատժամիջոցների ու երեւանյան համերգների մասին

Հոկտեմբեր 31,2024 17:50

Վիրտուոզ դաշնակահար Դենիս Մացուեւի բացառիկ հարցազրույցը Aravot.am-ին

-Դուք բազմիցս հանդես եք եկել համաշխարհային ճանաչում ունեցող նվագախմբերի ընկերակցությամբ եւ մեծանուն դիրիժորների հետ: Կարո՞ղ եք որեւէ տպավորիչ դրվագ պատմել ձեր համերգներից:

-Բազմաթիվ ժամերը բավարար չեն լինի Ձեր այս հարցին պատասխանելու համար, միայն նշեմ, որ այդ առումով բացառիկ երջանիկ մարդ եմ: Ես հնարավորություն եմ ունեցել ծանոթանալ, բարեկամանալ եւ համատեղ հանդես գալ բազմաթիվ լեգենդար նվագախմբերի, դիրիժորների ու երաժիշտ-կատարողների հետ:

Ինձ հետ կապված բազմաթիվ հետաքրքրաշարժ իրավիճակներ են եղել, օրինակ՝ մի անգամ բեմի լույսերն անջատվել են, ռոյալն ընկել է, բեմի վրա նվագախմբի հետ հանդես գալու պահին հասկացել եմ, որ այլ կոնցերտ պետք է նվագեի, որը նախապես պլանավորված էր: Վերջին կուրիոզը հավանաբար ամենասարսափելին էր, որ պատահել է իմ կյանքում. նվագախմբի նվագելու պահին եմ հիշել, թե ինչ պետք է նվագեմ: Խոսքը Մոցարտի №23 կոնցերտի մասին է: Արդյունքում վատ ելույթ չստացվեց:

Իսկ ամենազգացմունքայինն այն պահն է եղել, երբ Սոչիի օլիմպիական խաղերի փակմանը նվագեցի Ռախմանինովի կոնցերտը մի քանի միլիարդ ունկնդրի համար: Այդ կոնցերտը բազմաթիվ անգամներ նվագել եմ, բայց Ֆիշտ մարզադաշտում ունեցած զգացողությունս ուղղակի անթարգմանելի է: Ողջ օլիմպիադայի ընթացքում կարմիր թելի պես անցնում էր մշակույթի գեղեցկության եւ ուժի մասին գաղափարը, իսկ օլիմպիադայի փակման արարողության ժամանակ այն առավել ընդգծված էր:

Մյուս ոչ պակաս զգացմունքային դրվագը (վատ առումով) Քովիդի համաճարակի ժամանակ Մոսկվայի Ֆիլհարմոնիայի Չայկովսկու անվան դահլիճում կայացած համերգն էր: Դա ելույթ էր հսկայական, բայց բացարձակապես դատարկ դահլիճում: Մոսկվայի ֆիլհարմոնիան կազմակերպել էր առցանց հեռարձակում ամբողջ աշխարհով մեկ, ես հասկանում էի, որ հանդես եմ գալիս բազմամիլիոն օնլայն լսարանի առաջ, բայց դահլիճում ոչ ոք չկա: Զգացմունքային առումով շատ ծանր զգացողություն էր, նման փորձառություն երբեւէ չեմ ուզենա կրկին ունենալ:

-2018-ին դուք եղել եք Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի առաջնության դեսպանը, ներկայացրել «Գոլի սիմֆոնիա» նախագիծը՝ Կարմիր հրապարակում: Հետաքրքիր է՝ սիրո՞ւմ եք ֆուտբոլ:

–  Ես շատ եմ սիրում ֆուտբոլ, «Սպարտակի» մոլի երկրպագու եմ 40-ամյա ստաժով: Հենց ֆուտբոլի շնորհիվ հայտնվեցի Մոսկվայում: Այդ ժամանակվանից սկսած՝ սիրում եմ լինել դաշտում, մի անգամ նույնիսկ ֆուտբոլ խաղալիս ձեռքս եմ կոտրել: Մի խոսքով, դա իմ կյանքի զգալի հատվածն է: Հենց Կարմիր հրապարակում էլ, երբ դասական երաժշտության աստղերն էին հավաքված, կայացել է «Գոլի սիմֆոնիայի» պրեմիերան: Նախագծի իմաստն այն էր, որ դարպասի ցանցը բաժանվել էր հատվածների, յուրաքանչյուրին վերագրվել էին համապատասխան նոտաներ, եւ գնդակի՝ ամեն հատվածին դիպչելուց հետո, մենք ի վերջո նոտագրեցինք այդ ամենը, ստացանք երաժշտություն, որը ես կատարեցի: Ինչ խոսք, հետաքրքիր փորձառություն էր:

– Ցավոք, երաժշտությունը նույնպես հայտնվել է պատժամիջոցների տակ, խնդրում եմ ձեր մեկնաբանությունն այդ մասին: Ի՞նչ է կորցրել Եվրոպան՝ արգելելով ռուսաստանյան լավագույն երաժիշտները ելույթները Եվրոպայում:

-Ես երբեք իմ համերգները չեմ պայմանավորում աշխարհագրական տարածքներով: Աշխարհի ցանկացած անկյունում բեմ դուրս գալն ինձ համար մեծ պատասխանատվություն է եւ տոն:

Երեւանն իմ սիրելի քաղաքներից է, որտեղ բազմիցս եղել եմ: Այս անգամ Երեւանում կարելի է ասել, համարյա, ներկայանալու եմ որպես մենակատար՝ իմ ծրագրով, նվագելու եմ Լիստի, Բեթհովենի, Չայկովսկու եւ Պրոկոֆեւի ստեղծագործությունները: Ես այդ ծրագիրը երբեք չեմ նվագել Երեւանում, այն նոր-նոր է մտնում իմ նվագացանկ:

Երկրորդ համերգը եւս նվեր է երեւանյան հանդիսատեսին, որովհետեւ առաջին անգամ իմ թիմի հետ ժամանում եմ Երեւան նվագելու «Եվ դասական, եւ ջազ» ծրագիրը: Այս համերգը լի է լինելու իմպրովիզներով, ինձ հետ բեմում լինելու են ինչպես դասական, այնպես էլ ջազային երաժիշտներ եւ ժողովրդականի ներկայացուցիչներ…

-Ո՞րն է ձեր սիրելի ստեղծագործությունը եւ այցեքարտը:

-Իմ սիրելի ստեղծագործությունը եւ այցեքարտը միշտ այն երաժշտությունն է, որն այդ պահին նվագում եմ դահլիճում, որովհետեւ եթե ունես չսիրված ստեղծագործություն, դու չես կարող այն հանձնել քո սիրելի լսարանի դատին: Այնպես որ, համարեք, որ այն երկու համերգային ծրագրերի ժամանակ, որոնցով հանդես եմ գալու Հայաստանում, հենց իմ սիրած երաժշտությունն է հնչելու:

 Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

 Հ.Գ. 25-րդ «Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակում Դենիս Մացուեւի համերգները կկայանան նոյեմբերի 8-ին եւ 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031