Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի «Վեստ Արմենիա» – «Ալաշկերտ» հանդիպման ժամանակ «Կարմիր արծիվներ» շարժման անդամները ներխուժել են խաղադաշտ և պարզել «Քո ժամանակը եկել է» գրությամբ պաստառ։
FAF-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «ՀՊԼ 14-րդ տուրի «Վեստ Արմենիա»-«Ալաշկերտ» և «Շիրակ»-«Գանձասար» խաղերի ընթացքում իրականացված բողոքի ակցիաներով մեկնարկեցինք ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջին ուղղված մեր հերթական գործողությունները «Քո ժամանակը եկել է» և «Ֆուտբոլի խնդիրը բոլորինս է» խորագրերի ներքո։
Մեր գործողությունները նպատակ ունեն ի ցույց դնել, այն փաստը, որ ֆուտբոլում առկա խնդիրները միայն երկրպագուներինը չեն և ակումբները նույնպես պետք է իրենց լուման ունենան հայկական ֆուտբոլի առողջացման գործում, իսկ ՀՖՖ ղեկավարության որդեգրած քաղաքականությունը՝ իբրև ոչինչ չի եղել և ամեն բան ընթանում է բնականոն հունով, խաբկանք է։
Մեր գործողությունները լինելու են բազմակողմանի և շարունակական, մինչև վերջնական նպատակի իրագործումը՝ ՀՖՖ ղեկավարության հրաժարականը»: