Դոհայում անցկացվող «Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» թեմայով միջազգային երկօրյա համաժողովի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Հաղթահարելով աղքատության շրջափուլը» խորագրով պանելային քննարկմանը։
Միջոցառման շրջանակում ելույթ է ունեցել նաև Ռուանդայի առաջին տիկին Ն.Գ. Ջինեթ Նիրամոնգի Կագամեն․ պանելային քննարկմանը մասնակցել են Հարավային Աֆրիկայի Պրետորիայի համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Զիթա Մոկոմանեն և «Education Above All» (EAA) հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Ֆահադ Ալ Սուլեյթին։
Պանելային քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են աղքատության հաղթահարմանն ուղղված իրենց երկրների փորձը, սահմանված առաջնահերթություններն ու նախատեսվող քայլերը։
Անդրադառնալով աղքատության հաղթահարմանն ուղղված ՀՀ քաղաքականությանը՝ այս համատեքստում նախարար Մկրտչյանն ընդգծել է ընտանիքների կայուն զբաղվածության ապահովման և տնտեսական զորեղացման կարևորությունը։
Կարդացեք նաև
Նարեկ Մկրտչյանը նշել է, որ պետության կողմից իրականացվող աշխատանքների հիմքում ոչ միայն ընտանիքներին աջակցություն տրամադրելն է, այլև նրանց կարողությունները բարելավելը, կյանքի տարբեր փուլերում անհրաժեշտ ծառայություններ մատուցելն ու նրանց կենսամակարդակը բարձրացնելը։ Նախարարի խոսքով՝ այս տեսլականի իրագործմանն են ուղղված նաև ՀՀ զբաղվածության և Ժողովրդագրության ռազմավարությունները, որոնց առանցքում մարդկային կապիտալի զարգացմանը նպաստող միջավայրի ստեղծումն է։
ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ