Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան. «Չի կարող պետությունը մեկին պատկանող սեփականությունը տալ երրորդ անձի: Ինքը դրա նկատմամբ իրավազորություն չունի»

Հոկտեմբեր 31,2024 17:06

Շվեդիայի դեսպանության եւ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի այսօր կազմակերպած «Հայաստանում գերակա հանրային շահի նպատակով սեփականության օտարմանն առնչվող օրենսդրության ու պրակտիկայի արդի խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ  ՀՀ արդարադատության նախկին նախարար, Երեւանի ավագանիում «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը նկատեց, որ պետական կառույցներից մարդ չկա:

«Քաղաքացիական հասարակությունը տարիներ առաջ շատ ավելի ուժեղ էր եւ նմանատիպ քննարկումներ կազմակերպելու դեպքում բոլոր պետական կառույցներից գալիս էին պատրաստված, զեկուցումներով հանդես էին գալիս, այնուհետեւ մեր հորդորները կամ հանձնարարականները գնում եւ կատարում էին: Հիմա այդ իրավիճակը չկա: Հիմա գործադիր իշխանության կամ քաղաքական մեծամասնության համար բացարձակ միեւնույն է, թե ինչ կասի քաղաքացիական հասարակությունը, ինչ խնդիրներ կբարձրացնի:

Ես այս ոլորտում տեսաբան եմ, ստրատեգիական դատավարությունների փորձագետ եւ հարյուրավոր հաջողություններ ունեմ ինչպես Սահմանադրական դատարանում, այնպես էլ Եվրոպական դատարանում ու նաեւ ընդհանուր իրավասության դատարաններում: Այսինքն, այն տեսությունը, որ ստեղծում եմ, դա նաեւ պարտադրում եմ պետությանը. դուրս եմ գալիս պետության դեմ, գործադիր, օրենսդիր իշխանության դեմ եւ պարտության եմ մատնում:

Գերակա հանրային շահի նպատակով սեփականության օտարման այս գործընթացը ծիսակատարություն է՝ դեկորացիա, դիզայն այն գողության, թալանի կոռուպցիայի, որը փաթեթավորվում է դրանով: Սովետական Միությունը հանգստանում է այստեղ: Չի փոխվել վերաբերմունքը սեփականության իրավունքի նկատմամբ: Մենք շարունակում ենք ապրել իրավունքի օրենքի գերակայությամբ: Մինչ Հայաստանի Հանրապետությունում արգելված է օրենքի գերակայությունը: Ար-գել-ված է: ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետությունում գործում է իրավունքի գերակայությունը: Մենք չենք ընկալում սեփականության իրավունքի փիլիսոփայությունն ու էությունը, դրա մասնավոր եւ հանրային բնույթը: Սա է պետք ապահովել: Մենք ընդամենը փորձում ենք այս դիզայնը, դեկորացիան կատարելագործել, լավացնել, մի փոքր գույները, ձեւերը փոխել: Բայց չենք անդրադառնում էությանը:

Այստեղ փոխհարաբերության մեջ պետք է մտնի պետությունը: Եթե քաղաքացիա-իրավական հարաբերություն է, այո, պետությունը որպես քաղաքացիա-իրավական հարաբերությունների մասնակից՝ կարող է մարդուն առաջարկել գնել նրա գույքը հավասարը՝ հավասարի հետ: Եթե անձը չհամաձայնեց վաճառել իր գույքը, իր կամքով գնալ, այլ վայրում այլ բան ձեռք բերել եւ անել, ապա եթե դա հանրության անունից պետք է հարկադրվի, այդ սեփականության իրավունքը չի կարող դադարեցվել: Այստեղ պետք է սեփականության ձեւը փոխարինվի: Միայն փոխարինվի: Դրանք տարբեր բաներ են: Չի կարող դադարեցվել, պետք է փոխարինվի մի ձեւը մյուսով:

Անձը ունի Աստծո կողմից մոռացված ինչ-որ վայրում սեփականություն՝ ոչինչ չարժեցող: Եվ հանկարծ հանրությունը գտնում է, որ այդտեղ պետք է կառուցվի օդանավակայան, ջրամբար կամ ատոմակայան: Եվ այդ գույքը սեփականության իրավունքով պայմանավորված, Աստված տվել է, բախտը ժպտացել է: Նա պետք է կարողանա օգտվել դրանից եւ դառնա այդ նախաձեռնության բաժնետեր եւ շարունակի օգուտ ստանալ իր այդ սեփականությունից:

Եվ ամենակարեւոր բանը: Ի վերջո, այս տեսությունը դարձավ ՍԴ որոշմամբ արձանագրված, որ այս հարաբերությունները վարչա-իրավական հարաբերություններ են: Այստեղ լուծվում է ապացուցման բեռի խնդիրը առհասարակ: Չի կարող պետությունը մեկին պատկանող սեփականությունը տալ երրորդ անձի: Ինքը դրա նկատմամբ իրավազորություն չունի: Նախ, ինքը պետք է ձեռք բերի եւ հետո տա այդ ձեռք բերողին: Եթե պետության պոտենցիալը չի բավականացնում, չունի այդքան փաստաբան, կարող է խնդրել այդ ձեռք բերողին, եւ այդ ձեռք բերողը իր փաստաբաններով գնա եւ պետությանը ներկայացնի դատարանում: Բայց կողմը պետք է լինի պետությունը եւ իրավունքների պաշտպանության ապացուցման բեռը, ձեւն ու բովանդակությունը պետք է լինի վարչա-իրավական: Այս խնդիր այլեւս լուծված է ՍԴ որոշմամբ: Նախ ձեռք բեր, թող դառնա դա քոնը, հետո ում կուզես, ինչ ձեւով կուզես՝ կտաս:

Սա այս հարաբերությունների էությունն է: Այո, մարդը կարող է կամավոր ձեւով իր սեփականությունը վաճառել եւ գնալ: Բայց եթե նա չի ուզում վաճառել-գնալ, իր գույքի, իր սեփականության արժեքը մեծանում է: Այսօր ծախսային մեթոդով է իրականացվում գույքի արժեքը: Մենք չունենք օրենսդրական այն կարգավորումները, որ «գույք» եզրույթը մեխանիկական բան չէ, դա նաեւ որպես բիզնես է: Դա պետք է գնահատվի նաեւ եկամտային մեթոդով: Եվ այդ եկամտային մեթոդը ժամանակի հետ կապված՝ այնտեղ ջրամբար, ատոմակայան կամ առեւտրի կենտրոն են ուզում կառուցել,, ըստ այդմ փոխվում է այդ եկամտային մեթոդը»,-ասաց պարոն Զեյնալյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031