Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) հոկտեմբերի 30-ին փառահեղ եզրափակեց Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչեց Անտոնին Դվորժակի մոնումենտալ «Ռեքվիեմ»-ը:
Այն ցնցող ազդեցություն թողեց հանդիսատեսի վրա, թե՛ ստեղծագործության խորությամբ ու գեղեցկությամբ, թե՛ անթերի և խիստ զգացմունքային կատարմամբ:
Կարդացեք նաև
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) Էդուարդ Թոփչյանի զուսպ ժեստիկուլիացիայով, սակայն տիրական և ամեն դետալ կոնտրոլի տակ պահող ձեռքերում հանդես էր գալիս որպես մի կուռ, միասնական և հզոր երաժշտախումբ:
Մենակատարներն աչքի էին ընկնում նրբաճաշակ սոլոներով և անսամբլային հատվածների չափազանց ներդաշնակ կատարումներով: Մենակատարներն էին հայազգի անվանի սոպրանո Աննա Ագլատովան, մեցցո-սոպրանո Ալինա Չերտաշը (Ռուսաստան), տենոր Տիգրան Մելքոնյանը (Հայաստան) և բաս Յան Մարտինիկը (Չեխիա):
Աննա Ագլատովան մեզ հետ զրույցում նշեց, որ սա իր դեբյուտն է Դվորժակի Ռեքվիեմում և շնորհակալ է մաեստրո Թոփչյանին, որի շնորհիվ բացահայտեց այս տիեզերական նշանակության և գեղեցկության երաժշտությունը: Նա բոլորովին անարդարացի է գտնում այն փաստը, որ Դվորժակի Ռեքվիեմը քիչ է կատարվում աշխարհում, ի տարբերություն Վերդիիի և Մոցարտի Ռեքվիեմների, քանի որ Դվորժակինը ոչնչով չի զիջում դրանց:
Ագլատովան հավելեց, որ պատմական հայրենիքում Թոփչյանի հետ առաջին անգամ է ելույթ ունենում, սակայն մինչ այս աշխատել է նրա հետ Մոսկվայի Բոլշոյ թատրոնում՝ Վերդիի «Լուիզա Միլլեր» օպերայի պրեմիերայի ժամանակ. «Թոփչյանը մի դիրիժոր է, ում հետ, երաժշտական առումով, մենք մի ուղղությամբ ենք նայում: Դա շատ հազվադեպ երևույթ է: Փորձերին հնարավորություն ունեցա դահլիճից ունկնդրելու, որպեսզի հասկանամ, թե ինչպիսին է հնչողությունը, մենակատարների, նվագախմբի և երգչախմբի բալանսը… ես հիացած էի՝ նվագախմբի կատարման մեջ տեսնելով այն մեծ հարգանքը, որը երաժիշտները տածում են կոմպոզիտորի և մենակատարների հանդեպ: Այն ընդգծված կերպով լսվում է նրանց կատարման մեջ, դա բացառիկ երաժշտական կուլտուրա է և դաստիարակություն, որն ինձ համար առանձնահատուկ բացահայտում էր: Ես երջանիկ եմ իմ պատմական հայրենիքում ներկայացնել այս ֆանտաստիկ ստեղծագործությունը Ազգային ֆիլհարմոնիկի և իմ ֆավորիտ դիրիժորի ղեկավարությամբ: Անշուշտ, սա փառատոնի հզոր և տպավորիչ եզրափակում է»:
Դվորժակի «Ռեքվիեմը» հայտնի է իր դրամատիկ լարվածությամբ, որտեղ սլավոնական հոգեթով մեղեդիները զուգորդվում են գունագեղ, հզոր ու տպավորիչ երաժշտական պատկերներով, երգեցիկ վոկալ մեղեդիները՝ բազմաթիվ գործիքային մենանվագներով: Այն ներծծված է քնարական հնչերանգներով և պարունակում է բազմաթիվ դրվագներ, որոնք մխիթարություն են բերում՝ հիշեցնելով Բրամսի «Գերմանական Ռեքվիեմը», ում Դվորժակն, ուղղակի, պաշտում էր: Անտոնին Դվորժակը չեխական դասական երաժշտության մեջ ոչ միայն ազգային սիմֆոնիայի և կոնցերտի, այլ նաև օրատորիայի հիմնադիրն է։ Լինելով ազնիվ կրոնասեր՝ նա մեծ ուշադրություն է դարձրել ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր՝ կանտատ-օրատորիալ ժանրերին: Անշուշտ, այս ժանրում Դվորժակի ստեղծագործությունների պսակը հանդիսանում է «Ռեքվիեմ»-ը: Այն գրվել է կոմպոզիտորի կյանքի երջանիկ ժամանակաշրջանում, երբ նրա հանճարի ճանաչումն արագորեն տարածվում էր աշխարհով մեկ։
Նշենք, որ Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի այս տարվա գեղարվեստական ղեկավարներն էին Էդուարդ Թոփչյանը և Հարոլդ Քլարքսոնը: Մինչ փառատոնի մեկնարկը, մեզ հետ զրույցում Քլարքսոնն ասել էր, որ փառատոնի ծրագրերը նախապատրաստելիս իր համար հաճույք էր աշխատել Էդուարդ Թոփչյանի և Հայաստանի, իրավամբ հիանալի, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
Այս տարվա փառատոնի ծրագրում գերիշխում էին չեխ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Չեխիան Հայաստանի նման փոքր երկիր է, որն աշխարհին տվել է մի շարք հայտնի կոմպոզիտորներ, մասնավորապես 19-րդ և վաղ 20-րդ դարերում: Եզրափակիչ համերգից հետո մեր հարցին, թե արդյոք հաջողվե՞ց իրականացնել բոլոր մտահղացումները և որքանով է գոհ արդյունքից, Քլաքսոնը պատասխանեց. «Ես այնքան հուզված եմ և ոգևորված, որ չեմ կարող բառերով արտահայտել այն, ինչ զգում եմ հիմա: Ամեն ինչ հրաշալի անցավ, սպասվածից շատ ավելի լավ»:
Հիշեցնենք, որ Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացումը կայացել է սեպտեմբերի 12-ին: Փառատոնի կենտրոնական համերգներից էր լեգենդար օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգը տաղանդավոր սոպրանո Ջուլիանա Գրիգորյանի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Նշանակալի էր հայտնի դիրիժոր Ինգո Մեցմախերի ելույթը: Փառատոնի անվանի հյուրերի թվում էին Արաբելլա Շտայնբախերը (ջութակ), Դանիել Մյուլլեր-Շոթը (թավջութակ), Հրաչուհի Բասենցը (սոպրանո), Հելմուտ Դոյչը (դաշնամուր), Կարոլին Վիդմանը (ջութակ), Բարրի Դուգլասը, (դաշնամուր), Իլյիչ Ռիվասը (դիրիժոր) և այլք:
Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել չեխ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ ինչպիսիք են Դվորժակը, Սմետանան, Յանաչեկը, Բոգուսլավ Մարտինուն, Մարեկ Կեպրտը և Լուբոշ Ֆիշերը: Բացի սիմֆոնիկ մեծակտավ ծրագրերից՝ փառատոնի ընթացքում հնչել են նաև կամերային ստեղծագործություններ՝ հանդիսատեսի համակրանքը վայելող «Ավետիս» լարային քառյակի և դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ: Կայացել են մի շարք հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ:
Աստղիկ ԴԱԼԼԱՔՅԱՆ
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարները՝ փառատոնի փակման համերգից