Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում ենք՝ Էրեխեքը խաղում են, բայց էդ էրեխեքը հետո մեծանում, դառնում են պատգամավոր կամ բիզնեսմեն»․ Նիկոլ Փաշինյանը՝ ոչ նյութական արժեքները պահպանելու մասին

Հոկտեմբեր 31,2024 16:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երբ գործ ունենք նյութական արժեքների՝ հուշարձանների հետ, դրանք ավելի երկարակյաց են, քան ոչ նյութականները, որոնք կորսվելու մեծ վտանգի ու ռիսկի են ենթարկված։ Ինչո՞ւ է Կոմիտաս վարդապետի դերն այդքան բարձր գնահատվում, մի պարզ պատճառով, որ մեր ոչ նյութական ժառանգության մի մասն անէանալուց փրկել է՝ գյուղեգյուղ գնալով, հավաքելով, փաստագրելով։ Այն ժամանակ մենք պետություն չունեինք, հիմա պետություն ունենք, որը պարտավոր է այս մշակութային քաղաքականության ուղղությունն իրականացնել»,- ՀՀ կառավարության նիստի ժամանակ «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հաստատելու մասին» N 310-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց՝ ներկայացվող նախագիծը բխում է մշակութային զարգացման և պահպանման ռազմավարությունից և ուղղված է ապահովելու ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկը՝ համայնքներում մշակութային կյանքի աշխուժացումը, որը տարածքային համաչափ զարգացման կարևոր ցուցիչ է։

Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «Մեր տատիկների-պապիկների մահվան հետ ոչ նյութական արժեքներն անէանում են, եթե նրանք բավարար չափով փաստագրված չեն։ Էս թեմայի հետ առնչվել ենք տարբեր մարզային այցելությունների ընթացքում։ Ոչ նյութական կարևոր արժեք է մեր խոհանոցը։ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք Հայկական խոհանոցը՝ որպես մեր ազգային արժեք։

Մի իրադրություն նկարագրեմ, երբ տարբեր գյուղեր գնում ենք, մարդիկ իրենց մշակույթը, կենցաղն են ներկայացնում, երբեմն հյուրասիրում, էնտեղ տեսնում ենք ուտեստներ, որոնք անծանոթ են, հետո հնարավոր է ինչ-որ այլ առիթով գնալ կամ ուղղակի հետաքրքրությունից դրդված մտնել երեք կիլոմետր հեռավորության վրա գործող ռեստորան, ասել էս ճաշատեսակից ունե՞ք, իրենք կասեն՝ էդ ի՞նչա։

Նման մի քանի դեպքերից հետո խնդիր դրեցինք, որ դրամաշնորհային, թե մրցութային ծրագիր իրականացնենք, որ մեր մասնագետները անցնեն բնակավայրերով։ Ամեն բնակավայրում կամ յուրահատուկ բաղադրատոմս կամ ճաշատեսակ կա։ Դրա նպատակը արխիվացնելը չէ, այլ հաջորդ քայլն այն է, որ տուրիզմի զարգացմանը զուգահեռ` հանրային սննդի բիզնեսի հետ համագործակցենք և նրանց առաջարկենք, որ իրենց ճաշացանկերում ներառեն, որը նշանակում է ոչ նյութական արժեքի նյութականացում»։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին տասնամյակում շատ մեծ մշակութային շերտ է կորսվում․ «Խաղերն են, այն խաղերը, որոնք երեխաները մի ժամանակ խաղում էին բակերում ու փողոցներում։ Մեզ հայտնի պատճառներով դրանք կամաց-կամաց անէանում են։ Հետո տասնամյակներ անց հենց ՀՀ-ի գիտահետազոտական և այլ ինստիտուտները միլիոններ պետք է ծախսեն այդ տեղեկությունները պատառ-պատառ վերականգնելու համար։ Էսօր հույս չունենք, որ էրեխեքին կհամոզենք նորից այդ խաղերը խաղալ։ Ասում ենք՝ էդ էրեխեքը խաղում են, էրեխեքը խաղում են, բայց հետո էրեխեքը մեծանում, դառնում են պատգամավոր, նախարար, գործարար, կառավարության անդամ, և խնդիրների լուծումներ գտնելու համար դա լուրջ տեղեկություն է։ Հանրության մտածողության և ընկալման զգալի մասը ձևավորվում է այդ տրամաբանության մեջ»։

Անդրադառնալով կառավարության որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև ոչ նյութական մշակութային արժեքների հասանելիությունը․ «Որոշման մեջ կար մի երգ՝ որի վերնագիրն է «Անա, Անա, Նանա, քե ղուրբան»։ Առաջին գործողությունը, որ արեցի, այս անունը փորձեցի փնտրել YouTube-ում կամ համացանցում։ Զրո արդյունք բերեց։ Մեր համացանցային տիրույթում զրո հիշատակում կա էս արժեքի մասին։ Եթե մենք հիմա կառավարության որոշմամբ սա չարձանագրեք, նշանակում է, որ ինքը մի քանի տարի հետո անվերադարձ կորսված կլիներ, հետո կասեինք՝ բա Կոմիտասն ո՞ւր էր, գար, հավաքեր, մի տեղ արձանագրեր։ Այսօրվա Կոմիտասը ՀՀ-ն է և ՀՀ-ն այս գործառույթը պետք է լիարժեք իրականացնի, որը բարդ աշխատանք է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031