Լրահոս
Օրվա լրահոսը

Ներփակված աշխարհից՝ այլ իրականություն. 18-ամյա համագործակցություն՝ հաջողության պատմություններով

Հոկտեմբեր 31,2024 15:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մասնագետների երկարատև ու տիտանական աշխատանք, ընտանիքների հետ համագործակցություն և ինչպես ակնկալվող, այնպես էլ երբեմն անսպասելի հաջողություններ: Աուտիզմով անձանց՝ իրենց ներփակված աշխարհից մեկ այլ իրականություն տանելը մասնագետների առաջնահերթ ձգտումներից է: 19-ամյա Դավիթ Ղազարյանը «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնի սաներից է: Նրա բացառիկ ունակություններն այս կենտրոնում բացահայտել են, երբ նկատել են, թե նա ինչպես է երգերն անսովոր արագությամբ յուրացնում և նմանակում: Ֆենոմենալ հիշողություն և բացառիկ լսողություն ունեցող Դավիթը կենտրոն հրավիրված կիպրահայ երգիչ Յուրի Մելիքովի հետ վոկալի դասընթաց է անցել: Սիրում է հատկապես Չելենտանոյի երգացանկը: Նրան նմանակելու հարցում այնքան արհեստավարժ է, որ կենտրոնում Դավիթին երբեմն իտալացի երգչի անվամբ էլ դիմում են:

Տեսանյութն այստեղ

Աուտիկ սպեկտրի խնդիրներ ունեցող երեխաներն ու դեռահասներն այստեղ հատուկ, տարիքային, լավագույն փորձի վրա հիմնված թերապիա և մասնագիտական ուսուցում են անցնում: Կենտրոնն ունի իր կարգախոսը՝ «Ես ձեզ նման չեմ, ես ձեզնից մեկն եմ»: Այստեղ ստեղծվում են նրանց հետագա զարգացման և հասարակության մեջ ինտեգրվելու հիմքեր՝ աշխատանքի հետագա հնարավորություններով: Էրգոթերապիա, երաժշտաթերապիա, արտթերապիա… գործադրվում են բոլոր ջանքերը՝ կենտրոն հաճախողներին սոցիալացնելու համար: Ցանկացած առաջընթաց կարևոր ձեռքբերում է, որին հասնում են մասնագետների նվիրման և նրանց վստահող կազմակերպությունների աջակցության շնորհիվ:

«Յուրաքանչյուր հաջողված պատմություն մեզ համար մեծ հաղթանակ է: Մենք բազում հաջողված պատմություններ ունենք: Դա, իհարկե, մեր մասնագետների քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, բայց, այնուամենայնիվ, առանց աջակցության այն չէր կարող լինել: Ուզում եմ կարևորել Viva-ի աջակցությունը, որը շարունակական է, ունի երկար տարիների պատմություն: Այս աջակցությունն արդեն միայն նյութական աջակցություն չէ, այն սիրո և հոգատարության դրսևորում է», – ասել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամի տնօրեն Լիլիթ Աթաջանյանը:

Viva-ն երկար տարիներ աջակցում է աուտիզմ ունեցող երեխաների խնդիրներով զբաղվող «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնին: Ընկերությունը 18 տարվա ընթացքում ներդրել է ավելի քան 251 մլն դրամ: «Իմ ուղին» իր աշխատանքն սկսել է 2006 թվականին՝ 5 մասնագետի հետ աջակցելով 5 ընտանիքի: Այսօր կենտրոն է հաճախում 200 երեխա, ևս 12-ը միացել են Արցախից: 60 մասնագետ իրականացնում է կրթաբուժական համալիր ծրագիր, որը ներառում է խոսքի զարգացում, արվեստ, ավազաթերապիա և շատ ավելին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031