«Եվրոպական կառույցները թքած ունեն Բաքվի բանտերում փտող հայ ռազմագերիների վրա, որովհետեւ իրենք ասում են՝ ձեր իշխանությունը դրանով չի զբաղվում: Եվրոպական կառույցներից ավելին պահանջելը աբսուրդ է, Եվրոպական պառլամենտի մի խումբ պատգամավորներ ընդունում են հայտարարություն, որով կոչ են անում աշխարհին ճնշում գործադրել ԵՄ տարբեր ինստիտուտների վրա, Ադրբեջանի վրա, որպեսզի ազատ արձակվեն Բաքվի բերդում պահվող հայ ռազմագերիները, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական էլիտան:
Միեւնույն ժամանակ նույն եվրոպական կառույցներն ինձ ասում են՝ բա ի՞նչ էիք ուզում, սրանից ավել մենք ինչ կարող ենք անել: Ձեր իշխանությունն այդ հարցը որեւէ կերպ օրակարգ չի բերում»,-«Հայելի» ակումբում նշեց «Ժողովրդավարություն եւ անվտանգություն» ՀԿ-ի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով. «Հանկարծ այս իշխանության որեւէ ներկայացուցիչ չհամարձակվի պնդել, թե Եվրոպական պառլամենտի հայտարարության բանաձեւի հետ իրենք որեւէ կապ ունեն: Ամբողջ աշխատանքը տարվել է Հայ դատի գրասենյակի միջոցով: Նրանք են իրենց կառույցներով, իրենց կապերով հասել նրան, որ Եվրոպական պառլամենտն ընդունել է այդ կոչը ուղղված եվրոպական կառույցներին, աշխարհին` COP29-ին ընդառաջ դատապարտել Բաքվի ագրեսիվ քաղաքականությունը եւ ազատ արձակել հայ ռազմագերիներին»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի մշակութային ժառանգությանը, այս մասին էլ Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Այստեղ եւս վիճակը բացարձակ լավատեսական չէ: Մի քանի օրից Բաքվում անցկացվող ՄԱԿ-ի կլիմայի համաժողովին ընդառաջ՝ Բաքուն պատրաստվում է հյուրերին տանել Շուշի, որտեղ կազմակերպելու է մշակութային ժառանգության կոնֆերանս, եւ մեր բոլոր հայկական արցախյան կոթողները ներկայացվելու են որպես այլազգիների, մասնավորապես աղվանական, որոշներն ընդհուպ ադրբեջանական մշակութային ժառանգություն:
Կարդացեք նաև
Երբ այս օրերին լինելով Եվրոպայում՝ ես խոսում էի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների հետ, իրենք ասացին, որ ստանում են լրջագույն ահազանգեր, տեղեկատվություն, զեկույցներ՝ Արցախում ոչնչացվող հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ, եւ այս պահին խնդիրն այն է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի կարող առաքելություն ուղարկել Արցախ՝ 1954 թ Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիայի համաձայն, որովհետեւ 2022թ հոկտեմբերի 6-ին Պրահայում, երբ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հանձնեց Արցախը Ադրբեջանին, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, նշված կոնվենցիան այլեւս չի գործում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ