Այն, որ իրենք ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ օրենքները չեն հարգում, դա նորություն չէ, ինչպես նորություն չէ, որ իրենք նաեւ իրենց գրած փաստաթղթերը չեն հարգում, մասնավորապես, կառավարության ծրագիրը․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ խորհրդարանում արած այն հայտարարությանը, որ Ցեղասպանության ճանաչումը ԱԳՆ-ի թիվ մեկ առաջնահերթությունը չէ:
Հայկ Մամիջանյանը հիշեցնում է՝ ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում, ապա կառավարության ծրագրում գրեց, որ Հադրութն ու Շուշին ազատագրելու են, ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու են երեք հիմնարար սկզբունքների վրա ու հանձնեցին Արցախը։ Հիմա՝ Ցեղասպանության հարցը եւ իրենց կառավարության ծրագրում է գրված եւ ազգային անվտանգության ռազմավարության մեջ, բայց ԱԳ նախարարն ասում է, որ ՀՀ-ն նման առաջնահերթություն չունի։
«Տարիներ առաջ, որ ասում էինք՝ Նիկոլ Փաշինյանը գալիս է Արցախը հանձնելու եւ Ցեղասպանության հարցը հանելու համար, հիմա, երկուսն էլ, ցավոք, իրողություն է»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ վերջին վեց տարում իշխանությունը Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ոչ մի քայլ չի էլ արել։
Միաժամանակ, Հայկ Մամիջանյանը «ցինիզմի գագաթնակետն» է համարում, երբ ԱԳ նախարարը հրապարակային նման հայտարարություն է անում․ «Դա դավաճանության հասնող ցինիզմ է։ Սա նոտա չի, սա արդեն երգ է, երգն էլ կոչվում է՝ թուրքական շվիի տակ պարել»։ Խնդիրը, նա համարում է այն քաղաքական ուղերձը, որը ՀՀ իշխանությունը փոխանցում է Թուրքիային եւ աշխարհին։
Կարդացեք նաև
Ըստ Հայկ Մամիջանյանի, այս հայտարարությանը կարող է հետեւել ամեն ինչ։ Նա չի բացառում, որ այս ամենից հետո ՀՀ իշխանությունը դիմի ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ ասի, որ Արցախում գտնվող մշակութային ժառանգությունը պետք չէ պահպանել։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ