«Էս վերջերս ենք գլխի ընկել, երբ արձանագրել ենք, որ օրինակ՝ շամպայնը ոչ թե ի սկզբանե խմիչք է եղել, այլ նախ ռեգիոնի և աշխարհագրական անուն է։ Նույնն էլ կոնյակը»,-ՀՀ կառավարության նիստի ժամանակ «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հաստատելու մասին» N 310-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ աշխարհագրական ծագումնաբանությունը, նշումները կարևոր են ժամանակակից տնտեսության մեջ․ «Նաև այս է պատճառը, որ այսօր մենք արտահանման շատ ուղղություններով խնդիրներ ունենք։ Այդ խնդիրների մի մասն այս երևույթի հետ է կապված։ Մենք գալիս ենք «սովետական շամպայն» սպառողական կուլտուրայից, բաց ինքնին չի կարող լինել նման բան, եթե իհարկե, այդ շամպայնը, այդ բերված հումքի գուցե թե պատենտավորման հնարավորություններ կան։ Եվ մենք այսօր պետք է արձանագրենք, որ շատ դեպքերում արտահանման հետ կապված խնդիրները կապվում են նրա հետ, որ շատ երկրներ, դաշտն իմանալով, հետևողական աշխատել են, ինստիտուցիոնալ են դարձրել շատ հասկացություններ։ Մենք պետք է այդ հասկանանք ի վերջո։ Կարևոր կուլտուրա է։
Հազար ներողություն՝ ոչ թե մենք պետք է աշխատենք այն ուղղություններով, որ փորձենք ինչ-որ մեկին ապացուցել, որ շամպայնը մենք ենք ստեղծել, այլ արձանագրենք, որ նման բան ի բնե չէր կարող լինել, որովհետև շամպայնը ոչ թե ցանկացած փրփրուն գինին է, այլ այն փրփրուն գինին է, որը արտադրվել է Շամպայն ռեգիոնում աճեցված խաղողից, նույնն էլ կոնյակը։ Կոնյակն էլ ռեգիոնի անուն է, որը վերաբերում է այն բրենդիին, որն արտադրված է Կոնյակ ռեգիոնից ստացված խաղողից։ Սրանք առաջին հայացքից հասանելի բաներ չեն, բայց առանց նման հարցերի լուծում տալու՝ հնարավոր չէ ժամանակակից տնտեսություն ունենալ։
Օրինակ՝ կոնյակը Ֆրանսիայի համար ոչ նյութական արժեք է։ Եվ այսօր, կներեք, այն երկրները, որոնք Ֆրանսիան չեն և ասում են, որ կոնյակ են արտադրում, դուք գիտեք՝ մենք ինչ կոնյակ ունենք, ասում-ուրախանում ենք, բայց չենք տեսնում, որ կողքից քմծիծաղ է առաջացնում, որովհետև դա միջպետական մակարդակում Դիլիջանի ջերմուկ չունե՞ք պատմության նյութականացումն է։ Խայտառակ բան է։ Մենք չենք հետազոտում՝ ուրիշները մեզ ոնց են ընկալում։ Երբ գնում, ասում ենք՝ մենք ինչ կոնյակ ունենք, ժպտում են, բայց մտքում երևի ասում են՝ ըըը․․․»
Կարդացեք նաև
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մինչև այս հարցերը չլուծենք, մենք չենք կարող ունենալ տնտեսություն, որն ինտեգրված է զարգացած տնտեսությանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այս առիթով ասաց՝ ապագայում կարող ենք դիրքավորվել Հայկական բրենդի անունով, քանի որ այդ ապրանքի որակը բավականին բարձր է։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ շատ դեպքերում այն փոփոխությունները, որ հնարավոր է անել քաղաքական կամքի գործադրմամբ, դրանք հիմնականում արված են, և պետք է ինստիտուցիոնալ փոփոխություն անել․ «Մեր կառավարությունը, ինչքան էլ ուժեղ քաղաքական կամք ունենա, ինչքան էլ հայրենասեր, նվիրված, գերպրոֆեսիոնալ լինի, մենք չենք կարող հիմնավորել և ապացուցել, որ ՀՀ-ում կոնյակ խմիչքը արտադրվում է։ Դա հնարավոր չէ։ Սրա մասին չխոսելը, տանել մեր տնտեսությունն այս ուղղությամբ և ասել, որ չէ, մենք կոնյակ ենք արտադրում, մենք կոնյակ ենք արտադրում, նշանակում է մեր տնտեսությունը տանել փակուղի և զրկել զարգացման հեռանկարից։
Հա, մենք վերջին հարյուր տարում Հայաստանի տարածքում՝ նախկինում սոցիալիստական հանրապետությունում արտադրել ենք կոնյակ։ Մարդիկ էմոցիոնալ կապ են ձեռք բերել, ծնունդ, կնունք, լավ առիթներ․ դա դարձել է մեր ընկալման մաս, բայց ի վերջո, պետք է ասել՝ ժողովուրդ, դա չի նշանակում, որ մենք պիտի այդ տրամաբանությամբ շարունակենք։ Ասենք՝ չէ, որ չէ, կոնյակը մենք ենք ստեղծել, կամ մեր արտադրածը կոնյակ է։ Չի կարող տենց բան լինել։ Կոնյակը, շամպայնը ամենահայտնի ու բացահայտ օրինակներն են․․․տնտեսական կրթության և իմացության հարց է։
Ասենք, օրինակ՝ ՀՀ-ում նույն տնտեսվարողների շրջանում խոսենք այս թեմայով, վստահ չեմ, որ իրենց՝ առնվազն ճնշող մեծամասնությունն այս նրբությունները գիտեն։ Որովհետև ով սիրում է այդ խմիչքը՝ փրփրուն գինին, գնում, նստում ենք սրճարանում, ասում են՝ մենք շամպայն ենք ուզում։ Եվ դեպքերի 90 տոկոսով կարան բերեն, ասեն՝ ունե՞ք հայկական շամպայն, ասեն, այո, բերեն ու մատուցեն։
Պրոբլեմը մեր արտադրանքը արտահանելու և մեզ՝ որպես տնտեսական երկիր բրենդավորելու համար կարևոր է, թե այս հարցերին ոնց ենք վերաբերվում։ Դա ինտելեկտուալ սեփականություն է, դա ուրիշի ոչ նյութական արժեքն է՝ վերցնել, փաթաթել, ինչ-որ բան անել։ Դա սոլիդ չէ, մենք չենք նկատում, որ ուրիշները նկատում են։ Եվ դրա ապացույցն են արտահանման ոլորտում գոյություն ունեցող խնդիրները»։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ Հայկական բրենդիի հետ կապված 10-ից ավելի տարի է՝ քննարկում ենք։ Ըստ նրա՝ եթե նոր անուն մտածել չի ստացվում, որն ընդունելի կլինի բոլորին, ուրեմն բրենդիի շուրջ պետք է կառուցել։
Գևորգ Պապոյանն էլ հայտնեց՝ արդեն կա համաձայնություն․ Հայկական բրենդի անվան շուրջ մարքեթինգային արշավը ԵՄ աջակցությամբ սկսված է։ Նաև ասաց, որ շամպայնի և այլ անունների օգտագործման հետ կապված ոչ միայն նկատում են, այլև նամակներ են գրում․ շամպայնի մասին նամակ ունենք, պրոսեկո և այլն․ «Բոլոր այս դեպքերով ունենք խնդիրներ և փորձում ենք նաև հաջորդ աշխատաժողովի հանդիպումների ընթացքում հասկանալ՝ ինչպես ենք վերահսկողությունն անում»։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այդ հարցը միայն կառավարության որոշմամբ չի լուծվելու․ «Այդ հարցի լուծումն այն է, որ երբ ընտանիքի անդամը զանգի ընտանիքի մյուս անդամին և ասի՝ մտի մի շիշ կոնյակ առ, հետդ տուն բեր, էդ մարդը մտնի ու առնի կոնյակ ֆրանսիական արտադրության կամ այն արտադրության, որ լիցենզավորված է, եթե ինքը նկատի ունենա էն, ինչ մենք մինչև հիմա էլ կոնյակ ենք անվանում, զանգի, ասի՝ հետդ մի հատ Հայկական բրենդի բեր։ Էս մակարդակի պետք է լինի լուծումը, որ գլոբալ աշխարհում մեր ընկալումը փոխվի։ Բա էդ մարդիկ են, չէ, հետո գնում բիզնես անում։ Բիզնեսմեններն էլ են, չէ՞, փոքր եղել․ նենց չի, որ մենակ կառավարության անդամներն են փոքր եղել ու խաղեր խաղացել։ Կարևոր սոցիալ-հոգեբանական խնդիր է, որն իմ համոզմամբ՝ ունի կարևոր գենետիկ նշանակություն պետության հետագա զարգացման համար»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանը շրջում է Երևանի կոնյակի գործարանում. 10.09.2018