Լրահոս
Օրվա լրահոսը

«Կխաթարվի Ագրարային համալսարանի բնականոն գործունեությունը». Ագրարայինում դեմ են իրենց բուհից՝ Ֆրանսիական համալսարանին տարածք տալուն

Հոկտեմբեր 31,2024 13:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ագրարային համալսարանի դասախոսական անձնակազմը եւ ուսանողներն այսօր բուհի առաջին մասնաշենքի մուտքի մոտից բողոքի երթով շարժվեցին դեպի կառավարության շենք: Բողոքի ցույցի շարժառիթն այն է, որ կառավարության որոշման նախագծով՝ Ագրարային համալսարանի 2-րդ մասնաշենքի կեսն անհատույց օգտագործման իրավունքով տալիս են Հայաստանում Ֆրանսիական համալսարանին։

Այնուհետեւ կառավարության շենքի մոտից ագրարայինի դասախոսներն ու ուսանողները շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն, նրանք դիմում ունեն՝ ուղղված նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին:

Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշված է, որ երկու համալսարանների փոխհամաձայնությամբ է տեղի ունենում Ագրարային համալսարանի մասնաշենքի մի մասը Ֆրանսիականին հանձնելը: «Ո՞վ է դա ասում, մի մարդ, որի սիրտն ընդհանրապես չի ցավում մեր բուհի համար, եւ որն իրեն ճղում է, որ ռեկտոր դառնա՞: Սա է Հայաստանի իրական վիճակը»,-զայրացած նշեց դասախոսներից մեկը:

Ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանն ընդգծեց, որ Ֆրանսիական համալսարանին տրամադրվող մասնաշենքում 42 լսարան ու մի շարք գիտահետազոտական կենտրոններ կան, եւ կառավարության որոշմամբ իրականացվող գործընթացի հետեւանքով կխաթարվի Ագրարային համալսարանի բնականոն գործունեությունը։

«Մեր առաջարկություններն ու մտահոգությունները ներկայացրել ենք կառավարությանը, որպեսզի այդ որոշման նախագիծը հանվի շրջանառությունից։ Որոշման նախագիծն ուղարկվել է մեզ, մենք քննարկել ենք, ունենք հիմնավորված առարկություններ»,- ասաց նա:

Դասախոսները հույս ունեն, որ իրենց առաջարկները կընդունվեն, մտահոգությունները կգնահատվեն, հատկապես որ՝ նրանց խոսքով, վերջին շրջանում պետության կողմից տեսնում են մտահոգություն ագրարային կրթության կազմակերպման վերաբերյալ:

«Անցյալ տարի եւ այս տարի աննախադեպ որոշում է կայացվել կառավարության կողմից Ագրարային համալսարանի ընդունելության գործընթացում արտոնություն տրամադրելու առումով: Հնարավորություն տրվեց քոլեջների շրջանավարտներին, առանց ընդունելության քննությունների, հեռակա ուսուցման համակարգ ընդունվելու, արդյունքում՝ մենք ունեցանք շուրջ 600 ուսանող, բացի դրանից՝ Ագրարային համալսարանի գրեթե բոլոր մասնագիտությունները ճանաչվեցին երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող մասնագիտություններ, եւ առկա ուսուցման համակարգի ուսանողներին տրամադրվեց ամեն ամիս 70 հազար դրամ կրթաթոշակ,-ասաց Ագրարային համալսարանի պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Սմբատ Դավեյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Մինչ Ագրարային համալսարանի աշխատակիցները բողոքի ցույց էին անում կառավարության շենքի դիմաց, կառավարությունը ընդունեց որոշում համալսարանի մասնաշենքը հանձնել Հայաստանում ֆրանսիական համալսարանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031