ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։
Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության աշխատակիցների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերության հիմնադիրը և գործունեությունը փաստացի ղեկավարող անձը, այդ կազմակերպության տնօրենի հետ նախնական համաձայնությամբ, հարկեր չվճարելու նպատակով, խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջները, 2019թ․ մարտից մինչև 2023թ․ հունվար ընկած ժամանակահատվածում թաքցրել է ընկերության հարկման օբյեկտը. վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ ու դուրս չի գրել հարկային հաշիվներ։ Իսկ հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ։ Դրանց հետևանքով պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր։
Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության հիմնադիրի և տնօրենի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, հարուցվել են քրեական հետապնդումներ, և վերջիններիս ներկայացվել է մեղադրանք։
Նախաքննության ընթացքում ընկերության պատասխանատու անձինք հարկային մարմին են ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ, հայտարարագրել նախկինում թաքցված շրջանառությունը և պետական բյուջե վճարել 100.000.000 ՀՀ դրամ։
Կարդացեք նաև
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե