Հակոբ Արշակյանը մասնակցել է «Կանանց դերը փոխհամաձայնության ձեւավորման, անվտանգության եւ խաղաղության գործում» պանելային քննարկմանը
եթե կանայք ավելի շատ ներգրավված լինեին այդ բանակցություններում, առաջընթացն այդ հարցում ավելին կլիներ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 30-ին «Կատարինե համայնք կամրջողներ» ծրագրի կազմակերպած կոնֆերանսի շրջանակում մասնակցել է «Կանանց դերը փոխհամաձայնության ձեւավորման, անվտանգության եւ խաղաղության գործում» պանելային քննարկմանը:
Հակոբ Արշակյանը կարեւորել է կանանց ներգրավվածությունը հասարակական հնչեղության գործընթացներում, որոշումների կայացման մակարդակում ու խոսել ոլորտում առկա ե՛ւ խնդիրների, ե՛ւ առաջընթացի մասին:
«Մեր քաղաքական ուժը եւ պետությունը հենց դրա աջակիցն են: Սա կարեւոր եւ անկյունաքարային հարց է, քանի որ հանրության շահերը ներկայացնելիս պետք է հաշվի առնենք՝ կանայք են, որ լավագույնս տիրապետում են իրենց իրավունքներին եւ իրենց վերաբերող խոցելի հարցերին ու որոշում ընդունող մարմիններում պետք է ներգրավված լինեն, որոշումներ ընդունեն»,- արձանագրել է ԱԺ փոխնախագահը: Այս համատեքստում նա վկայակոչել է նաեւ պետական համակարգում կանանց դերի բարձրացմանն ուղղված դրական քայլերն ու հավելել. «Չնայած մեր օրենսդրությամբ քվոտավորումը 30 տոկոսին է վերաբերում, բայց Հայաստանի խորհրդարանում կանանց ներգրավվածությունը 35 տոկոսից ավելի է»:
Կարդացեք նաև
Պանելային քննարկմանն անդրադարձ է եղել նաեւ բանակցային գործընթացներում կանանց ներգրավվածությանը: «Խնդիրը ոչ միայն բուն բանակցային գործընթացին կանանց ներկայությունն է, որը շատ արժեւորում եմ, այլ այդ խաղաղության գործընթացում նրանց կարծիքի արտահայտման հնարավորությունն ու դրա ազդեցության կարեւորությունը»,- կարծիք է հայտնել Հակոբ Արշակյանը:
ԱԺ նախագահի տեղակալը խնդիրների շարքում ընդգծել է կանանց կրթության, առաջնորդություն ու պատասխանատվություն ստանձնելու հնարավորությունների սահմանափակության հարցերը, հաճախ նաեւ նրանց նկատմամբ հասարակության՝ վարքագծային փոփոխությունների մղող վերաբերմունքը:
Չժխտելով ոլորտում խնդիրների առկայությունը՝ Հակոբ Արշակյանն արձանագրել է նաեւ էական առաջընթացը: Նրա խոսքով կանանց դերի բարձրացմանն ու նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի վերացմանը նպաստելու են խոսքի ու տեղեկատվական դաշտի ազատությունը, ազատ մամուլը, սոցիալական ցանցերը, տեխնոլոգիական առաջընթացը:
Պանելային քննարկմանը մասնակցել են նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: Նրանք եւս տեսակետներ են հայտնել խաղաղության եւ անվտանգության գործընթացում կանանց մասնակցության խոչընդոտների եւ դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ:
Սոնա Ղազարյանը, մասնավորապես, խոսել է կանանց տնտեսական եւ քաղաքական առաջխաղացման համար բարենպաստ միջավայրի ձեւավորման, քաղաքական գործընթացներում երիտասարդ կանանց մասնակցության ապահովման խթանման կարեւորության մասին: Նա եւս արժեւորել է խաղաղությանն ուղղված բանակցություններում կանանց դիրքորոշումը, ինչպես նաեւ բարձր է գնահատել նրանց ակտիվ գործունեությունը խորհրդարանական դիվանագիտության հարթակում:
Աննա Գրիգորյանի գնահատմամբ եւս եթե կանայք ավելի շատ ներգրավված լինեին այդ բանակցություններում, առաջընթացն այդ հարցում ավելին կլիներ: Պատգամավորն անդրադարձել է բարեփոխումների, քաղաքական որոշումների կայացման ու անվտանգության հարցում կանանց ունեցած ազդեցությանը:
ԱԺ