«Հայ ժողովուրդը պետք է իմանա՝ այդ փաստաթղթում ո՞ր կետերն են, որոնք մինչեւ այս պահը համաձայնեցված չեն։ Փաստաթղթի քննարկման շրջանակներում արդյոք այս պահին համաձայնեցվել կամ քննարկվո՞ւմ է նաեւ միջազգային դատարաններից Ադրբեջանի դեմ հայցերի հետքաշումը»,- Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Պատգամավորը նաեւ նշեց, որ հայ-թուրքական սահմանը դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար չի բացվել, ինչո՞ւ պայմանավորվածությունն իրականություն չի դարձել։
Արարատ Միրզոյանն ասաց, որ «խաղաղության պայմանագրի» նախագծում ձեւակերպումները, որոնց շուրջ կփորձեն փոխհամաձայնության գալ, կարեւոր են, զուտ լեզվաբանական հարցեր չեն։ «Չկարողանալով հանրայնացնել կոնկրետ ձեւակերպումների բնույթը կամ թեման, կարող եմ ասել, որ դրանք վերաբերում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման առանձին նյուանսներին։ Որոնք եթե հաջողվի համաձայնեցնել, կգան ամբողջականացնելու կարգավորման գործընթացը»,- ասաց նա։
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Արարատ Միրզոյանը նշեց․ «Ես շատ կուզենայի առաջինը պատասխանել հարցին, բայց թերեւս չեմ հասցնի, որովհետեւ այդ հարցին Թուրքիան հրապարակային շատ վաղուց պատասխանել է։ Իրենք ասում են, որ այս եւ այլ գործողությունների ամբողջական կարգավորմանը եւ սահմանի ամբողջական բացմանը պատրաստ են, բայց Թուրքիան իրենց հետ մեր հարաբերությունների կարգավորումը կապում է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորման գործընթացի հետ»։
Կարդացեք նաև
Աննա Գրիգորյանն ասաց, որ Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի պաշտպանությանը պետք է ուղղված լիներ, բայց մինչ այսօր որեւէ հայց չկա Ադրբեջանի դեմ։ «Միջազգային դատարաններից հայցերի հետքաշումն էական նշանակություն ունի, դուք դա շատ լավ եք հասկանում։ Հիմնավոր փաստեր կան, որոնցով իրոք կարող ենք պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին եւ իր ռազմաքաղաքական էլիտային։ Արդյոք այս վերջին բանակցություններում այս կետը ներառված է եղել։ Ես ձեր խոսքի ենթատեքստից հասկացա, որ իրենք այդ պահանջը դնում են։ Դուք սկզբունքային համաձայնություն ունեք դրա հետ, թե՞ չունեք»,- ասաց Աննա Գրիգորյանը։
«Դուք ասում եք բաներ, որոնք պետք է ավելացնեն կամ թեժացնեն հարաբերությունների կոնֆլիկտը կամ հարաբերությունների վատթարացում ապահովեն։ Մենք տեւական ժամանակ է արդեն խոսում ենք կարգավորման մասին։ Եթե կողմերը կանեն տարբեր բաներ, որոնք կարող են թույլ տալ, որ հարաբերություններն Ադրբեջանի հետ կկարգավորվեն, ապա մենք կդիտարկենք այդ տարբեր գործողությունների փոխադարձ ընդունելիությունը։ Ամեն ինչի պետք է այս պրիզմայով նայենք։ Ասում եք՝ էլ ի՞նչ եք զիջում։ Որ շատ խնդրեմ, կարա՞ք ասեք՝ էդ ի՞նչն ենք զիջել։ Երբ դեռ Ղարաբաղում հայություն կար, իրենց ընտրված մարմիններ ունեին, մի հատ առաջարկ կար փոխզիջումային քայլի գնալ։ Նաեւ ձեր ներկայացրած քաղաքական ուժի եռանդուն ջանքերով այդ առաջարկի հերն անիծեցիք։ Եվ հիմա այսօր ունենք այն, ինչ ունենք»,- նշեց Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ