ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց իր մտորումների մասին։ Ըստ նրա՝ մեր անկախության առաջին օրերից առնվազն քաղաքական մակարդակում շատ է խոսվում, որ պետք է ունենանք պետական մտածողություն․ «Միտք ծագեց, որ պետական մտածողությունն այն է, երբ քաղաքացին գիտի, թե պետությունը ոնց է աշխատում՝ որպես մեխանիզմ։ Մեծ հաշվով այն, ինչ մենք ասում ենք, ՀՀ քաղաքացիների 90 տոկոսին հասկանալի չէ։ 90 տոկոսը չգիտի՝ դպրոցը, ճանապարհը ոնց են կառուցվում։ Դա, այնուամենայնիվ, մեխանիզմ է։ Մեր քաղաքացիների զգալի մասը չգիտի՝ ինչ է պետական բյուջեն և այլն։ Ու դա քաղաքացու մեղքը և պարտականությունը չէ»։
Նիկոլ Փաշինյանը կարևորեց այս հարցերով հանրային իրազեկումը։ Ըստ նրա՝ մտածողությունը իմացության վրա է հիմնված․ «Մենք ուզում ենք, չէ՞, մարդիկ մեր պետությունը սիրեն։ Սիրելու համար պետք է ճանաչել պետությունը։ Առանց ճանաչելու հնարավոր չէ սիրել։ Շատ մեծ տպավորություն է թողել ինձ վրա այն փաստը, որի մասին ասել եմ կառավարության նիստին, որ, համենայն դեպս՝ հարցման արդյունքում, ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ անկախության օրը ճշգրիտ չգիտի։ Հարցումն իմ սեղանին դրված է, հաճախ բացում, թերթում եմ։ Մեր իրազեկման աշխատանքների մեջ պետք է նաև այս խնդիրը դնենք, որ մարդիկ, ՀՀ քաղաքացիներն իրենց պետությունը ճանաչեն՝ բոլոր առավելություններով ու թերություններով։ Ստեղ էլ սրբագործում չպետք է գնա․ կատարյալ չէ ոչ մի պետություն։ Կան պետություններ, որոնք ահագին մոտ են, բայց էլի շատ հեռու են կատարելությունից։ Մենք պետք է ոչ միայն ասենք, որ դպրոց ենք կառուցում, այլ բացատրենք, թե դա ինչ գործընթաց է»։
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ գործընթացի բոլոր տարրերը՝ կոմպոնենտները կարևոր են և այսպիսի համեմատություն արեց․ «Կյանքը բաղկացած է իքս թվով կոմպոնենտներից, որ կյանքի կոմպոնենտները լցնում են կաթսայի մեջ, շերեփով խառնում, կյանք չի ստեղծվում։ Հետևաբար` մտածում եմ՝ ոչ մի բան չի խանգարի, որ ռազմավարական հաղորդակցության մեջ պատմենք, թե ճանապարհը, դպրոցը ոնց է ստեղծվում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ