Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքը մեզ չի արգելում քաղաքականություն լուսաբանել. Աննա Սարգսյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 31,2024 11:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Կարելի է «Շողակաթ» հեռուստաալիքի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, այդպես ավելի արդյունավետ կլինի»,- նախօրեին 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ առաջարկեց ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը: «Մենք մեր ունեցած ֆինանսական միջոցները կարողանո՞ւմ ենք արդյունավետ ծախսել, օրինակ՝ «Շողակաթ» ալիքը, որը պետք է իրականացներ հոգեւոր-մշակութային հեռարձակում, բավականին միատարր հեռուստաընկերություն է, որը միայն ներկայացնում է Հայ առաքելական եկեղեցուն»,- ասաց պատգամավորը` խոսքն ուղղելով զեկուցող Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին:

«Շողակաթ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մանյա Ղազարյանը հեռախոսազանգերին չպատասխանեց, հեռուստաընկերության հոգեւոր-մշակութային հաղորդաշարերի տնօրեն Աննա Սարգսյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով այն տեսակետին, որ «Շողակաթ»-ը չպետք է քաղաքական ակցիաներ լուսաբանի, նշեց. «Բոլոր հանրային TV-ներն իրենց հաղորդաշարերը ներկայացնում են Հեռարձակող խորհրդին, թե ինչ բովանդակությամբ հաղորդաշարեր են հեռարձակվում եթեր: Մենք պարբերաբար ՀՀԽ-ին ներկայացնում ենք մեր հաղորդաշարերի բովանդակությունը եւ նոր միայն հեռարձակման արտոնություն ենք ստանում: Մեր վերադասը Հանրային հեռարձակողի խորհուրդն է, որի նախագահն Արա Շիրինյանն է: Մենք հեռարձակում ենք հոգեւոր-մշակութային հեռուստածրագրեր, բայց օրենքը որեւէ սահմանափակում չի դնում մեր առաջ՝ չհեռարձակելու որեւէ այլ թեմա, այլ ուղղվածությամբ: Օրենքի պահանջը մշակութային, կրթական, տեղեկատվական, ժամանցային հաղորդաշարերի բազմազանությունն է, մենք ենթարկվում ենք օրենքի այդ պահանջին եւ ապահովում ենք բազմազանություն: Օրենքը մեզ չի արգելում քաղաքականություն լուսաբանել, էլ չեմ ասում, որ քաղաքական հարաբերությունները, օրակարգերը վերաբերում են համապետական խնդիրներին, հանրային նշանակության հարցերին, այդ ամենին անդրադարձ կատարելը նույնիսկ մեր պարտավորությունն է, որպեսզի հասարակությունը լինի տեղեկացված, մենք պետք է իրացնենք հանրության տեղեկացվածության իրավունքը: Հանրությունը պետք է տեղեկացված լինի հասարակական միավորների վերաբերմունքի, կարծիքի մասին, հատկապես, եթե դրանք վերաբերում են անվտանգությանը: Մենք պարտավոր ենք լուսաբանել այդ թեմաները, դա մեր տեղեկատվական գործառույթի շրջանակն է, որը պարտավոր ենք իրականացնել»:

ՔՊ-ականները ցանկանում են «Շողակաթ»-ին ուղղվող ֆինանսները տրամադրել Հանրային ռադիոյին, որպեսզի այն ավելի լավ ծառայի ՔՊ-ական ռեժիմին, բայց Ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանն օրեր առաջ մեզ հետ զրույցում հավաստիացնում էր, որ Հանրային ռադիոն բավարար չափով ֆինանսավորվում է` ֆինանսի պակաս չունի: «Տրամաբանության տեսանկյունից ես անգամ այս թեմայի իմաստը չեմ հասկանում, մենք բոլորովին տարբեր կառույցներ ենք, թեպետ մենք էլ ենք հանրային, Հանրային ռադիոն էլ, բայց ի՞նչ կապ ունենք մեկս մյուսի հետ, Հ1-ն էլ է հանրային, բայց տարբեր ֆունկցիաներ ենք կատարում: Ես չեմ ցանկանում այլ ընկերությունների ֆինանսական հարցերը քննարկել, մանավանդ՝ Ռադիոյի ներքին հարցերը մեզ չեն վերաբերում: Մենք հեռարձակում ենք իրականացնում օրը 24 ժամ, տարեկան կտրվածքով` 8000-ից ավելի ժամ: Նախորդ տարվա ցուցանիշով` հոգեւոր-մշակութային լրագրությանը հատկացվել է 351 ժամ, մշակութային հաղորդաշարեր՝ 2409 ժամ, հոգեւոր հաղորդումներ` 1114 ժամ, երաժշտական հաղորդումներ, ծրագրեր ու համերգներ` 1217 ժամ, մանկական հաղորդումներ` 913 ժամ, եւ ուսումնական ու այլ հաղորդումներ` հասարակական բնույթի, 931 ժամ, գիտահանրամատչելի ուսումնական, վավերագրական ու գեղարվեստական կինոներ՝ 1285 ժամ: Սա հսկայական ծավալ է, որն ապահովում է մշակութային, կրթական, հոգեւոր հաղորդումների բազմազանություն, որն իրականացնում է հոգեւոր-մշակութային հանրային հեռուստաընկերությունը` «Շողակաթ»-ը»,- ասաց Աննա Սարգսյանը:

Թովմաս Ուրարակիր Առաքելյանն էլ, որը հոգեւոր ժանրի բլոգերությամբ է զբաղվում, «Հրապարակի» հետ զրույցում «Շողակաթ»-ի դեմ տարվող արշավին տվեց հետեւյալ գնահատականը. «Բանաձեւը շատ պարզ է` այն, ինչ ՔՊ-ի համար քաղաքական հարց է եւ, իրենցից մեկի բնութագրմամբ` կեղտոտ առեւտուր, ապա մեզ համար ազգային օրակարգ է: Ազգային եկեղեցին խոսել է, խոսում է եւ խոսելու է ազգային հարցերի ու պետության մասին: Նույնն է, թե Խրիմյան Հայրիկին ասեն` ինչո՞ւ է քաղաքական հարցերի մեջ մտնում, կամ Մեսրոպ Մաշտոցին ասեն` մի խառնվիր եկեղեցու գործերի մեջ: Տառերի գյուտն էլ ազգային խնդիր էր, ըստ էության` քաղաքական հարց էր…. «Շողակաթ»-ը ծառայում է մեր ազգային, եկեղեցական կարեւորագույն խնդիրներին: Առաքելական եկեղեցին ինչքան որ առաքելական է, այնքան էլ հայկական է: Հայկականությունն անօտարելի է մեր եկեղեցուց: Այնպես որ, լավ կանեն՝ ավել-պակաս քիչ խոսեն: Կարծում եմ, որ ազգային նորմալ հոգեւոր Հայաստան ունենալու պարագայում, հուսով եմ, որ այն շուտափույթ կլինի, պետությունը կլծվի այն կարեւոր առաքելությանը, որ եկեղեցու հետ ձեռք-ձեռքի՝ հզորացնի եկեղեցու մեդիագործունեությունը, դա միայն հոգեւորականների ուսերին բարդել չի կարելի, հսկայական աշխատանք է, որը մեծ ռեսուրսներ է պահանջում, նույնիսկ աշխարհիկ երկրներում եկեղեցին պետք է սատարում ունենա պետության կողմից` մեդիակազմակերպման առումով: Իմ դաստիարակությունը թույլ չի տալիս, որ ես մեկնաբանեմ ՔՊ-ական իշխանության ասածները»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031