Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը կխթանի մեր երկկողմ կապերը․ Սինգապուրի վարչապետ

Սեպտեմբեր 29,2019 15:45

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի երկկողմ պաշտոնական բանակցությունների ավարտից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների հարցերին։

Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսի սղագրությունն ամբողջությամբ.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան 

«Մեծարգո պարոն վարչապետ,
ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ,
Տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է ողջունել Սինգապուրի վարչապետի գլխավորած պատվիրակությանը Հայաստանում։ Այս տարի Հայաստանի և Սինգապուրի ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպելու հնարավորություն են ունեցել, ինչը գերազանց դաշտ է ստեղծել պատմական սերտ կապեր ունեցող մեր ժողովուրդների միջև տարաբնույթ փոխանակումների և փոխհամագործակցության ամրապնդման համար։ Մենք մեծապես շահագրգռված ենք խորացնել Սինգապուրի հետ մեր բարեկամական հարաբերությունները։ Այդ նպատակով իրականացնում ենք հետևողական քայլեր, ինչի համար առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները։

Հայաստանն ու Սինգապուրն ունեն հետաքրքիր ընդհանրություններ, մեր երկրները հարուստ չեն բնական ռեսուրսներով և իրենց զարգացման ռազմավարությունը կառուցում են մարդկային կապիտալի արդյունավետ օգտագործման վրա։ Կրթությունը, գիտելիքն ու նորարարությունը, աշխատասիրությունն ու լավատեսությունը մեր պետությունների զարգացման գրավականն ու շարժիչ ուժն են։ Դրանում են նաև պատմական սերտ առնչությունները, որոնք պատմական լրացուցիչ խթան են մեր հարաբերությունների համար։ Այս տարվա ընթացքում մեր բարձրաստիճան շփումները և անշուշտ, Սինգապուրի վարչապետի ընթացիկ այցը Հայաստան որակական նոր մակարդակի են բարձրացնում մեր երկկողմ հարաբերությունները։

ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի երևանյան նիստի շրջանակում Սինգապուրի հետ Եվրասիական տնտեսական միությունը և նրա անդամ պետությունները կստորագրեն Համապարփակ տնտեսական համագործակցության շրջանակային համաձայնագիր և Ազատ առևտրի մասին համաձայնագիր։ Բացի այդ, Հայաստանի և Սինգապուրի միջև ստորագրվելու է Ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին երկկողմ համաձայնագիր։ Ուրախ ենք, որ այս համաձայնագրերը կնքվելու են ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ընթացքում։ Մենք՝ որպես ԵԱՏՄ նախագահող երկիր, զգալի ջանքեր ենք գործադրել ԵԱՏՄ արտաքին կապերի աշխարհագրությունն ընդլայնելու ուղղությամբ, և Սինգապուրը եղել է մեր ուշադրության կենտրոնում։ Հուսով ենք, որ այս կարևոր իրավապայմանագրային հենքի ստեղծումը կնպաստի հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում մեր երկրների համագործակցության աշխուժացմանը։

Բանակցությունների ընթացքում մենք խոսեցինք միջազգային կառույցներում, մասնավորապես, ՄԱԿ-ի շրջանակում արդյունավետ համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։ Իմ երախտագիտությունը հայտնեցի Սինգապուրի կառավարության կողմից կազմակերպվող հանրային ծառայողների վերապատրաստման ծրագրի համար։ Սա հատկապես արժևորվում է մեր երկրում հանրային ոլորտում իրականացվող լայնածավալ բարեփոխումների համատեքստում։

Տիկնայք և պարոնայք,

ուրախությամբ եմ արձանագրում, որ իմ այցի ընթացքում Սինգապուրի հետ ստորագրված մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին հուշագիրն արդեն կոնկրետ արդյունքներ է տալիս։ Հաջորդ տարի նախատեսվում է Սինգապուրում կազմակերպել Հայաստանի օրեր, որոնք կնշանավորվեն մի շարք մշակութային միջոցառումներով։ Վստահ եմ, որ դա կնպաստի ինչպես մեր բարեկամ ժողովուրդների փոխճանաչելիության բարձրացմանը, մարդկային շփումների խրախուսմանը, այնպես էլ զբոսաշրջության և տնտեսական գործունեության ակտիվացմանը։ Այս համատեքստում խորհրդանշական է, որ գալիք տարի նշվելու է Սինգապուրի հայկական եկեղեցու 185-ամյակը։ Երախտապարտ ենք, որ հայկական նյութական և հոգևոր ժառանգությունը Սինգապուրում հիշում են և պահպանում ամենայն հոգատարությամբ։ Խոսքը փոխանցում եմ Սինգապուրի վարչապետ պարոն Լի Սյեն Լուին։ Շնորհակալություն։

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն 

Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Շնորհակալություն նաև Հայաստան այցելելու հրավերի և շատ ջերմ հյուրընկալության համար։ Ինձ համար պատիվ է առաջին անգամ Հայաստան այցելել։ Երբ վարչապետ Փաշինյանը եկավ Սինգապուր հուլիսին, ես իրեն ասացի, որ, հուսով եմ, շուտով կայցելեմ Հայաստան։ Ձեր երկրի փորձը և հմայքը, որի մասին շատ էի լսել, ցանկացա անձամբ զգալ և շատ ուրախ եմ, որ այստեղ եմ՝ փոխադարձելու համար նրա այցը Սինգապուր։ Մեր երկրները ջերմ կապեր ունեն, որոնց արմատները սկսվում են 19-րդ դարից։ Փոքրիկ, բայց աշխույժ հայկական համայնք կա Սինգապուրում, որը նշանակալի մասնակցություն է ունեցել մեր հասարակության կյանքում։ Կա նաև հայկական փողոց, մոտակայքում հայկական եկեղեցի, որը ամենահին եկեղեցին է Սինգապուրում, ընդ որում՝ այն պահպանվում է որպես ազգային հուշարձան։ Դա պաշտպանության ամենաբարձր աստիճանն է մեր պատմական շենքերի համար։ Անգամ մեր ազգային ծաղիկը՝ Վանդա Միսս Ջոաքիմը, Ագնես Ջոաքիմի կողմից է աճեցվել, ով հայկական ծագում ուներ։

Այսօր առավոտյան վարչապետը և ես խոսել ենք բազմաթիվ թեմաներից՝ քննարկեցինք ինչպես ընդլայնել մեր երկկողմ կապերը, այդ թվում՝ փոխանակումներով և ուսումնական այցերով, որպեսզի միմյանցից սովորենք։ Մենք քննարկեցինք Եվրասիական տնտեսական միություն-Սինգապուր Ազատ առևտրի մասին համաձայնագիրը, և էական առաջընթաց ենք ձեռք բերել նախորդ հանդիպումից ի վեր, որը մեզ թույլ է տալիս ստորագրել համաձայնագիրն այս այցիս ընթացքում։

Հայաստանը համախոհ և կարևոր գործընկեր է Սինգապուրի համար Եվրասիական տնտեսական միությունում։ Առաջին հայացքից մեր երկրները շատ տարբեր են. երկուսն էլ աշխարհագրական մեծ հեռավորության վրա են, մեկը կղզի պետություն է, մեկը դեպի ծով ելք չունի, երկուսն էլ տարբեր ճանապարհներով են գնացել դեպի անկախություն, բայց մենք շատ ընդհանրություններ ունենք՝ որպես փոքրիկ պետություններ, որոնք ձգտում են դարպաս ծառայել մեր տարածաշրջաններում։ Երկուսս էլ կարևորում ենք ազատ և բաց առևտուրը, երկուսս էլ կարևորում ենք բազմակողմ միջազգային օրակարգը, և երկուսս էլ կրում ենք իրավունքի գերիշխանության արժեքները միջազգային հարթակներում։ Այս իմաստով երկուսս էլ Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի Ազատ առևտրի մասին համաձայնագրի կարևոր ջատագովներ ենք։ Ուրախ ենք, որ երեքշաբթի ստորագրելու ենք Շրջանակային համաձայնագիրը և ուրախ եմ, որ երեքշաբթի Սինգապուրը և Հայաստանը նաև ստորագրելու են ծառայությունների, առևտրի և ներդրումների համաձայնագիր։ Հինգ ծառայությունների և ներդրումների համաձայնագրերից առաջինն է, որոնք, հուսով ենք, կնքել ԵԱՏՄ անդամ-պետություններից յուրաքանչյուրի հետ։ Համաձայնագրերը յոթ փուլի պաշտոնական բանակցություններից հետո են ամրապնդվել, որոնք երկու տարի առաջ սկիզբ առան։ Այն նոր թափ է հաղորդում Ազատ առևտրի մասին համաձայնագրի բանակցություններին, և պետք է բանագնացներին շնորհակալություն հայտնենք իրենց աշխատանքի համար։

Սա ԵԱՏՄ առաջին համապարփակ Ազատ առևտրի համաձայնագիրն է, և Սինգապուրի համար մեծ պատիվ է լինել գործընկեր այդ համաձայնագրում։ Շնորհակալ եմ վարչապետ Փաշինյանին իր անձնական առաջնորդության, այս արդյունքն ապահովելու և այս արարողությունը հյուրընկալելու համար։ Հուսով եմ՝ այն զարկ կտա, որպեսզի կապերը ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ավելի սերտանան, և սա ուղի հարթի ազատ առևտրի համաձայնագրի համար ԵԱՏՄ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև։ Ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը կխթանի նաև մեր երկկողմ կապերը և կհիմնվի այն համաձայնագրերի վրա, որոնք ստորագրեցինք վարչապետ Փաշինյանի՝ Սինգապուր կատարած հուլիսյան այցի ժամանակ։ Լիահույս եմ և սպասում եմ, որ այդ համաձայնագրերը կիրագործվեն, որպեսզի մեր ժողովուրդները և տնտեսվարողները վայելեն շոշափելի օգուտները։

Անհամբերությամբ սպասում էի իմ այս այցին Հայաստան, ավելի ուշ նախագահին և Վեհափառ Հայրապետին՝ Կաթողիկոսին վաղը հանդիպելուն։ Շնորհակալություն։

Հարց- Chanel News Asia- Սինգապուրն ու Հայաստանը փոքր պետություններ են՝ շրջապատված ավելի մեծ հարևաններով, բայց աշխարհագրական առումով հեռու են իրարից: Ինչպե՞ս կարող է Սինգապուրն օգտվել Հայաստանի հետ համագործակցելուց և, հակառակը, ինչպե՞ս կարող է Հայաստանը:

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն – Որպես փոքր պետություններ, կարծում եմ, մենք խորը շահ ունենք, որպեսզի լավագույնս համագործակցենք միմյանց հետ: Հեռավորությունը, այո, գործոն է, բայց հարաբերությունների զարգացման և աճի ներուժը միշտ կա, և ես կարծում եմ, որ մենք շատ բան կարող ենք անել դա ամրապնդելու համար: Երբ վարչապետն այցելեց Սինգապուր, մենք ստորագրեցինք որոշ համաձայնագրեր և համագործակցության հուշագրեր երկու պետությունների միջև. եղել է զբոսաշրջության ոլորտում համագործակցության հուշագիր, ունենք կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրեր, համագործակցում ենք տեխնիկական և մասնագիտական կրթության ոլորտում: Սրանք գործնական քայլեր են, որոնք մենք երկկողմանիորեն կարող ենք անել, որպեսզի խթանենք երկու պետությունների միջև համագործակությունը: Տարածաշրջանների մակարդակով, սակայն, Սինգապուրն ԱՍԵԱՆ-ից է, Հայաստանը ԵԱՏՄ-ի մաս է։ Ես կարծում եմ՝ միասին կարող ենք աշխատել մեր տարածաշրջաններում, որպեսզի խորացնենք նրանց միջև կապերը: Սինգապուրի ազատ առևտրի համաձայնագիրը ԵԱՏՄ-ի հետ, որը ստորագրում ենք երեքշաբթի, և ծառայությունների և ներդրումների համաձայնագիրը Հայաստանի հետ, որը ստորագրելու ենք նույնպես երեքշաբթի օրը, կարծում եմ օգտակար կլինեն և՛ Սինգապուրի և՛ Հայաստանի համար:

Երրորդը՝ մենք միասին աշխատում ենք միջազգային հարթակներում, օրինակ՝ ՄԱԿ-ում: Հայաստանը փոքր պետությունների ֆորումի՝ (FOSS) անդամ է, 100-ից ավելի ենք մենք այդ կառույցում: Մենք աշխատում ենք միասին ՄԱԿ-ում, որպեսզի առաջ տանենք մեր շահերը, մեր ձայնը լսելի դարձնենք, որպեսզի միջազգային համայնքում, որտեղ շատ պետություններ շատ ավելի մեծ են մեզնից, մենք կարողանանք, այնուհանդերձ, մեր շահերը պաշտպանել և առաջ մղել մեր երկուսիս մտահոգող հարցերը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան– Ես կարծում եմ, որ նման այցերը նաև կրճատում են հեռավորությունը, որ գոյություն ունի մեր երկրների միջև, մանավանդ 21-րդ դարում: Կարող եմ վստահաբար ասել, որ այս այցերի արդյունքում Սինգապուրը և Հայաստանն ավելի են մոտեցել իրար, և սա շատ լավ հենք է ստեղծում: Մանավանդ, օրինակ, տուրիզմի առումով՝ ինչքան երկիրը հեռու է, այնքան ավելի հետաքրքիր է տուրիստի համար, որովհետև նոր զգացողություններ և նոր տեսադաշտ է բացում: Ես, օրինակ, կցանկանամ, որ հնարավորինս մեծ թվով Հայաստանի քաղաքացիներ լինեն Սինգապուրում, տեսնեն Սինգապուրը, զգան Սինգապուրը և կցանկանամ, որ ավելի մեծ թվով Սինգապուրի քաղաքացիներ լինեն Հայաստանում, տեսնեն մեր երկիրը, զգան մեր երկիրը, մանավանդ, ինչպես պարոն վարչապետն ասաց, արդեն իսկ որոշակի ընկալում Հայաստանի մասին Սինգապուրում կա, և Սինգապուրի ազգային խորհրդանիշը որոշակի առնչություններ ունի հայ ժողովրդի հետ: Էլ չեմ ասում, որ 21-րդ դարում տարածությունը կրճատելու շատ կարևոր գործիք կա, և դա համագործակցությունն է տեխնոլոգիական ոլորտում: Ուրախ եմ, որ մենք ունենք ընդհանուր ըմբռնում, որ բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մենք պիտի համագործակցենք, և այստեղ նույնպես հսկայական ներուժ կա: Եվ ես հավատում եմ, որ մեր փոխադարձ ջանքերով մենք կկարողանանք կրճատել այն տարածությունը, որ գոյություն ունի Սինգապուրի և Հայաստանի միջև:

Հարց- Հայաստանի հանրային հ/ը – Պարոն վարչապետ, երբ հուլիսին Դուք այցելեցիք Սինգապուր, նշեցիք, որ Հայաստանի ուՍինգապուրի միջև պետք է զարկ տալ առևտրի ու ներդրումների զարգացմանը: Այս կարճժամանակահատվածում արդյոք ունե՞նք արդեն շոշափելի արդյունքներ, և Սինգապուրի վարչապետի այցը Հայաստան ու սպասվող համաձայնագրի ստորագրումը ԵԱՏՄ-ի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին որքանո՞վ կարող է նպաստել Հայաստանի ու Սինգապուրի միջև տնտեսական կապերի զարգացմանը և ի՞նչ կտա այս համաձայնագիրը մեզ:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան – 
Այս համաձայնագիրը հենց այն մասին է, որ նոր հնարավորություններ և պայմաններ է ստեղծում բիզնեսի համար՝ և՛ ներդրումների առումով, և՛ առևտրի առումով, և կարծում եմ, որ նաև բիզնեսը սպասում է այսպիսի հնարավորությունների։ Մենք վարչապետի հետ քննարկում էինք հենց դա, որ նմանօրինակ այցերը և շփումները միջոց են փոխադարձաբարմեր պոտենցիալ ներդրողների ուշադրությունը հրավիրել՝ համապատասխանաբար Սինգապուրում և Հայաստանում գործունեություն ծավալելու համար: Կարծում եմ` Հայաստանը շատ բան ունի առաջարկելու Սինգապուրին, և մենք քննարկում ենք դա, արտահանման ի՞նչ հնարավորություններ կան, և Սինգապուրը շատ բան ունի առաջարկելու Հայաստանին։ Մենք այս փուլում` երկու ամիսների ընթացքում բավական ինտենսիվ, բովանդակային աշխատանք ենք կատարել, որի նպատակն է՝ ստեղծել հնարավորություններ, ուշադրություն հրավիրել այդ հնարավորությունների վրա, և կարծում եմ, որ այդ բավարար չափով ուշադրությունն արդեն իսկ հրավիրված է: Կառավարությունները չեն կարող բիզնեսներին թելադրել, պարտադրել որևէ տեղ ներդրում կատարել, կառավարությունների դերն է` անել առավելագույնը, որ փոխադարձաբար ներդրումները լինեն ձեռնտու: Մենք պետք է խոսենք կրկնակի հարկումը բացառելու մասին։ Մենք այս նոր պայմանագրով, որը դեռ պետք է ստորագրվի, ապա վավերացվի, բացարձակապես նոր հնարավորություններ ենք ստեղծում և՛ Սինգապուրի, և՛ Հայաստանի բիզնեսի, և՛ նաև Եվրասիական տնտեսական միության տարածքի բիզնեսի համար:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30