Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցեղասպանության ճանաչման հարցը ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը չէ»․ Արարատ Միրզոյան

Հոկտեմբեր 31,2024 11:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արցախյան հակամարտության կարգավորման հարց արտգործնախարարության օրակարգում գոյություն ունի՞, թե՞ ոչ։ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարց ԱԳՆ օրակարգում գոյություն ունի՞, թե՞ ոչ։ Հայաստանի համաձայնությունն ունենալով՝ Ադրբեջանում պետք է գումարվի COP29-ը։ Մեր մասնակցությունը առիթ չէ՞ եւս մեկ արդյունք ստանալու, այսինքն՝ հասնել նրան, որ Ադրբեջանի բանտերում պահվող 30-ից ավելի գերիներն ազատ արձակվեն»,- Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Երբ ասում եք Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, մենք հասկանում ենք այն ամբողջ կոնֆլիկտը, որը եղել է։ Քանի դեռ պայմանագիրը ստորագրված չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, ես լավ չեմ հասկանում, բոլորս ունենք մեր պատկերացումները։ Որպեսզի կարողանանք ճիշտ հարցադրումները հասկանալ ու պատասխանել, պետք է շատ հստակ ձեւակերպումներ անենք։ Ես մի բան եմ հասկանում ԼՂ հակամարտություն ասելով։ Դուք կարող է մեկ այլ բան։ Մենք զբաղվում ենք այս պահին եւ այդ մեր զբաղվելիքը ունի հետեւյալ վերնագիրը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում։ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման շուրջ, ինչպես կարող եք ենթադրել նրանից, որ ես առաջնահերթությունները թվարկելիս դրան առանձին չանդրադարձա, դա մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Եվ պատմության ողբերգական անցքերը՝ Հայոց Ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, արտաքին գործերի նախարարության օրակարգը չէ»։

Անդրադառնալով COP29-ին մասնակցելու ու գերիների հարցին՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ մշտապես խոսում են գերիների եւ այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցի մասին։

Արմեն Ռուստամյանն ասաց, որ այս հարցերը կառավարության ծրագրում արձանագրված են։ «Ես ձեր ասածից հասկացա, որ Արցախյան հակամարտության կարգավորման հարց որպես այդպիսին ձեր օրակարգում չկա։ Վերցրեք ձեր ծրագիրը եւ կարդացեք՝ ինչ է այնտեղ գրված։ Այդ ծրագիրը դուք պատրաստվում եք իրականացնել, թե՞ ոչ։ Նույնը վերաբերում է Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, նույն արձանագրությունները կան ձեր կառավարության ծրագրում»,- ասաց Ռուստամյանը։

«Իմ պարտականությունն է այնպես անել, որ ՀՀ քաղաքացիներն ապրեն անվտանգ ՀՀ 29 743 քկմ ինքնիշխան եւ ապահով տարածքում։ Ես որեւէ նախադասություն, որեւէ քայլ, որեւէ ուղերձ բխեցնում եմ միմիայն այդ պատկերացումից ու պարտականությունից։ Ես իրավունք չունեմ, թույլ տալ, որ սենտիմենտները մեզ առաջնորդեն»,- ասաց Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031