Լրահոս
Օրվա լրահոսը

Նշված տարածքների տրամադրման դեպքում համալսարանի լսարանային ֆոնդը կկրճատվի. անհնար կդառնա շուրջ 1300 ուսանողի ուսումնական գործընթացի կազմակերպումը. բաց նամակ

Հոկտեմբեր 31,2024 10:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի աշխատակիցների եւ ուսանողության մտահոգություններն ու դիրքորոշումը «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» ու «Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամներից գույք հետ վերցնելու, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» եւ «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու, այլ տարածքներ համատեղ օգտագործելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ։

1.Որոշման նախագծով «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամին տրամադրվող տարածքում են տեղակայված «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջը՝ իր 1067 ուսանողով (նախորդ ուսումնական տարվա համեմատ ավելացել է 295 ուսանողով), 88 խմբով (նախորդ ուսումնական տարվա համեմատ ավելացել է 23 խմբով), Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետը, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ու Ագրոնոմիական ֆակուլտետի ենթակառուցվածքների որոշ մասը, ինչպես նաեւ «Նյութերի դիմադրության», «Գյուղմեքենաների եւ տրակտորների», «Մեքենասարքավորումների ճարտարագիտության», «Գյուղատնտեսական մեքենայացման եւ ավտոմատացման», «Սննդագիտության եւ կենսատեխնոլոգիաների», «Գրունտների մեխանիկայի» լաբորատորիաներն ու արհեստանոցները, որտեղ անցկացվում են ուսումնական պարապմունքներ եւ իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ։ Այդ լաբորատորիաները եւ արհեստանոցները կահավորված են եզակի սարքավորումներով եւ ստենդներով, որոնք ենթակա չեն ապամոնտաժման ու տեղափոխման:

2.Վերը նշված լաբորատորիաներն ու արհեստանոցները հիմք են հանդիսացել Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում գործող հինգ կրթական ծրագրերի լիցենզիաների ստացման համար: Հետեւաբար, նշված տարածքները «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամին տրամադրելու դեպքում կխախտվի կրթական ծրագրերի լիցենզիայի տրամադրման կարգի պահանջը:

3.Որոշման նախագծում նշված տարածքների տրամադրման դեպքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի լսարանային ֆոնդը կկրճատվի շուրջ 40 լսարանով, որը անհնար կդարձնի շուրջ 1300 ուսանողի ուսումնական գործընթացի կազմակերպումը եւ 77 դասախոս կզրկվի 19 աշխատասենյակներում աշխատելու հնարավորությունից:

4.Համալսարանը պատշաճ ուսումնական, գիտական եւ խորհրդատվական գործունեություն իրականացնելու համար պետք է կարողանա ստեղծել համապատասխան ուսումնական միջավայր՝ կրթական ծրագրերի եւ ռազմավարական պլանի իրականացման համար, ունենա անհրաժեշտ ուսումնական տարածքներ ու ռեսուրսային բազա, որը նաև բուհի հավատարմագրման՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված չափանիշ է:

5.Որոշման նախագծով առաջարկված գույքի (մարզադահլիճի, ճաշարանի, տանիքի, նկուղի եւ այլն) համատեղ օգտագործման կետերում հստակության պակաս կա, որը լուրջ դժվարություններ կառաջացնի դրանց համատեղ օգտագործման ընթացքում։

Վերը թվարկվածը ամփոփելով, շեշտում ենք, որ ՀՀ կառավարության ներկայացրած որոշման նախագծի հաստատվելու դեպքում, կխաթարվեն «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ինչպես գիտական գործունեությունը, այնպես էլ մասնագիտական կրթության կազմակերպման բնականոն գործընթացները բոլոր մակարդակներում՝ քոլեջի, բակալավրիատի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի:

Ուստի, դիմում ենք ՀՀ կառավարությանը՝ հորդորելով վերանայել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» ու «Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամներից գույք հետ վերցնելու, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» եւ «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու, այլ տարածքներ համատեղ օգտագործելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ պահպանելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շահերը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աշխատակիցներ եւ ուսանողներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031