Զրո վարչարարություն է պաշտպանական գերատեսչությունում, ապաշնորհ հրամաններ ու անպատասխանատու գործելաոճ
Այս 9 ամիսներին մահվան 33 դեպք է գրանցվել բանակում: Դեռ վիճարկում են, դժբախտ պատահարի հետեւանքո՞վ է, թե՞ ծառայության հետ կապված: Իսկ ծառայության ժամանակ չէ, որ անսարք մեքենաների պատճառով երեխաներ մահացան, կամ՝ հիվանդության հետեւանքով: Սա դեռ քրեական վարույթների շրջանակներում քննվելիք հարցեր են: Չեմ հիշում երբեք, որ ՀՀ վարչական դատարանն այսքան ծանրաբեռնված լիներ հայցադիմումներով, որտեղ պատասխանողը պաշտպանության նախարարությունն է կամ՝ նախարարը: Միայն այս տարվա 9 ամիսների համար համաձայնվեք, որ 231 հայցապահանջը լուրջ քննարկումների տեղիք կարող էր տալ, բայց մեզ մոտ հակառակն է. լռություն:
Ափսոսում եմ, որ վարչական դատարան չեն գալիս ՊՆ ներկայացուցիչները: Այս դատական գործընթացների ժամանակ պարզ է դառնում, որ զրո վարչարարություն է պաշտպանական գերատեսչությունում, ապաշնորհ հրամաններ ու անպատասխանատու գործելաոճ:
Վարչական դատարանում հայցվորը հայտնում է, որ իր եւ ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ 22.77.2022 թվականին կնքվել է «Ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու եւ ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին» պայմանագիր: ՀՀ պաշտպանության նախարարի 11.03.2024թ. «Նպատակային ուսումնառության շրջանակներում բուհում սովորող քաղաքացու հետ կնքված պայմանագիրը վաղաժամկետ լուծելու եւ տրված տարկետումը դադարեցնելու մասին» N 411 հրամանի համաձայն՝ մեկ ուսումնական տարվա ընթացքում զինվորական պատրաստությունից 32 ակադեմիական ժամից ավելի բացակայելու հիմքով վաղաժամկետ լուծվել է Հ. Բ.-ի հետ կնքված պայմանագիրը»: Հայցվորը պնդում է, որ իրեն զրկել են լսված լինելու իրավունքից, այսինքն, պայմանագիրը խզել են, առանց իրեն իրազեկելու:
Կարդացեք նաև
Մեկ այլ գործով Ս. Ս.-ն ՀՀ պաշտպանության նախարարությունից պահանջում է՝ պարտավորեցնել վերջինիս կատարել «ամբողջ ծառայության ընթացքում աշխատած, սակայն վարձատրություն չստացած շաբաթ օրերի քանակի եւ այդ օրերի համար տրամադրվելիք վարձատրության չափի վերաբերյալ հաշվարկ եւ հայցվորին վճարել հատուցման ենթակա այդ գումարները»: Նշեմ, որ նմանատիպ պահանջները բազմաթիվ են, կապված հատկապես պայմանագրային զինծառայողներին իրենց հասանելիք գումարները չվճարելու հետ: Վանաձորցի Լ. Կ.-ն դատարանին խնդրում է պարտավորեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանը իրեն տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարի 17.07.2023 թվականի թիվ 983-Լ հրամանին եւ նույն հրամանով սահմանված՝ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված եւ չօգտագործված արձակուրդի օրերի համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած նախկին զինծառայողների կողմից հասանելիք հատուցումը հաշվարկելու նպատակով ներկայացված դիմումներով վարչարարության իրականացման կարգին համապատասխան՝ պայմանագրային կարգով ՀՀ ՊՆ զորամասում ծառայելու ընթացքում ոչ աշխատանքային եւ տոնական օրերին ծառայության դիմաց համապատասխան փոխհատուցում տրամադրելու մասին վարչական ակտը չընդունվելու հետեւանքով այն ընդունված համարվելու դեպքում օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը:
Ռ.Ս.-ն 03.07.2024թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, խնդրելով պարտավորեցնել պաշտպանության նախարարությանը, հաշվարկել, վճարել զինվորական ծառայության ողջ ժամանակահատվածի ընթացքում չօգտագործված արձակուրդի օրերի, հանգստյան եւ տոնական օրերին աշխատած, սակայն դրանց դիմաց չվարձատրված գումարը…
Դատարանում առկա Դ.Ս. -ի կողմից հայցադիմումը ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային եւ զինվորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման եւ ՀՀ պաշտպանության նախարարության դեմ է: Հայցվորը խնդրում է անվավեր ճանաչել Երեւանի թիվ 1 ստորաբաժանման ղեկավարի՝ Դ. Խ.-ին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու մասին 13.05.2024թ. թիվ 124 որոշումը եւ 03.05.2024թ. թիվ 1611 եզրակացությունը, պարտավորեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանը ձեռնպահ մնալ Դ. Ս.-ին զորակոչելուն ուղղված գործողությունների կատարումից: Դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել, արգելել է պաշտպանության նախարարությանը զորակոչելուն ուղղված գործողություններ կատարել, մինչեւ վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
Վ. Ն.-ի գործով էլ հայցվորը խնդրել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու մասին բարենպաստ վարչական ակտ կայացվելուն պարտավորեցնել, նաեւ 01.08.2024թ. թիվ 56/75 եւ 08.08.2024թ. թիվ 60/250 եզրակացություններն անվավեր ճանաչել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.10.2024