Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բեւեռացած վրացական հասարակությունն ու Օրբանի եւ Փաշինյանի շնորհավորանքը՝ «Վրացական երազանքին»

Հոկտեմբեր 31,2024 12:00

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին 12 տարի իշխանության ղեկին գտնվող ռուսամետ «Վրացական երազանք»-ը հավաքեց ձայների ավելի քան 50 տոկոսը։

Ընդդիմադիր ուժերը՝ «Հանուն փոփոխությունների» դաշինքը, «Միասնություն՝ փրկելու Վրաստանը», «Ուժեղ Վրաստանը» եւ «Հանուն Վրաստանի»-ը անցողիկ շեմը հաղթահարել են, սակայն նրանք չեն ընդունում ընտրությունների արդյունքները, պնդում են համատարած կեղծիքների մասին, չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։

Հոկտեմբերի 28-ին Թբիլիսիում ընդդիմությունը հանրահավաք անցկացրեց։ Հազարավոր քաղաքացիներ հավաքվել էին խորհրդարանի շենքի մոտ: Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, դիմելով ցուցարարներին, նշեց. «Դուք չեք պարտվել ընտրություններում: Նրանք գողացան ձեր ձայնը եւ փորձեցին գողանալ ձեր ապագան, բայց ոչ ոք իրավունք չունի դա անել, եւ դուք ոչ մեկին թույլ չեք տա դա անել»: Վրաստանի նախագահը խոստացել է պաշտպանել հարավկովկասյան ժողովրդի ուղին դեպի Եվրոպա:

Վրաստանյան ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները Ռուսթավելիի պողոտայում հավաքված հանրահավաքի մասնակիցներին ներկայացրել են գործողությունների ծրագիրը։ Ընդդիմադիր «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գիորգի Վաշաձեն նշել է. «Առաջին՝ ինչպես դուք, այնպես էլ՝ մենք, այս ընտրությունները ոչ լեգիտիմ ենք ճանաչում։ Երկրորդ՝ մենք չենք պատրաստվում մտնել այս խորհրդարան, ոչ միայն մանդատներից կհրաժարվենք, այլեւ ընտրացուցակները կցրենք։ Երրորդ՝ պայքարելու ենք այնքան, մինչեւ հաղթենք, եւ մենք միասին ենք հաղթելու։ Չորրորդ՝ մենք ունենք ընտրությունները նորից անցկացնելու շատ կոնկրետ պահանջ, բայց ընտրությունները պետք է անցկացնի Միջազգային ընտրական վարչությունը։ Մենք չենք պատրաստվում գնալ որեւէ բանակցության, չենք պատրաստվում որեւէ երկխոսություն վարել։ Միակ բանակցությունն ու համաձայնությունը պետք է լինեն նոր ընտրությունների շուրջ, որոնք կանցկացվեն միջազգային վարչակազմի կողմից»:

Բռնություն ընդդիմադիրների նկատմամբ, ընտրողների ահաբեկում, վարչական ռեսուրսի համատարած չարաշահում. Միջնորդների գնահատականները

Վրաստանի խորհրդարանական ընտրություններն անցել են անհավասար պայմաններում, ճնշումներով եւ լարվածությամբ, սակայն ընտրողներին առաջարկվել է լայն ընտրություն, ասվում է միջազգային դիտորդների հրապարակած հայտարարության մեջ, որը հրապարակվել էր ընտրությունների հաջորդ օրը: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրոպական խորհրդարանի համատեղ դիտորդական առաքելությունը շեշտել է՝ ընտրություններն ուղեկցվել են արմատացած բեւեռացմամբ եւ վերջերս ընդունված օրենսդրության եւ հիմնարար ազատությունների, քաղաքացիական հասարակության վրա դրա ազդեցության վերաբերյալ մտահոգություններով, ինչպես նաեւ ծայրահեղ բաժանարար նախընտրական հռետորաբանությամբ, ընտրողների ճնշումների մասին համատարած հաղորդումներով։ ԵԱՀԿ առաքելության ղեկավար Պասկալ Ալիզարը նշել է, որ բացահայտվել են քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտման փաստեր։ «Հատկապես կնշեի քաղծառայողների վրա ճնշումները ընտրությունների օրը։ Տեղեկություններ կային, որ ահաբեկումները եւ ճնշումները բացասաբար են ազդել ընտրողների վրա՝ բացասաբար ազդելով գործընթացի վրա»,- ասել է Պասկալ Ալիզարը:

Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Անտոնիո Լոպես-Իստուրիզ Ուայթը հավելել է՝ շարունակում են «խորը մտահոգություն հայտնել Վրաստանում ժողովրդավարության հետընթացի կապակցությամբ»: Ընտրություններն անցել են «բեւեռացված եւ սահմանափակող միջավայրում, որը խաթարում է ներառականությունը, թափանցիկությունը եւ արդարությունը», ասել է Ընտրությունների դիտորդական կազմակերպությունների եվրոպական ցանցի դիտորդական առաքելության ղեկավար Զլատկո Վույվովիչը։ Նա նշել է, որ գրանցվել են լուրջ խախտումներ, այդ թվում՝ բռնություն ընդդիմության անդամների նկատմամբ, ընտրողների ահաբեկում, դիտորդներին վարկաբեկելու արշավներ եւ վարչական ռեսուրսների համատարած չարաշահում։

Ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները

«Միասնական ազգային շարժումը», որը գլխավորում է «Միասնություն՝ փրկելու Վրաստանը» դաշինքը, անմիջապես մերժել է ԿԸՀ-ի հայտարարած արդյունքները։ «Միացյալ ազգային շարժման անունից մենք հայտարարում ենք, որ չենք ընդունում գողացված ընտրությունների արդյունքները եւ մտադիր չենք ճանաչել այդ գողացված ընտրությունների արդյունքները», նշել է կուսակցության նախագահ Թինա Բոկուչավան։ «Ուժեղ Վրաստանի» առաջնորդ Մամուկա Խազարաձեն պնդել է, որ ընդդիմությունը հաղթել է Եվրոպայում կովկասյան երկրի ապագա ուղու համար վճռորոշ ընտրություններում: «Շնորհավորում եմ Վրաստանում Ռուսաստանի կառավարության պարտության կապակցությամբ»։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի նստավայրում հոկտեմբերի 27-ին բանակցություններ վարեց ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ։ Բանակցություններից հետո Զուրաբիշվիլին հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններն ամբողջությամբ կեղծվել են՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները: «Հիբրիդային պատերազմի նոր ձեւ, որը փորձարկվել է վրաց ժողովրդի վրա: Մենք ականատես եղանք մի արտասովոր երեւույթի, դա տոտալ կեղծիք էր, ձեր ձայների տոտալ հափշտակում: Ես չեմ ճանաչում այս ընտրությունները: Այս ընտրությունները չեն կարող ճանաչվել: Սա նույնն է, ինչ այստեղ Ռուսաստանի մուտքի ճանաչումը, Վրաստանի ենթակայությունը Ռուսաստանին։ Ես դրա համար չեմ եկել երկիր: Սա այն չէ, ինչի համար ապրել են մեր նախնիները, եւ մենք դա չենք ընդունի։ Ոչ ոք չի կարող խլել Վրաստանի եվրոպական ապագան», նշել էր Վրաստանի նախագահը։

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին եւս խորհրդարանական ընտրություններից հետո զանգվածային բողոքի ակցիաների կոչ արեց։ «Իհարկե, ոչ ոք չպետք է մտնի խորհրդարան։ Հիմա ժամանակը չէ տխրելու, թե ինչպես են մեզ խաբել։ Հիմա եկել է մեծ բողոքի ցույցերի ժամանակը, որոնք աշխարհին ցույց կտան, որ մենք պայքարում ենք ազատության համար, եւ որ մենք այն ժողովուրդն ենք, որը չի հանդուրժում անարդարությունը։ Ժամանակը շատ քիչ է»,- գրել էր Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում։

Արեւմուտքից հնչող գնահատականները Վրաստանի վերաբերյալ մտահոգիչ տոնայնությամբ են: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մտադիր է Վրաստանի հարցը ներառել Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովի օրակարգում։ «Մենք ի գիտություն ենք ընդունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական գնահատականը եւ կոչ ենք անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ այլ պատկան մարմիններին կատարել իրենց պարտականությունը՝ արագ, թափանցիկ եւ անկախ հետաքննել եւ անդրադառնալ ընտրախախտումներին եւ մեղադրանքներին: Այս ենթադրյալ խախտումները պետք է լրջորեն պարզաբանվեն եւ հետաքննվեն»,- հայտնել է նա։ Միշելը կրկնել է ԵՄ-ի կոչը՝ ուղղված Վրաստանի ղեկավարությանը՝ «ցուցադրել ամուր հավատարմությունը երկրի եվրոպական ուղուն»:

Եվրամիությունն ուշադրությամբ հետեւել է խորհրդարանական ընտրություններին տանող զարգացումներին։ Անցած ամիսների ընթացքում Վրաստանի ժողովուրդը ցույց է տվել իր կապվածությունը ժողովրդավարական արժեքներին եւ հավատարմությունը ԵՄ ուղուն: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։ «ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի գլխավորած Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացությունների համաձայն՝ ընտրությունների օրը, ընդհանուր առմամբ, ընթացակարգային առումով լավ կազմակերպված էր, բայց առանձնանում էր լարված միջավայրով, քվեարկության գաղտնիության հաճախակի խախտումներով եւ մի շարք ընթացակարգային անհամապատասխանություններով, ինչպես նաեւ ընտրողներին վախեցնելու եւ ճնշումների մասին հաղորդումներով, որոնք բացասաբար են ազդել ընտրողների նկատմամբ հանրային վստահության գործընթացի վրա։ Ընտրողների, մասնավորապես, պետական հատվածի աշխատողների վրա ճնշումների մասին հաղորդումները լայնորեն տարածվել են ամբողջ քարոզարշավի ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ դիտորդները զեկուցել են անհավասար մրցակցային դաշտի, բեւեռացված մթնոլորտում պառակտող քարոզարշավի եւ այս ընտրական գործընթացի վրա վերջին օրենսդրական փոփոխությունների ազդեցության վերաբերյալ զգալի մտահոգությունների մասին: «Մենք կոչ ենք անում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ այլ համապատասխան մարմիններին կատարել իրենց պարտականությունը՝ արագ, թափանցիկ ու անկախ հետաքննելու ընտրական խախտումներն ու դրանց վերաբերյալ պնդումները։ Այդ խախտումները պետք է պարզաբանվեն եւ լուծվեն։ Դա անհրաժեշտ քայլ է ընտրական գործընթացի նկատմամբ վստահության վերականգնման համար»,- ընդգծել է Բորելը։ Նա նշել է, որ ԵՄ-ն անհամբերությամբ սպասում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցին եւ առաջարկություններին, որոնք պետք է իրականացվեն հնարավորինս շուտ:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն անդրադարձել է ընտրակեղծիքների մասին հայտարարություններին։ «Այնքան տարիներ է, ինչ Վրաստանի ժողովուրդը ձգտում եւ պայքարում է հանուն ժողովրդավարության»,- ասել է նա։ «Նրանք իրավունք ունեն իմանալու, թե ինչ է տեղի ունեցել այս շաբաթավերջին, եւ իրավունք ունեն տեսնելու, որ ընտրական խախտումները հետաքննվում են արագ, թափանցիկ եւ անկախ կերպով։ Վրացիները, ինչպես բոլոր եվրոպացիները, պետք է լինեն իրենց ճակատագրի տերը»:

Վաշինգտոնը դատապարտեց Վրաստանում խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած միջազգային նորմերի բոլոր խախտումները` միանալով միջազգային, տեղական դիտորդների կոչերին՝ խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումները պետք է ամբողջությամբ հետաքննվեն։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, վկայակոչելով միջազգային դիտորդների հաղորդումները, մասնավորապես, շեշտել է՝ ընտրություններն անցել են անհավասար մրցակցային պայմաններում, ընտրողների ահաբեկմամբ, իշխող կուսակցության կողմից եղել է հանրային ռեսուրսի չարաշահում։ Շեշտելով, որ միջազգային դիտորդները ընտրություններն ազատ ու արդար չեն համարել՝ Բլինքենը կոչ է արել Վրաստանի իշխանություններին հարգել օրենքի գերակայությունը։ «Մենք դատապարտում ենք միջազգային նորմերի բոլոր խախտումները եւ միանում ենք արձանագրված խախտումների լիարժեք հետաքննության վերաբերյալ միջազգային եւ տեղական դիտորդների կոչերին», – ասված է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունում։

«Սա վրաց ժողովրդի ընտրությունն է, Մոսկվան չի խառնվում»

Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան գրառմամբ հակադարձել է Վրաստանի նախագահին, որը հայտարարել էր, թե թույլ չեն տալու խլել Վրաստանի եվրոպական ապագան.

«Իսկ վրացական ապագան եվրոպականից ինչո՞վ է վատը։ Վրաստանը Ֆրանսիայից հին երկիր է»։ Սա վրաց ժողովրդի ընտրությունն է, Մոսկվան չի խառնվում, իր հերթին նշել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները: «Մոսկվան մտադիր էլ չէ խառնվել: Բայց կարեւոր է, որ մյուս երկրները եւս չմիջամտեն Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, դա վրաց ժողովրդի ընտրությունն է», նշել է նա։

Այսպես, Վրաստանի ընտրական հանձնաժողովը վստահեցնում է, թե եղել են միայն աննշան անսարքություններ, իսկ իշխանությունները գտնում են, Վրաստանում գործընթացները կշարունակվեն սովորականի պես, ընդդիմությունն ընդհանրապես որեւէ ռեսուրս չունի որեւէ բան փոխելու համար:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որը «Վրացական երազանքի» նախընտրական շտաբի ղեկավարն է, նշել է. «Մեր հաղթանակը տպավորիչ է եւ ակնհայտ է. Էլեկտրոնային ընտրությունների եւ նախընտրական աննախադեպ իրավիճակի պայմաններում ձայների մանիպուլյացիայի մասին խոսելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։ Իհարկե, նրանց բոլոր նման փորձերը դատապարտված են ձախողման»:

Կոբախիձեն այնուհետեւ փորձել է հանդարտեցնել բորբոքած կրքերը` երկրի եվրոպական ուղու հետ կապված անհանգստությունների առիթով: Նա նշել է. «Կարծում ենք, որ ամենաուշը հաջորդ տարվա առաջին ամիսներից Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների որակական վերաբեռնում կսկսվի: «Վրացական երազանք» կուսակցության արտաքին քաղաքական առաջնահերթությունը Եվրամիությանն ինտեգրումն է։ Մենք հարաբերությունների վերաբեռնում ենք ակնկալում, եւ կարծում եմ, որ այդպես էլ կլինի։ Այս գործընթացը հատկապես ինտենսիվ կսկսվի հաջորդ տարի։ Կարծում ենք, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի ավելի շուտ, քան սկզբնապես կանխատեսվում էր։ Կարծում ենք, որ հաջորդ տարվա սկզբից Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում կլինի որակական վերաբեռնում. սա մեր գլխավոր առաջնահերթություններից մեկն է։ Մեր արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը Եվրամիությանն ինտեգրումն է։ Ուստի հարաբերությունների ներկայիս վիճակը մեզ կտրականապես դուր չի գալիս։ Կարծում ենք, որ այս ուղղությամբ առաջին նշանները շուտով ի հայտ կգան, հաջորդ տարվա առաջին ամիսներից մեր երկրի համար կարեւոր հարաբերությունների որակական վերաբեռնում կսկսվի, ինչը, ըստ իս, կարեւոր է նաեւ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի համար»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Վրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի եւ չունի դրանք հաստատելու ծրագրեր, հավելել է Կոբախիձեն։ «Մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ, մենք պարզապես վարում ենք քաղաքականությունը՝ ելնելով ազգային շահերից, սակայն արտաքին քաղաքական խաղացողների հետ մենք չունենք այնպիսի լուրջ հարաբերություններ, ինչպիսին, օրինակ, եվրաինտեգրումն է»,- ասել է նա: ՌԴ-ի հետ դիվանագիտական ամուր հարաբերություններ կառուցելու հնարավոր ծրագրերի մասին հարցին Վրաստանի վարչապետը բացասաբար է պատասխանել՝ հղում անելով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդրին։

Օրբանի աղմկահարույց այցը Թբիլիսի

Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը Թբիլիսի էր շտապել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը առաջինն էր շնորհավորել իշխանություններին՝ չսպասելով ընտրությունների արդյունքների հրապարակմանը։ Հոկտեմբերի 28-ին, երբ Թբիլիսիի Ռուսթավելիի փողոցում` Խորհրդարանի շենքի դիմաց ընդդիմությունը բողոքի ցույցն էր անցկացնում, նույն փողոցում գտնվող «Թբիլիսի Մարիոթ» հյուրանոցից դուրս գալու պահին Վիկտոր Օրբանի հետեւից հավաքված բազմությունը սուլել է, գրեթե արգելափակել էին նրա ավտոշարասյան տեղաշարժը:

«Թբիլիսի այցելող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի ներկայացնում Եվրամիությունը», հայտարարել էր դաշինքի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` Օրբանի այցից առաջ։ Նա «մեկնում է Վրաստան, հավանաբար՝ ցույց տալու իր աջակցությունը Վրաստանի կառավարությանը», – իսպանական Հանրային ռադիոյի հետ զրույցում ասել էր Բորելն ու հավելել. «Անկախ նրանից, թե ինչ կասի պարոն Օրբանն իր այցի ընթացքում, նա չի ներկայացնում Եվրամիությունը»։

Այնուհետեւ ԵՄ արտգործնախարարները քննադատեցին Օրբանի «վաղաժամ» այցը Վրաստան՝ նշելով, որ նա «չի խոսում ԵՄ-ի անունից»։ ԵՄ 13 երկրների արտաքին գործերի նախարարներ համատեղ հայտարարություն էին տարածել Վրաստանի ընտրությունների վերաբերյալ՝ նշելով, որ «պահանջում են անկողմնակալ քննություն անցկացնել բողոքների վերաբերյալ եւ շտկել արձանագրված խախտումները»։

Այսպես, մի քանի երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետը շնորհավորեցին Վրաստանի վարչապետին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով։ Կառավարության հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրակլի Կոբախիձեին «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի առիթով»՝ նշելով. «Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։ Լիահույս եմ, որ Վրաստանում Ձեր առաջնորդության առաջիկա տարիների ընթացքում եւ մեր համատեղ ջանքերի շնորհիվ անշեղորեն կզարգանա ու կընդլայնվի Հայաստանի եւ Վրաստանի փոխգործակցությունը»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւս շնորհավորական ուղերձ է հղել՝ Վրաստանի վարչապետին հրավիրելով Բաքու. «Այս քվեարկությամբ Վրաստանի քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնել զարգացմանը, կայունությանը եւ ավանդական արժեքներին։ Կարծում եմ, որ ընտրությունների արդյունքները կնպաստեն Վրաստանի համակողմանի զարգացմանն ու բարգավաճմանը»։

Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իշխող «Վրացական երազանքին» հաղթանակի կապակցությամբ, այսպիսով, առաջինն է շնորհավորել ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո՝ չսպասելով անգամ նախնական արդյունքների հրապարակմանը։ «Վրաստանի ժողովուրդը գիտի, թե որն է լավագույնը իր երկրի համար, եւ այսօր իր ձայնը լսելի դարձրեց բոլորին», նշել էր նա: Վրաստանի իշխանությունները Օրբանին անվանում են Եվրոպայում իրենց գլխավոր դաշնակիցներից մեկը։ Նրա ոչ դեմոկրատական ներքին ու Արեւմուտքի նկատմամբ թերահավատ արտաքին քաղաքականությունը դարձել է «Վրացական երազանք»-ի ոգեշնչման աղբյուր, իսկ Օրբանը «Վրացական երազանք»-ի առանցքային դաշնակիցը։

Հայաստանի կառավարության ղեկավարը, փաստորեն, որոշեց հետ չմնալ Արեւմուտքի կողմից միանշանակ չընկալվող Օրբանից, եւ շնորհավորել վրացական իշխանություններին` ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, որոնց արդյունքները ոչ Արեւմուտքն է ընդունում, ոչ վրաց հասարակության մի մասը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Կոլաժի լուսանկարները` newsgeorgia-ի

«Առավոտ» օրաթերթ, 30.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031