Լրահոս
Օրվա լրահոսը

«Ահաբեկչին թվացել էր, թե Աղասին խփված էր ու արագ ներս էր մտել դահլիճ, բայց Աղասին ինֆարկտ էր տարել». 1999 թ. հոկտեմբերի 27-ի հուշագրությունից

Հոկտեմբեր 31,2024 13:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Օրեր առաջ լույս է տեսել լրագրող, մի շարք վավերագրական ֆիլմերի հեղինակ, ԱԺ նախկին պատգամավորի օգնական Գոհար Արշակյանի «Նվիրյալը կամ անուղղելի ռոմանտիկը» գիրքը: Այն նվիրված է եղբոր՝ ԳԽ, ԱԺ պատգամավոր, մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աղասի Արամայիսի Արշակյանի հիշատակին:

Գիրքն ընդգրկում է 1988-2017թթ. ժամանակահատվածը: Կան դեպքեր, իրադարձություններ, որոնք ներկայացվել են առանձին գլուխներով: Դրանք են՝ «Զվարթնոց»-ի դեպքերի դատավարությունը»՝ 1988 թվականի հուլիսի 4-5-ին «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած դեպքերից հետո, «Օդաչուների գործը», «1996 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ նախագահի ընտրությունն ու Աղասու կալանքը», «Նաիրիտ» գիտարտադրական միավորման վերաբացման շուրջ», «Սումգայիթյան դեպքերը» (1988-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մասնակցել է Սումգայիթի մոսկովյան դատերին)…

«Առավոտի» իրավական էջը ներկայացում է հատված, որը կապված է 1999 թ. հոկտեմբերի 27-ին պատգամավորի օրագրության հետ:

«Փաստեմ Ա. Իսրայելյանի՝ «Առավոտ» օրաթերթում 1999 թ. հոկտեմբերի 28-ի գրառումը. «1999 թվականի հոկտեմբերի 27-ին 13 պատգամավոր էր հերթագրվել՝ կառավարությանը հարցեր ուղղելու համար։ Նրանցից երկուսին վարչապետը պատասխանեց։

Աղասի Արշակյան. «Պարոն վարչապետ, 40 օր առաջ ես այստեղից ձեզ մոտ 8 հարց ուղղեցի։ Ուզում եմ այսօր տեղյակ պահել, որ 6-ի վերաբերյալ, ինչի մասին այստեղ նախնական պայմանավորվածություն եղավ, որեւէ դրական տեղաշարժ չի կատարված։ Մյուսը, ցանկացած նախարարի, վայ-պաշտոնատար անձի համար կուզենայի սկզբունք լիներ, որ Աղասի Արշակյանը երբեք իր անձնական հարցերով որեւէ մեկին չի դիմում։ Դա ինձ, կարծում եմ, պատիվ բերում է, իսկ ում էլ, որ դիմում եմ՝ ավելի շատ նրան եմ պատիվ անում, որ դիմում եմ։ Պարոն Գագիկ Շահբազյան, եթե ես ձեզ 10 տարվա մեջ մի անգամ զանգահարում մի բան եմ խնդրում, բոլոր էդ ձեր նոր օրենքները՝ վայրենի լիբերալիզացումը մի կողմ դրած, պիտի լինեն նաեւ մարդկային հարաբերություններ։ Եթե 4 օր 40 աստիճանին ջուր չի ստանում Քասախ գյուղը եւ պրն Դեմիրճյանին, դաշինքի մյուս ղեկավարությանը դրա մասին ասում են եւ դուք կշտամբում եք, որ դա հանցագործություն է եւ այլն, ես այդ մարդկանց աղիողորմ խնդրանքները փոխանցում եմ, ինձ բանի տեղ չեք դնում։ Վերաբերմունքը, եթե այսպիսին է լինելու, ընդհանրապես էս ժամերին խոսափողին մոտ չեմ գա»։

Վազգեն Սարգսյան. «Եթե ես փորձեի պրն Արշակյանի հետ խոսել իր ոճով, ապա ԱԺ-ում չէր, որ պիտի խոսեի, այլ ուրիշ տեղ։ Միաժամանակ, եթե ես ի պաշտոնե պարտավոր չլինեի պրն Արշակյանին պատասխանել, իհարկե, չէի պատասխանի։ Այս ոճը ես չեմ ընդունում եւ առաջարկում եմ, որ ոճերը համապատասխանեցնենք՝ ճշտենք, թե ինչ ոճով ենք իրար հետ աշխատելու։ Նախորդ 6 հարցի վերաբերյալ կխնդրեի, որ ինձ ներկայացնեք, թե որոնք են այդ հարցերը, որ չեն կատարվել։ Ես պարտավորվում եմ հաջորդ նման հարց ու պատասխանի ժամանակ հստակ պատասխանել…»։

Պատասխան խոսքում Աղասին ասել էր, որ ուրիշ տեղ արդեն իր հետ խոսել են։ Ամբիոնի մոտ էր ֆինանսների նախարար Բարխուդարյանը, երբ դահլիճ էին ներխուժել ահաբեկիչները…

Աղասին նստարանների արանքով փորսող տալով փորձել էր աննկատ հասնել կարմիր ճեմասրահ բացվող հետեւի դռանը։

«Մտածեցի, որ կրակողների տեսադաշտում չլինեմ, անցնեմ 3,5-4 մետրը, հասնեմ դռանը։ Հրեցի, դուռը չբացվեց, մտածեցի՝ հիմա դռների արանքում ինձ պառկած պետք է խփեն։ Պառկած դիրքից արմունկի հարվածով մի կերպ բացեցի դուռն ու այդ ժամանակ լսեցի՝ քեռին հայհոյելով բղավեց՝ դուռը փակեք»,-հիշում էր Աղասին, ԱԺ սպանդից 18 տարի հետո՝ «Հանրային դիվանագիտություն» բարեգործական հասարակական կազմակերպության PARA TV-ին տված հարցազրույցում։

Ահաբեկիչներից մեկը կրակահերթ բացելով վազել էր դեպի դուռը։ Դուրս էր եկել միջանցք, մի կողմ հրել դռան մոտ ծխող Մանուկ Գասպարյանին, թե՝ դու մի կողմ կանգնի, ու կրակահերթ բացել աստիճաններից գլորվող Աղասու վրա։ Ահաբեկչին թվացել էր, թե Աղասին խփված էր ու արագ ներս էր մտել դահլիճ։

Հետո պարզվեց, որ այդ ժամանակ Աղասին ինֆարկտ էր տարել։ Երեկոյան ժամը 7-ին զանգահարել էր տուն եւ ասել, որ ինքը ողջ է:

Հոկտեմբերի 27-ի սպանդի առիթով, բազմիցս էի Աղասուն հարցնում, թե ովքե՞ր կարող են լինել կազմակերպիչները։ Որ կային կազմակերպիչներ եւ ազատության մեջ են, նա չէր կասկածում, իսկ ինչ վերաբերում էր Ռ.Քոչարյանին, ապա ասում էր, որ նա բուրգի գագաթում էր, ինչո՞ւ պետք է նման բան մտքով անցկացներ, այլ հարց է, որ ստեղծված իրավիճակը նրան եւ իշխանություններին ձեռք էր տալիս:

Զարմացած էինք, որ նման պարագայում ուժային կառույցների ղեկավարներին հեռացնելու փոխարեն նրանց պաշտոնները բարձրացրին, օրինակ՝ Ս. Սարգսյանը, որ ԱԱԾ-ի ղեկավարն էր ու պետք է հեռացվեր, փոխարենը մի այլ գերատեսչություն էլ միացվեց նրա ղեկավարած կառույցին եւ ընդլայնվեցին լիազորությունները։ Մինչդեռ հրաժարական տվեց ներքին գործերի նախարար Սուրեն Աբրահամյանը։

Աղասին պատմում էր, որ մի անգամ, երբ նոր էր ձեւավորվել երկրորդ գումարման ԱԺ-ն, Կարեն Դեմիրճյանի հետ զրուցելիս ասել էր. «Դուք ձեր շոգեքարշին կցեցիք բազում դատարկ վագոններ ու բերեցիք Ազգային ժողով…»։ Կարեն Սերոբիչը գլուխը տմտմբացնելով, համաձայնության նշան էր արել»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031