«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ԱՆԻՖ-ի դուստր «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն բաժնեմասային ներդրում էր իրականացրել «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ում։
«Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ն համակարգում է մեզ քաջ հայտնի երկու ծրագիր Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ «Ապագա ռեզորթ» հյուրանոցային համալիրը եւ «Յելլ Էքստրիմ Փարք» զվարճությունների այգին։ Այսինքն՝ պետությունը գումար է տվել հարկատուների հաշվին, որ մասնավորը բիզնես սկսի: Երկու ծրագրերը գյուղական համայնքներում տուրիստական ենթակառուցվածքների զարգացման եւ տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման հաջող օրինակ են, անշուշտ։ ԱՆԻՖ-ի եւ «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ի միջեւ համագործակցության արդյունքում կառուցվել է «Յելլ Էքստրիմ Փարք»-ի նոր՝ մոտ 2,5 կմ երկարությամբ զիփլայնը եւ սպորտային զվարճության հարթակը։ Ինչպես նաեւ ներդրումներ էին իրականացվել «Ապագա Ռեզորթ» հյուրանոցային համալիրի ենթակառուցվածքների զարգացման եւ համարային ֆոնդի ավելացման համար։ Ֆոնդի մասնակցությունը այս ծրագրում կազմել է 25% – 49%, մասնակցության չափը մեկ ծրագրում՝ 0.5 – 4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 798 մլն ՀՀ դրամ` գրեթե 2 մլն դոլար։
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ավիաընկերության՝ «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի 49 % բաժնետերն էր նաեւ։ ԱՆԻՖ-ը նաեւ ներդրումներ է արել Hard Rock սրճարանում, Fly Arna ավիաընկերությունում, Ֆոնդը նաեւ արաբական Masdar-ի հետ իրականացրել էր «Այգ-1» ծրագիրը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ձախողված ԱՆԻՖ-ը, 13 մլն դոլարի ներդրմամբ բացվելուց հետո, 5 տարի գործեց, չարդարացրեց իրեն, եւ դեռ 5 միլիոն դոլար էլ պետբյուջեից կրկին հատկացվեց, որ լուծարվի: Կարճ ասած՝ ԱՆԻՖ-ը մեր բյուջեի վրա արժեցավ 18 մլն դոլար:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։