Հատվածներ Միշել Մոնտենի «Փորձեր» գրքից
Ի ցույց դնելով եւ դատապարտելով իմ սեփական թերությունները՝ ես ինչ-որ մեկին կսովորեցնեմ խուսափել դրանցից: Իմ բնավորության հատկանիշը, որը ես առավել արժեքավոր եմ համարում, հետեւյալն է՝ ես հակված եմ ինքս ինձ ավելի շատ մեղադրել, քան գովաբանել: Ահա թե ինչու ես անընդհատ վերադառնում եմ դրան եւ կանգ եմ առնում դրա վրա: Բայց, պատմելով ինքդ քո մասին, գործում ես քո դեմ. քո ինքնախարազանմանը միշտ հաճույքով հավատում են, ինքնափառաբանմանը՝ երբեք:
Քանի որ մեր միտքն ամրանում է ուժեղ եւ պարզ մտքի հետ շփվելով, հնարավոր չէ անգամ պատկերացնել, թե որքան է նա կորցնում, որքան է գռեհկանում, երբ ամեն օր շփվում է ստոր եւ թերարժեք մտքի հետ: Դա ամենամահաբեր վարակն է: Իմ փորձից գիտեմ, թե դա ինչ արժե: Ես սիրում եմ զրույցը եւ վեճը, բայց միայն քիչ մարդկանց հետ եւ նեղ շրջապատում: Քանզի ցցվել աշխարհի ուժեղների առջեւ, ի ցույց դնել սեփական խելքը եւ պերճախոսությունը, ես համարում եմ պարկեշտ մարդուն ոչ հարիր զբաղմունք:
Ոչ մի դատողություն չի ցնցի ինձ, ոչ մի կարծիք չի վիրավորի, որքան էլ այն խորթ լինի ինձ համար: Չկա այնքան թեթեւամիտ եւ տարօրինակ քմահաճույք, որը ես միանգամայն ընդունելի չհամարեմ մարդկային մտքի համար:
Ես պատրաստ եմ լսել ցանկացած կտրուկ հանդիմանություն՝ «դու հիմար ես», «դու անհեթեթություն ես դուրս տալիս»: Ես սիրում եմ, երբ պարկեշտ մարդիկ խիզախորեն խոսում են իրար հետ, եւ նրանց խոսքն ու միտքն իրար չեն հակասում: Մենք պետք է տոկուն ու դիմացկուն ականջներ ունենանք, եւ դրանք այնքան փափկակյաց չդարձնենք, որ կարողանան լսել միայն դրվատանքի խոսքեր:
Միշել դը Մոնտենը (1533-1592) ֆրանսիացի փիլիսոփա է, գրող, քաղաքական եւ հասարակական գործիչ: Աշխատել է որպես իրավաբան, եղել է Բորդո քաղաքի քաղաքապետ: Ազատական, չափավոր հայացքների տեր էր, փորձում էր մեղմել քաղաքական եւ կրոնական հակասությունները: Իր մտքերն ամփոփել է «Փորձեր» («Էսսեներ», «Essais») գրքում, որի հատորները լույս են տեսել 1580 եւ 1582 թվականներին: Գիրքը հսկայական ազդեցություն է ունեցել բազմաթիվ գրողների վրա՝ սկսած Շեքսպիրից, վերջացրած Տոլստոյով:
Պատրաստեց եւ թարգմանեց Արամ Աբրահամյանը
Հետաքրքիր մարդ է Ձեր այս փիլիսոփան, որ թողնես, օրերով կխոսի իր համեստությունից։