Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիան թույլատրել է ռուսաստանցի դասալիքների մուտքը երկիր՝ փախստականի կարգավիճակ ստանալու նպատակով. «Ամերիկայի ձայն»

Հոկտեմբեր 30,2024 23:35

 «Ամերիկայի ձայն». Ուկրաինայի դեմ Կրեմլի լայնածավալ ագրեսիայի մեկնարկից ի վեր հազարավոր ռուսաստանցիներ, ներառյալ՝ զինվորականներ, ապաստան են խնդրել Արևմուտքում։ Թեև ապաստան ստանալու նրանց դիմումների միայն փոքր մասն է դրական արձագանք սռացել, այնուամենայնիվ Ֆրանսիան այս ամիս թույլ է տվել ռուսական բանակի մի քանի դասալիքներին մուտք գործել երկիր՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար: Պատերազմի դեմ հանդես եկող ակտիվիստները հույս ունեն, որ արևմտյան երկրների նման դիրքորոշումը կնպաստի, որ ավելի շատ ռուսաստանցի զինվորականներ թողնեն բանակը

Ալեքսանդրը, ով չի ցանկանում նշել իր ազգանունը՝ անվտանգության նկատառումներից ելնելով, ռուսական բանակի զինվորական էր: Այժմ ապրում է Ֆրանսիայի Կան քաղաքում կնոջ՝ Իրինայի հետ:

2022 թվականի հունվարին, երբ Ռուսաստանը պատրաստվում էր Ուկրաինա լայնածավալ ներխուժման, Ալեքսանդրին տեղեկացրեցին, որ իր ստորաբաժանումը տեղափոխվում է օկուպացված Ղրիմ՝ ռազմական վարժանքների: Նա հրաժարվեց մեկնել, բայց նրան ասացին, որ ընտրություն չունի:

Հետագայում նրա ստորաբաժանումը հատեց Ուկրաինայի հետ սահմանը, իսկ Ալեքսանդրին ի վերջո հաջողվեց փախչել բանակից:

«Այն ժամանակ հասկացա, որ ունեմ երկու ընտրություն՝ կա՛մ հեռանալ Ռուսաստանից, կա՛մ հայտնվել բանտում, քանի որ վերադառնալ առաջնագիծ ո՛չ ցանկանում էի, ո՛չ էլ բարոյապես պատրաստ էի»,- ասում է Ալեքսանդրը:

Ալեքսանդրն ու Իրինան փախան Ղազախստան, որտեղ կապ հաստատեցին պատերազմից փախչող այլ ռուսների հետ: Բայց ապահով չեն զգում հետխորհրդային երկրում, որտեղից կարող էին արտաքսել Ռուսաստան:

Ֆրանսիական դատարանը 2023 թվականին որոշեց, որ այն ռուսաստանցիները, ովքեր հրաժարվում են կռվել, կարող են ստանալ փախստականի կարգավիճակ: Բայց նրանց մեծ մասը չի կարողանում ուղևորվել արտերկիր՝ ապաստան ստանալու դիմում ներկայացնելու համար:

«Հատկապես ռազմական տարիքի մարդկանց կամ ակտիվ ծառայության մեջ գտնվողների համար օտարերկրյա անձնագիր ձեռք բերելը չափազանց դժվար է»,- ասում է Եվրոպական վերափոխման կենտրոնի փորձագետ Իան Բոնդը:

Ֆրանսիան այս ամիս թույլատրեց Ալեքսանդրին ու Իրինային, նաև ութ այլ ռուսաստանցիների մուտք գործել երկիր և դիմել ապաստանի համար:

Որոշումը արդյունք էր ամիսների տևած աշխատանքի և Russie-Libertes կազմակերպության նման կառույցների գործադրած ջանքերի:

Ըստ այդ կազմակերպությունների՝ դասալիքները մանրակրկիտ ստուգման են ենթարկվում, նաև հասկանալու, թե որքան է նրանց համար կարևոր հակապատերազմական դիրքորոշումը:

«Հնարավոր է՝ որոշները, մասնավորապես Արևելյան Եվրոպայում, հայտարարեն, թե ռուսները միշտ էլ ռիսկ են ներկայացնում, և մենք չպետք է խրախուսենք [նրանց գալն այստեղ]։ Սակայն կլինեն նաև այլ կարծիքներ, և ես կլինեմ այդպես մտածող մարդկանց շարքում, թե որքան շատ մարդկանց կարողանանք խրախուսել, որպեսզի հեռանան Ռուսաստանից, այնքան ակնհայտ կդառնա, որ Պուտինը մարդկային ռեսուրսի պակաս ունի»,- ասում է Բոնդը:

Ալեքսանդրն ու Իրինան YouTube-յան ալիք են հիմնել, որը նպատակ ունի աջակցել ռուսաստանցի զինվորականներին:

«Թերևս ոմանք կհետևեն այս քայլին և կթողնեն բանակը։ Արդյունքում այն կօգնի շուտ ավարտել պատերազմը»,- ասում է Իրինան:

Հստակ չէ՝ արդյո՞ք Ֆրանսիան մտադիր է թույլ տալ, որ ավելի շատ ռուսաստանցի դասալիքներ մուտք գործեն երկիր և դիմեն ապաստանի համար: Ֆրանսիայի արտգործնախարարությունը դեռ չի արձագանքել «Ամերիկայի ձայնի» հարցմանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031