Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագլուխ չունեցող Գյումրիում պաշտոնյաները հերթով հրաժարական են տալիս

Հոկտեմբեր 30,2024 23:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Բալասանյան դաշինքի» ավագանու  14 անդամների մանդատները վայր դնելուց, Գյումրու կառավարումից  հրաժարվելուց անմիջապես հետո հայեցողական պաշտոններ զբաղեցնողները՝ քաղաքապետի օգնականներ, խորհրդականներ, աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել։

Քաղաքապետարանից  հեռանալու դիմում  ներկայացրել են նաև երկու բաժնի պետեր՝ Ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետ Լյովա Սիմոնյանը և «Գյումրու բնակարանների սպասարկում» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը:

Պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել նաև Գյումրու նախկին փոխքաղաքապետ,համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը, որը Սամվել Բալասանյանի մտերիմ ընկերներից է, համայնքի ղեկավարի խորհրդական Լենա Ջիլավյանը։

Նա փորձառու ֆինանսիստ է․ իր ողջ կյանքում պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել, 1976 – 1999 թթ․ -ին դարձյալ զբաղեցրել է քաղաքի գլխավոր ֆինանսիստի պաշտոնը, եղել է Հյուսիսային էլեկտրական ցանցերի ֆինանսական հարցերով տնօրեն։ Նա աշխատանքի էր եկել Սամվել Բալասանյանի հրավերով։

Լենա Ջիլավյանը քաղաքապետարանի ամենակոլորիտային դեմքերից էր, նա ավագանու նիստերի ժամանակ իր նուրբ հումորներով կարողանում էր փոխել մթնոլորտը, հատկապես երբ որոշակի լարվածություն էր նկատում տարբեր խմբակցությունների անդամների միջև։

Ազատման դիմումներ ներկայացրել են համայնքի ղեկավարի խորհրդական Մենուա Մկրտչյանը,օգնականներ Ռոբերտ Եգորյանը, Արամ Շաբոյանը։ Շաբոյան եղբայրները քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի մտերիմներից են, եղբայրներից մեկը՝ Արման Շաբոյանը, քաղաքապետարանից հեռացել էր ավելի վաղ։

Այս պաշտոնյաների ազատման դիմում տալու մասին մեզ տեղեկացրեց համայնքի ղեկավարի մամլո քարտուղար Սոնա Առաքելյանը։ Նա ևս պաշտոնից ազատման դիմում ներկայացրել է, մեկ օրից կհեռանա քաղաքապետարանից։

Նկատենք, որ Սոնա Առաքելյանը իր աշխատանքը քաղաքապետարանում սկսեց Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամանակաշրջանից ու  կարողացավ բարձր մակարդակով կատարել իր ուսերին դրված պարտականությունները, հմտորեն շփվել լրագրողների հետ՝ դառնալով ընդունված կերպար լրագրողական աշխարհում։

Նշենք, որ բալասանյականները համարվում էին ամենահամեստ պաշտոնյաները, թեկուզ և նրա համար, որ համաձայնեցին աշխատել ցածր աշխատավարձով․ Վարդգես Սամսոնյանի աշխատավարձը բարձրացել էր  անցած տարվա դեկտեմբերին՝ 340 հազար դրամից (ներառյալ բոլոր տեսակի հարկերը՝ քաղաքապետը ստանում էր 247 հազար 800 դրամ մաքուր աշխատավարձ) դառնալով 431 հազար դրամ։

Իսկ Սամվել Բալասանյանն այն քաղաքապետն էր, որը տարիներ շարունակ հրաժարվեց իր աշխատավարձից՝ այն փոխանցելով «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին։

Ի դեպ, հիմնադրամի ֆեյսբուքյան պաշտոնական էջում ևս տեղադրված է այս տեղեկատվությունը։ Օրինակ՝ 2018 թվականի փետրվարի 8-ի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ոչ միայն քաղաքապետը, այլ քաղաքապետարանի աշխատակիցներ են գումար փոխանցում գյումրեցի անօթևանների համար բնակարանների ձեռք բերելու նպատակով։

«Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը շարունակում է իր ողջ աշխատավարձը փոխանցել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին։
Գյումրու քաղաքապետարանի և համայնքապատկան կառույցների աշխատակիցներն իրենց աշխատավարձից ամեն ամիս որոշակի տոկոս փոխանցում են հիմնադրամին»,-գրված է հիմնադրամի էջում։

Նախկին քաղաքապետն իր աշխատավարձից հրաժարվել էր նաև կորոնավիրուսի ժամանակ՝ այն փոխանցելով վարակի դեմ պայքարին։

Ինչևէ,Գյումրիում ավարտվեց նրանց երկարատև պաշտոնավարման շրջանը․ ակնհայտ է, որ նրանք հեռացան նեղացած։

Հիշեցնենք, որ նրանց հրաժարականը կապված էր Բալասանյանների ընտանիքին պատկանող «Սև Բերդ» ամրոցի շրջակա հողամասերը օտարելու ու սեփականաշնորհելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի հետ, որի շրջանակում կալանավորեցին ոչ միայն Սամվել Բալասանյանի կրտսեր որդին ու մտերիմները, այլ ԱՄՆ-ում բուժման մեջ գտնվող Սամվել Բալասանյանին ձերբակալելու ու նախաքննական մարմին ներկայացնելու որոշում կայացվեց։ Եվ սա այն դեպքում, երբ ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաներն այն նույն Սամվել Բալասանյանի մասին մամուլով դրվատանքի խոսքեր էին հնչեցնում՝ բնավ դեմ չլինելով, որ նա կրկին առաջադրեր իր թեկնածությունը 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031