Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաքննական ցուցմունքում իրեն մեղավոր ճանաչած ՊՎԾ աշխատակիցը դատարանում իր մեղքը չի ընդունում

Հոկտեմբեր 30,2024 22:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստին հրապարակվեց գործով նախկին մեղադրյալ Գեւորգ Խաչատրյանի նախաքննական ցուցմունքը, քանի որ նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում կային հակասություններ:

Հիշեցնենք, որ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել, որ նա, լինելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար, ունենալով պետությունից միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության պետի պաշտոնակատար Սամվել Ադյանի հետ նախնական համաձայնությամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ:

Նախաքննական ցուցմունքում իրեն մեղավոր ճանաչած Խաչատրյանը դատաքննական ցուցմունքում իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին՝ պնդել է, որ ինչ արել է, բարի նպատակ է հետապնդել:

Հիշեցնենք, որ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Սանասարյանը նպաստել էր իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը։

Հանրային մեղադրողը Խաչատրյանից հետաքրքրվեց՝ դատաքննության ընթացքում ներկայացրիք բազմաթիվ պատճառաբանություններ , թե ձեր ներկայացրած ՊՎԾի կողմից չափորոշիչների արդյունավետության բարձրացմանն ուղղված ինչ միջոցներ եք ձեռնարկել, ձեր նպատակներն ուղղված են եղել բարուն, ոչ թե հանցանք կատարելուն:

Նախաքննության ընթացքում բազմաթիվ անգամներ ձեզ մեղավոր եք ճանաչել 308 հոդվածի առաջին մասով , 325 հոդվածի 2-րդ մասով ու ոչ միայն մեղավոր եք ճանաչել, առերես հարցաքննության ժամանակ ձեր գործընկերոջը՝ ձեր նախկին ղեկավարին էլ հորդորել եք իրեն էլ մեղավոր ճանաչել: Ի՞նչն էր պատճառը: Ի պատասխան այս հարցի՝ Խաչատրյանն ասաց, որ օգտվելով իր իրավունքից, հարցին հրաժարվում է պատասխանել:

Մեղադրող դատախազը նկատեց, թե հասկանալի է, որ օգտվում է իր իրավունքից, բայց այն ժամանակ էլ կարող էր օգտվել այդ իրավունքից, արդար չէ ու արդարադատության շահից չի բխում, որ զրկում է այդ ամենը լսելուց ու քննարկելուց դատարանում. «Տասնյակ էջանոց ցուցմունքով հանգամանքներ եք հայտնել, բայց այսօր հրաժարվում եք այդ մասին խոսել: Դատարանին պարզաբանեք՝ նախաքննության ընթացքում ինչո՞ւմ եք ձեզ մեղավոր ճանաչել, եթե դատարանում հայտնում եք, որ բարի բան եք ուզել անել»:

Մեղադրողի այս հարցին էլ Խաչատրյանն արձագանքեց՝ իր դիրքորոշումն անփոփոխ է:

«Մեր լեռների պես,- սրամտեց նիստը նախագահող դատավորը:

Հանրային մեղադրողը շարունակեց՝ մոտ 10 անգամ ցուցմունքներ եք տվել, նկարագրել որ ամիսներ շարունակ աշխատելով ՊՎԾ-ում՝ պետական աշխատանքին զուգահեռ զբաղվել եք մասնավոր ՍՊԸ-ի շահերը ներկայացնելով, հիմա դուք ի վերջո ՊՎԾ-ում որպես պետական պաշտոնյա՞ էիք աշխատում, թե՞ առեւտրային ընկերության ներկայացուցիչ, որն այնտեղից իր շահերն էր առաջ տանում: Խաչատրյանը կրկին հրաժարվեց պատասխանել:

Խաչատրյանը հրաժարվեց մեկնաբանել նաեւ, թե ինչու է հրաժարվում պատասխանել բոլոր հարցերին:

Դատարանը որոշեց նիստը հետաձգել, բայց Խաչատրյանի հարցաքննությունը չհամարեց ավարտված: Նիստը նախագահողը կոչ արեց ծանր ու թեթեւ անել, ասաց՝ ուզում է, որ նա ընկալի, որ նախաքննական ցուցմունքը հիմք է դառել այլ անձանց մեղադրանք առաջադրելու համար եւ եկել, դատարանում այլ բովանդակության ցուցմունք է տալիս ու չի տալիս որեւէ բացատրություն՝ իրար հակասող ցուցմունքներն ինչով են պայմանավորված:

Խաչատրյանն ասաց՝ իր շահերից չի բխում հարցերին պատասխանելը: Նիստը նախագահող դատավորն էլ հարցրեց՝ ինչ կարող է տեղի ունենալ, որ ի վնաս ձեզ օգտագործվի, եթե դատարանը ձեր նկատմամբ հետապնդումը դադարեցրել է, այդ դատական ակտն էլ արդեն օրինական ուժ է ստացել: Այդ հարցն էլ մնաց անպատասխան:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031