Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինե Վարդանյան. «Փաշինյանն անգամ միջազգային ամենակարեւոր իրադարձություններին մասնակցում է թուրքերի ու ադրբեջանցիների պահանջները բավարարելու համար: Նա այլ օրակարգ ուղղակի չունի»

Հոկտեմբեր 30,2024 22:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը «Հայելի» ակումբում հայտարարեց, որ նոյեմբերի 1-ին ժամը 14:00-ից սկսած Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտից մեկնարկելու է ցույց-բողոքի ակցիա Բաքվում պահվող բոլոր գերիների անհապաղ ազատ արձակման պահանջով:

«Շատ կարեւոր է իմանալ, որ այս բողոքի ակցիան մասնիկն է ամիսներ տեւած աշխատանքների, որոնք իրականացվել են աշխարհի տարբեր երկրներում: Այո, Բաքվի բանտում  շարունակում են մնալ երկու տասնյակից ավելի հայ գերիներ: Անգամ այս թիվն էլ հարյուր տոկոսանոց վերջնական չէ: Մենք տեղյակ ենք 23 գերիների մասին եւ իրենց մասին ենք խոսում:

Բաքվում նոյեմբերի 11-ից 22-ը անցկացվելու է ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխության բավականին հեղինակավոր համաժողովը, որին աշխարհի տարբեր երկրներից պատվիրակներ են մասնակցելու: Սա, ըստ էության, Բաքվի հերթական փորձն է՝ մաքրելու իր իմիջը, ձեռքերը լվանալու այն հանցագործություններից, որ իրականացրել է, սեփական վարկանիշն ավելացնելու եւ դիրքավորվելու որպես մի երկիր, որը տարածաշրջանում ունի մեծ ազդեցություն եւ կարողանում է այդպիսի հյուրընկալություններ անել:

Այս առիթով է, որ աշխարհասփյուռ Հայ Դատի գրասենյակները, միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, գերիների հարազատները Հայ Առաքելական եկեղեցին ամիսներ շարունակ տարբեր աշխատանքներ են իրականացրել: Այդ աշխատանքները ոչ երեկ են սկսվել, ոչ այդ ցույցով են սկսվելու:

Այդ աշխատանքների թիրախի հետեւյալն է եղել. բոլոր պատվիրակներին ներկայացնել իրականությունը, ներկայացնել, թե որ երկիրն են իրենք պատրաստվում գնալ եւ որպեսզի այդ համաժողովին մասնակցելու դեպքում, իրենք, այդ պատվիրակությունները բարձրացնեն հայ գերիների հարցը, հնարավորության դեպքում այցելել նրանց, թեեւ գիտենք, որ Ադրբեջանը չի թողնում: Եվ որպեսզի այդ հարցը լինի օրակարգում, այն օրակարգ բերելով՝ ճնշում գործադրվի Ալիեւի վրա, որովհետեւ ամենաշատ լծակներ ունի Հայաստանի Հանրապետությունը: Բայց  մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը գնում է ՄԱԿ-ի ամբիոն եւ այդ հարցից չի խոսում:

Ուկրաինայի ղեկավարները, երբ որեւէ հարձակում լինում է, խոսում են իրենց երկրի իրավիճակից, իրենց երկրի առաջնահերթությունից: Իրենց հարցերն են դնում, Ռուսաստանի, Պաղեստինի ներկայացուցիչները: Բոլոր երկրների ղեկավարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները իրենց խնդիրներից են խոսում, Նիկոլ Փաշինյանը եւ մեր բարձրաստիճան պաշտոնյաները գնում ու համաժողովներում հանդիպում են Էրդողանի կամ Ալիեւի հետ: Նկատե՞լ եք, որ վերջին շրջանում երբ Նիկոլ Փաշինյանը որեւէ համաժողով է գնում, հանդիպում է կամ Էրդողանի, կամ Ալիեւի հետ: Իսկ հայ ազգի օգուտը դրանից ո՞րն է: ՄԱԿ- համաժողովում հանդիպեց Էրդողանի հետ ու չիմացանք, թե ինչ է խոսում: Նույնը՝ Կազանում: Համաժողով էր, հանդիպումներ էին, կարեւոր օրակարգեր էին քննարկում, նոր միջազգային տարադրամ են ստեղծում աշխարհում: Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ալիեւի հետ: Ի՞նչ խոսեցին, ի՞նչ պայմանավորվեցին:

Այս մարդը անգամ միջազգային ամենակարեւոր իրադարձություններին մասնակցում է թուրքերի ու ադրբեջանցիների պահանջները բավարարելու համար: Այլ օրակարգ այս մարդն ուղղակի չունի: Որքան էլ ասեն, որ իրենք զբաղվում են գերիների վերադարձի հարցով, մի պատճառ կարո՞ղ են բերել, թե ՄԱԿ-ի ամենաբարձր ամբիոնից Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ չխոսեց գերիների հարցով: Նեթանյահուն բերել էր գերիների հարազատներին: Իսրայելը հսկայածավալ ռազմական օպերացիա է ծավալել գերիներին հետ բերելու համար: Բայց միջազգային հնչեղ հարցին միջազգային հնչեղություն հաղորդելու համար, զգացական ֆոն ստեղծելու, լրացուցիչ իր քայլերը արդարացնելու համար Նեթանյահուն գերիների հարազատներին բերել-նստեցրել էր, հղում էր անում նրանց, նրանցով էր պայմանավորում ու արդարացնում իր գործողությունները:

Մի պարզ հարց կա. ՄԱԿ-ի ամբիոնից ինչո՞ւ չխոսեցին: Ալիեւն ու Էրդողանը ո՞նց են կաշկանդել Փաշինյանին, որ ամենակարեւոր հարթակում, որը հենց այսպիսի հարցերը բարձրացնելու համար է: Այսինքն, ՄԱԿ-ի ամբիոնից խոսելու կաշկանդված են, փակ բանակցություններում են խոսելո՞ւ:

Գերիների հարցով չեն զբաղվում: Ավելին, ես խորը կասկածներ ունեմ, որ իրենք ոչ միայն չեն զբաղվում, այլեւ  չեն էլ ուզում առնվազն ռազմաքաղաքական էլիտայի վերադարձը, որոնց, ինչպես Ադրբեջանը, իրենք ՝էլ համարում են իրենց վտանգ»,-ասաց պատգամավորը:

Քրիստինե Վարդանյանը ներկայացրեց նաեւ այս պայմաններում իրենց կատարած աշխատանք դրական արդյունքները: «Եվրոպական խորհրդարանի տասնյակ պատգամավորներ նամակ են հղել Եվրոպայի գործադիր իշխանությանը՝ ասելով, որ խզվի Ադրբեջանի հետ գազային պայմանագիրը, որ վերջերս էր ստորագրվել՝ հենց ներկայացնելով մարդու իրավունքների կոպիտ խախտումները, անդրադառնալով հարցին, որ գերիներ են պահվում: ԵԽ ամենախոշոր՝ «Սոցիալ-դեմոկրատական  ֆրակցիան անդրադարձել է թեմային, անգամ տեսանյութ է պատրաստել՝ ասելով, որ անթույլատրելի է COP-ի անցկացումը Բաքվում, ԱՄՆ կոնգրեսականներն են նամակներ հղել Բաքվին, միջազգային ամենահեղինակավոր պարբերականներում լուս են տեսել եւ լույս են տեսնելու հայ ռազմագերիներին առնչվող թեմատիկ հոդվածներ:

Այսինքն, տարբեր ուղղություններով ներածի չափով այս բոլոր գործողությունները արվում են: Բայց շատ կարեւոր է, որ այս ամենը հանրային առումով լինի նաեւ ներքաղաքական, հայաստանյան դաշտում: Բոլորս պետք է հասկանանք, որ բոլորս ենք գերի, քանի հայ մարդիկ գերի են Բաքվում»,-ասաց Քրիստինե Վարդանյանը

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031