Առաջին ատյանի դատարանում իմ մեղքը չի ապացուցվել, քանի որ ապացույցներ չեն ներկայացվել, չկան և չեն կարող լինել այդ ապացույցները։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Այդ գործը պահի տակ սարքվել է, որպեսզի կարողանան ինձ քաղաքական գործունեությունից ինչ-որ ձեւով մեկուսացնել։ Հետո չեն կարողացել ապացույցներ հավաքել, ապացույցների մի մասը կեղծված ու ապօրինի են, մնացածներն էլ ուղղակի գոյություն չունեն։ Որովհետեւ գոյություն չունի այն հանցակազմը, որը ստեղծեր իր հետ կապված ապացույցները: Չկա ո’չ հանրահավաք, ո’չ իրական առաջարկ, ո’չ փող: Կան խոսակցություններ, որոնք անհետևանք խոսակցություններ էին, որոնք երբևիցե չեն հատել օրենքի սահմանը։ Ցավոք սրտի, այս մթնոլորտում Վերաքննիչ դատարանը երևի չի ունեցել բավարար վճռականություն արձանագրելու, որ եթե չկան ապացույցներ, պետք է ճանաչել մեղադրյալի անմեղությունը և գործը կարճել»,- ասաց Չալաբյանը։
Նա հավելեց, որ եթե ՀՀ ներպետական ատյաններում չհասնեն արդարացման վճռին, գնալու են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան. «Մենք Վերաքննիչ դատարանում ցույց տվեցինք, որ այս գործը սարքած է՝ կեղծված ապացույցների հիման վրա, իրական ապացույցներ, որ ես խախտել եմ օրենքը, չկան այս գործում: Այս իշխանությունները պետք է հասկանան, որ իրենք չեն կարողանալու այս գործը կոծկել: Մի բան է դա անել առաջին ատյանի դատարանում, լրիվ այլ բան է, երբ գործը գնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը որոշել էր բեկանել Ավետիք Չալաբյանի գործով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ վճիռը եւ գործը կրկին ուղարկել նոր քննության առաջին ատյանի դատարան:
Կարդացեք նաև
Փաստաբան Վարազդատ Հարությունյանն էլ նկատեց, որ Վերաքննիչ դատարանը գործում եղած ապացույցների, դրանց անարժանահավատության, ոչ բավարար լինելու վերաբերյալ պաշտպանական կողմի բոլոր փաստերի ու դիրքորոշումների հետ համաձայնել է:
Մասնավորապես՝ medianews.am կայքում զետեղված ռեպորտաժի հիմքում դրված ձայնագրության անթույլատրելիության վերաբերյալ:
Փաստաբանի խոսքով՝ ոչ նախաքննական մարմինը, ոչ առաջին ատյանի դատարանը ականջալուր չի եղել իրենց հիմնավորումներին, որ դա անթույլատրելի ապացույց է:
Իսկ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ իրենց պնդումը, որ medianews-ի ամբողջ աշխատակազմը վկայի կարգավիճակով պետք է հրավիրվեր հարցաքննության՝ պարզելու ձայնագրության աղբյուրը ու քանի դա չի արվել, հնարավոր չէ պնդել, որ այդ ձայնագրությունն իրավաչափ ապացույց է:
Ըստ փաստաբանի, Վերաքննիչ դատարանը գտել է նաեւ, որ այդ կայքում զետեղված ձայնագրությունը կտրտված է ու պատառիկներով, մի մեծ զրույցի ինչ-որ մի հատված կպցված է մեկ այլ զրույցի ինչ-որ հատվածի ու չի վերարտադրում զրուցակիցների միջեւ զրույցի ամբողջ բովանդակությունը :
«Մենք պնդում էինք, որ Արման Սահակյանը զրուցակիցներից մեկը պետք է հարցաքննվեր տեսակապի միջոցով, Սահակյանը պաշտպանի միջոցով դիմել էր դատարան, հայտնել՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ տեղեկատվություն ունի, որը ցանկանում է փոխանցել վարույթ իրականացնող մարմնին: Մնացական Մարտիրոսյանը մերժեց՝ պնդելով, որ այս գործի հետ կապված մեկ այլ գործով Արման Սարգսյանն ունի մեղադրյալի կարգավիճակ: Նա կարող է օգտվել լռելու իր իրավունքից: Իսկ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, ր թե եթե Սահակյանը ցանկություն է հայտնել խոսելու, ապա ինչու է Մնացական Մարտիրոսյանը հիշել նրա լռելու իրավունքը, եթե ցանկանար լռել, ապա նման միջնորդություն չէր ներկայացնի»,-մանրամասնեց փաստաբանը:
Հոկտեմբերի 11-ին Սահմանադրական դատարանը արձանագրային որոշում է կայացրել Քրեական օրենսգրքի 236.2 հոդվածի վերաբերյալ, հենց այս հոդվածով է Չալաբյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվել:
Չալաբյանի համոզմամբ՝ ՔՕ 236-րդ հոդվածի 2-րդ մասը հակասահմանադրական է ու պետք է հայտարարվի որպես հակասահմանադրական, եւ Սահմանադրական դատարանն ԱԺ-ին պարտադրի, որպեսզի նրանք այս հոդվածի բովանդակությունը փոխեն։ Այս ընդդիմության գլխին սարքած մահակը, որը սարքել է այս «ժողովրդավարական իշխանությունը» ի վերջո պետք է վերացնել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ