Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ Արցախյան 44-օրյա պատերազմում Էջմիածնի «Քիմիկների զորամասի» պայմանագրային զինծառայողների զոհվելու, անհետ կորելու վերաբերյալ գործով որպես վկա հարցաքննվեց նախկին զինծառայող, Կապանի ռազմական ոստիկանության պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Արմեն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ինքն իր խմբով՝ ռազմական ոստիկանության ծառայողներով եւ ոստիկանության աշխատակիցներով ծառայություն է իրականացրել Կապան-Զանգելան ճանապարհահատվածում:
«Ծատայությունն իրականացրել ենք սակրավորների հետ: Հրաման ենք ունեցել՝ պաշտպանելու սակրավորներին, որպեսզի իրենք ականապատեն տարածքը՝ հակառակորդի հնարավոր առաջխաղացման դեպքում ճանապարհը փակելու համար եւ միաժամանակ, որ թույլ չտանք հակառակորդի առաջխաղացումը եւ պատահական մարդկանց անցումը դեպի Զանգելան, որտեղ արդեն թշնամին էր:
Կարդացեք նաև
Հիմա կոնկրետ օրը չեմ հիշում, բայց մեզ եկան տեղեկացրին, որ վաղը զորք է գալիս, մարտական խնդիր կա կատարելու, որ թույլատրենք, որպեսզի իրենք անցնեն մարտական խնդիրը կատարելու: Շուրջօրյա հերթապահություն էր, բաժանված էինք երեք խմբի՝ հերթապահությունն իրականացնելու համար: Ռազմական ոստիկանության իմ տղաների հետ հերթապահությունն ավարտելուց հետո եկել էինք հանգստանալու: Այդ ընթացքում, լուսադեմին, այդ զինծառայողները՝ զորքը, որ պետք է գնար մարտական խնդիր կատարելու, եկել, գնացել էր Զանգելան: Կոնկրետ իրենց անցնելու ժամանակ ես ինքս քնած եմ եղել»,-ասաց Արմեն Հովհաննիսյանը:
Վկայի խոսքով, ինքը շատ բաներ կամ չի հիշում, կամ շատ բաներից տեղյակ չի եղել: Մասնավորապես, նա ասաց, որ իրենց տեղյակ են պահել, որ զորքը պետք է գար, ավտոբուսներից իջներ եւ ոտքով շարունակեր, բայց եկել ու ավտոբուսներով են գնացել: Սակայն այլ հարցերի պատասխանելիս, նա ասում էր, որ իրենց կոնկրետ հրահանգ չի տրվել, որպեսզի արգելեն, որ մեքենաները հատեն անցակետը: Արմեն Հովհաննիսյանը նաեւ հստակ պատասխաններ չուներ մեղադրող կողմի հարցերին, թե ուղղահայաց ենթակայության ինչ դասակարգում է եղել իր եւ իրեն հրահանգներ տվող անձանց միջեւ եւ ինչ սկզբունքով է առաջնորդվել, որ իրեն հանձնարարություններ տվող մարդկանց համարել է իր վերադասը: Տպավորություն էր ստեղծվում, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ռազմական գործողությունների այդ հատվածում այն աստիճան անկազմակերպ ու խառնաշփոթ իրավիճակ է եղել, որ անգամ զորամասի 62 զինծառայողներին ծառայության են ուղարկել ռազմաճակատի այնպիսի հատված, որն արդեն գրավված է եղել թշնամու կողմից:
Ըստ հարուցված քրեական գործի՝ 2020-ի հոկտեմբերի 21-ին Կովսականում հակառակորդի հետ մարտի բռնվելու հետեւանքով «Քիմիկների զորամասի» 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23 զինծառայողի եւ 1 վարորդի գտնվելու վայրը մինչ այսօր անհայտ է: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին, Զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանին, 2020 թ.նույն զորամասի շտաբի նախկին պետ Սարգիս Կուլակչյանին եւ կապիտան Էլլադա Հարությունյանին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի 2020 թվականի հոկտեմբերի 21-ին դեպքի օրը Անդրանիկ Մակարյանը հրաման է տվել, որ Էջմիածնի «Քիմիկների զորամասի» 62 հոգանոց անձնակազմը մեկնի Կովսականի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք եւ «Սանրում» օպերացիան կատարի՝ հայտնաբերի եւ ոչնչացնի հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը։
Սակայն Մակարյանը ճիշտ չի կազմակերպել անձնակազմի ուղեկցման խնդիրը։ Նրա եւ Արսեն Աբգարյանի՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով խումբը «Կիրի հանք» հասնելու նպատակով Կովսականի շրջանի Կերեն գյուղի վարչական տարածքում տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի զինծառայողների հետ բռնվել անհավասար մարտի: Շրջափակումից կարողացել են դուրս գալ միայն 22 զինծառայող:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ