Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքը՝ թշնամու թիրախում հայտնված Սոթքում․ «70 տոկոսով կրճատվել է անասնապահությունը, հողերը ադրբեջանական դիտարկման տակ են»

Հոկտեմբեր 30,2024 17:05

Գեղարքունիքի մարզում աշխատուժը լրացվում է նաեւ արտերկրից ժամանած աշխատանքային միգրանտների միջոցով։ Թշնամու թիրախում հայտնված Սոթք համայնքում շինարարական աշխատանքներին ակտիվ մասնակցում են նաեւ Հնդկաստանի քաղաքացիները։

Մարզի պաշտոնյաները դա բացատրում են նրանով, որ աշխատուժի պակաս կա, բացի այդ, օտարազգիները համեմատաբար էժան աշխատուժ են։

Սեւակ Խաչատրյան

Սոթքի վարչական ղեկավար Սեւակ Խաչատրյանը նշում է, որ իրավիճակը գյուղում հանգիստ է, բնակիչներն իրենց գյուղատնտեսական աշխատանքներն են իրականացնում, այս օրերին իրենց կարտոֆիլի բերքն են հավաքում։

Վարչական ղեկավարն ասում է, որ վերջին շրջանում կրակոցներ չկան։ 44-օրյա պատերազմից հետո գյուղը լքել ու չի վերադարձել մոտ 100 մարդ։ Սեւակ Խաչատրյանի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում արտագաղթ չի գրանցվել։ Նախքան պատերազմը՝ գյուղն ուներ մոտ 1030 բնակիչ, այսօր Սոթքում ապրում է 920 մարդ՝ մոտ 200 տնտեսություն։

Կարեն Մկրտչյան

Ու չնայած այստեղ մարդկանց հետաքրքրող միակ հարցը անվտանգության հարցն է, բայց մարզային ու համայնքային իշխանությունները փորձում են ցրել մարդկանց մտավախությունները։ Սոթքում բուռն շինարարական աշխատանքներ են իրականացվում․ ասֆալտապատվում է գյուղի ճանապարհը, խմելու ջրի ու լուսավորության համակարգ է կառուցվել։ «Փորձում ենք Սոթքում մեծ աշխուժություն ապահովել»,- ասում է Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը։

«Միայն ասֆալտապատման աշխատանքներ չէ, որ կատարվում են, բազմաթիվ ծրագրեր են իրականացվում Սոթք բնակավայրում։ Սեպտեմբերյան ագրեսիայից հետո բազմաթիվ բնակարաններ էին վնասվել, կառավարության հետ համատեղ բոլոր բնակարանները, որոնք վերանորոգվել են կտուրները, իսկ այն բնակարանները, որոնք ամբողջովին փլուզվել էին, հիմնովին վերանորոգվել են, շուտով կհանձնվեն իրենց տերերին։ Մոտ 160 վնասված բնակարաններ կային Սոթքում, որոնցից 4-ը հիմնովին են վերանորոգվել։ Ամենամեծ ծրագրերը հատկացվել են Սոթք բնակավայրին»,- նշեց Կարեն Մկրտչյանը։

Գյուղի բնակիչները զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով, ոմանք էլ աշխատում են Սոթքի հանքավայրում ու զինծառայության են անցել։ Նախքան Սոթքի հանքավայրի մասամբ բռնազավթումը, գյուղից հանքավայրում աշխատում էր մոտ 40 մարդ, այսօր, վարչական ղեկավարի խոսքով, նրանց թիվը մոտ 20 է։

2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ թիրախավորվել էր նաեւ գյուղի դպրոցը։ Այսօր դպրոցը բնականոն գործում է, աշակերտների թիվը 130 է։

Սոթքից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը քիչ է, ասում է համայնքի վարչական ղեկավարը։ Նրա խոսքով՝ 3-4 անձի մասին է խոսքը, որոնք տարեվերջին վերադառնում են։

Գյուղի հողերի մի մասը ադրբեջանական դիտարկման տակ են։ «Վերեւի հատվածը դիտարկման տակ է՝ խոտհարքների հիմնական մասը՝ մոտ 7-8 հեկտար, բայց բնակիչները որոշակի հատվածը մշակում են»,- ասաց նա։

Սոթքում 44-օրյա պատերազմից հետո 70 տոկոսով կրճատվել է անասնապահության ծավալը։ Սեւակ Խաչատրյանի խոսքով՝ արոտավայրեր կան, բայց վտանգավոր են։ Եվ մարդիկ որոշել են ներդրումներ չանել անասնապահության ոլորտում։ «Անասնապահությունը երկարատեւ ներդրում է պահանջում, մարդիկ ասում են՝ պետք է գումար ներդնես, պահես, հետո չգիտես, թե ինչ կլինի։ Օրինակ՝ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ բոլորը էժան գնով վաճառեցին։ Այդ վտանգը մարդիկ զգում են, հիմա վտանգ չկա, բայց դրա փորձը կա, սպասում են։ Ովքեր այն ժամանակ անասնապահությամբ էին զբաղվում, հիմա անցել են հողագործությանը։ Դա երկարատեւ ներդրում չէ, մեկ տարվա ներդրում է, մինչեւ աշուն մարդիկ իրենց բերքը հավաքում են»,- հավելեց նա։

Սեպտեմբերյան ագրեսիայից տուժած որոշ բնակիչներ դժգոհ են փոխհատուցումից։ Սոթքի բնակչուհի Սուսամբարը փոքր առեւտրի կենտրոն ունի Սոթքում։ «Սնարյադը» եկավ իմ «դոմիկի» հետեւը, պայթեցրեց «դոմիկս», միջի ապրանքը, 35 տարվա մեր քրտինքը մի վայրկյանում ոչնչացրեց։ Իբր օգնություն տվեցին, իսկ ով մեծ վնաս չէր կրել, նրա տունը ոտքից գլուխ սարքեցին։ Ով քիչ վնաս էր կրել, 3 մլն ստացան, մեզ հազիվ 1 մլն տվեցին՝ ընդամենը արտաքին հարդարման համար։ Ես բողոքեցի, ինձ ասացին՝ ով բողոքում է, նրան ոչ մի բան էլ չենք տալիս»,- դժգոհեց նա։

Ռիմա Աղաջանյան

Սոթքի բնակչուհի Ռիմա Աղաջանյանի ընտանիքը եւս փոխհատուցում է ստացել սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Աջակցության շնորհիվ կարողացել են վերականգնել տունը, ասում է՝ գոհ են։ «Նաեւ դիմել ենք սահմանամերձ բնակավայրերում բնակարանի աջակցության ծրագրին, արդեն շահառու ենք, մինչեւ 16 մլն դրամի շրջանակներում Սոթքում տուն ենք կառուցելու»,- ասաց նա։ Ռիմա Աղաջանյանը հավելում է, որ չեն վախենում վտանգից, արդեն սովորել են, հարմարվել են այս պայմաններին։

Նա պատմում է՝ գյուղում տուն չկա, որը չէր տուժել սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով․ «Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12-ից կրակոցները միանգամից սկսվեցին, չէինք հասկանում , թե ինչ էր կատարվում։ Այնքան է, որ երեխեքին վերցրեցինք, դուրս եկանք գյուղից։ Սոթք վերադարձել ենք մոտ 15 օրից եւ տեսանք մեր ավերված տները։ Հետ եկանք, որովհետեւ մեր գյուղն է, մեզ ուրիշ տեղ չեն սպասում։ Հիմա էլ կրակոցներ լինում են, բայց արդեն սովորել ենք, երեկ էլ կրակոցների ձայներ լսեցինք»։

Ահարոն Խաչատրյան

Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի խոսքով՝ խոշորացված համայնքի ընդհանուր բնակիչների թիվը 38 800 է: «Աշխատատեղերի խնդիր ինչպես նախկինում ունեինք, հիմա էլ կա։ Բայց քիչ-քիչ ժողովրդի դժգոհությունը վերացնում ենք։ Եթե նախկինում մենք խմելու ջրի ու ոռոգման խնդիր ենք ունեցել, հիմա կարող եմ վստահ ասել, որ խոշորացված համայնքի 35 համայնքներում խմելու ջրի ու ոռոգման համակարգի խնդիր չունենք։ Սահմանամերձ Կուտականում, Սոթքում ասֆալտապատման, ոռոգման համակարգերի կառուցման աշխատանքներ են ընթանում։ Վարսենիս խոշորացված համայնքի բնակչությունը զբաղվում է հիմնականում անասնապահությամբ եւ գյուղատնտեսությամբ։ Ագրեսիայի հետեւանքով սկզբնական շրջանում անասնագլխաքանակը պակասեց, ժողովուրդը վախի մթնոլորտում որոշակի քանակի անասուններ վաճառեց, բայց հիմա նորից հետ են բերել եւ զբաղվում են անասնապահությամբ ու հողագործությամբ։ Փառք Աստծո, մարդիկ դուրս են եկել այդ վիճակից, ընկել են հունի մեջ։ Սահմանամերձ 4-5 գյուղերում միասին վերցված մոտ 60-70 հա արոտավայրեր դիտարկման տակ են»,- ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ մինչեւ պատերազմը Սոթքի հանքավայրում աշխատում էր մոտ 1700 մարդ, հետո աշխատակիցների թիվը կրճատվեց։ «Բայց հանուն արդարության ասեմ, որ 2023-2024 թվականներին մենք արդեն կարողացել ենք այնպես անել, որ 458 մարդ նորից վերցել են աշխատանքի։ Իրենց գլխավոր տնօրենը խոստացել է, որ ամեն ամիս 10-20 մարդ կավելացնի։ Եվ իրոք, այս ամիս արդեն 10 մարդ վերականգնել են։ Եվ ինքը խոստացել է մինչեւ դեկտեմբերի վերջ նորից 150 մարդ պետք է տեղավորի։ Ընդունում են բացարձակապես այն մարդկանց, ովքեր դուրս են մնացել, ես ցուցակ եմ տվել, ովքեր երկար տարիներ այնտեղ աշխատել են, միայն ընդունում են այդ մարդկանց՝ մեր խիստ հսկողության ներքո»,- հավելեց Ահարոն Խաչատրյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031