Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանցի ավտոմեխանիկը մեքենաների նորոգման համար անպիտան դետալներն օգտագործում է արվեստի գործեր ստեղծելու համար

Հոկտեմբեր 30,2024 17:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իջևանի հյուրանոցներից մեկի հարևանությամբ մի արհեստանոց կա, որն անհնար է չնկատել, հատկապես, երբ դուռը բաց է: Դռան առջև «կանգնած» երկաթե շնիկն ու մարդուկն էլ ողջունում ու կարծես «էստի համեցեք» են ասում:

     

Ներս մտա և հետաքրքրությունս ավելի բորբոքվեց: Դարակաշարերի վրա կողք կողքի շարված են երաժիշտներ, զինվորներ, կենդանիներ ու տարբեր մեքենաներ, բոլորն էլ պատրաստված հեղյուսներից (բոլտ), պնդօղակներից (գայկա), պտուտակներից, զսպանակներից և այլ երկաթյա իրերից, որոնք օգտագործվում են մեքենաշինության մեջ:

Պարզվեց այս ամենի հեղինակը ավտոմեխանիկ Արմեն Բադալյանն է: Նա իր ազատ ժամանակն ու մեքենաների նորոգման համար անպիտան դետալներն օգտագործում է արվեստի գործեր ստեղծելու համար: Ասում է, որ քիչ-քիչ է սարքում. վերջին աշխատանքն արել է երեք ամիս առաջ, իսկ առաջինը՝ չորս տարի առաջ: «Ազատ ժամանակ, երբ մուսաս գալիս է, սիրում եմ ստեղծագործել: Զինվորներին սարքել եմ պատերազմի ժամանակ»:

Իր աշխատանքներով ավելի շատ հետաքրքրված են զբոսաշրջիկները, քան տեղի բնակիչները: Սակայն այցելուների և հետաքրքիր դեպքերի պակաս չի ունենում: «Անցած ամռանը դրսում գործ էի անում, մեկ էլ տեսնեմ՝ երեք մեծ, բարձր մոտո էստեղ կանգնած: Ես էդպիսի մոտոներ դեռ տեսած չէի, ձայնն էլ չէի լսել: Եկան, կանգնեցին, ասում են՝ ջերմանի, ջերմանի: Հասկացա, որ Գերմանիայից են: Անգլերեն չեմ հասկանում. շարժումներով ցույց տվեցին, կոտրված հայելին բերեցին, պարզվեց, որ մոտոյի հայելին սվառկայի (հեղ. զոդման) կարիք ունի: Մեկ էլ, որ չտեսան աշխատանքներս. ասում են՝ օ՜, մաեստրո, մաեստրո: Մեկ, երկու աշխատանք գնեցին»:

Վարպետ Արմենն իր աշխատանքները գնահատում է ըստ բարդության և, թե որքան ժամանակ է տրամադրել այն պատրաստելու համար: Աշխատանքները ցուցադրելու և փառատոնների ներկայացնելու ցանկություն ունի, բայց անձամբ ներկայանալ, մասնակցել չի սիրում, համարում է, որ ինքն իր արհեստով պետք է զբաղվի:

Գեւորգ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031